Categories: Գլխավոր

«Իսկ թե ով է հանցագործ, ով է հերոս՝ ոչ Ավոն է որոշում, ոչ ես»․ Վասակ Դարբինյան

Վերջին օրերին ֆեյսբուք չէի մտել, չէի հետևել ընկերներիս գրառումներին:
Մտա, ու առաջինն ուշադրությունս գրավեց իրավապաշտպաններ Vardan Harutyunyan-ի և Avetik Ishkhanyan-ի բանավեճը, որի առանցքում Վանո Սիրադեղյանն է: Հիշատակված է նաև իմ հրատարակած գիրքը՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի», որի մեջ, ի դեպ, նաև Վարդանի ու Ավոյի հետ հարցազրույցներն են ներառված:
Ես չեմ ուզում ներքաշվել ֆեյսբուքյան այս բանավեճի մեջ, որն արդեն տասնյակ, գուցե հարյուրավոր մեկնաբանություններ է բերել, հաճախ՝ դիպուկ ու փաստարկված, երբեմն էլ՝ կանխակալ, ուղղորդված ու քարացած ընկալումների շրջանակում: Ամենացավալին այստեղ դատավորի դերն է, որը ստանձնել է Ավետիք Իշխանյանը: Նրա թիրախում Վանո Սիրադեղյանն է, և ինձ համար շատ անսպասելիորեն Ավոն նրան մեղադրանքներ է ներկայացնում ճիշտ և ճիշտ տխրահռչակ Աղվան Հովսեփյանի մակարդակով ու տրամաբանությամբ:
Ցավում եմ, որ Ավոն այս աստիճանի նսեմացնում է իրեն:
Ու նաև վիրավորական է, որ իմ գրքի մասին արտահայտվում է վերամբարձ քամահրանքով, գիրք, որի մեջ, արդեն նշեցի, նաև իր հետ հարցազրույցն է: Նա անգամ համոզմունք է հայտնում, թե գիրքս կանխակալ է, այդ իսկ պատճառով չի կարդացել այն…
Իր գործն է. կարող է նաև չկարդալ, թեև դժվար է տրամաբանել, թե շուրջ երեսուն հոգու հետ հարցազրույցները ինչպես կարող էի նենգափոխել այնքան, որ գիրքը դառնար կանխակալ…
Ինչևէ. Ավետիք Իշխանյանին առաջարկում եմ կարդալ գոնե մի քանի հատված իր հետ հարցազրույցից՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքից:

«Վանո Սիրադեղյանը կոլորիտային, ժողովրդի ջիղը զգացող, «համեմված» գործիչ էր, որն ինչ-որ իմաստով այդ չոր պայքարին ինչ-որ երանգներ էր հաղորդում: «Ղարաբաղ» կոմիտեի նիստերի ժամանակ, որի անդամ եմ եղել 88-ի օգոստոսից, լիցքաթափող հումորներով էր նաև աչքի ընկնում: Նաև հիշում եմ իր ելույթները, որ երբեմն չափից դուրս սուր ու դիպուկ բնութագրումներով էին: Մի անգամ, խորհրդային ուժի հետ հերթական առճակատումը նրան հուշել էր խորհրդային այդ հավաքական իշխանության ահա այս բնորոշումը՝ «նոմենկլատուրային բանդիտիզմ»:-Ավ. Իշխանյան. «Վանոյի հետ և առանց Վանոյի», էջ 143:

«Վ. Դ. Այսպիսի մի զուգահեռ. երբ ես հարցազրույց էի վարում Վազգեն Մանուկյանի հետ, խոստովանեց, որ շարժման ամենասկզբում իր համար Վանոն անփոխարինելի կերպար էր, ամենաշատը նրան էր հավանում: Հավելեց, որ հետագայում ինչ-ինչ պատճառներով փոխվեց վերաբերմունքը: Հավանաբար նույնը դո՞ւ կասես:

Ավ. Ի. Կարելի է ասել՝ նույնը, բայց գուցե տարբեր… Հիմա փորձեմ բացատրել: Չնայած Վազգեն Մանուկյանի հետ ազգակցական կապերին, որի հանդեպ այսպես թե այնպես առանձնահատուկ էր վերաբերմունքս, բայց եթե ժողովրդական խոսքով ասեմ, «Ղարաբաղ» կոմիտեից ես ամենաշատը սիրում էի Վանոյին»: Էջ 145-146:

«Վ. Դ. Ի՞նչ հետաքրքիր պատմություններ ես հիշում, որոնք դեռևս հրապարակված չեն ու կուզեիր պատմել:

Ավ. Ի. Նախ կուզեի պատմել, թե ինչից սկսվեց Վանոյի ու Վազգեն Մանուկյանի հակասությունը:
Այդ կարգի հակասությունները երբեմն ոչ թե գաղափարական են լինում, այլ անձնական: Վազգեն Մանուկյանն, արդեն ասացի, բավական բռնկուն կերպար էր:

Վ. Դ. Պակաս բռնկունը Վանոն չէր:

Ավ. Ի. Մի անգամ, Միշիկը՝ Վոժդը, որը թեև չէր ընդունում «Ղարաբաղ» կոմիտեին, բայց անվերապահ ընդունում էր կոմիտեից երկու հոգու՝ Վազգեն Մանուկյանին ու Սամսոն Ղազարյանին, հարբած մտել էր ՀՀՇ-ի շենք, հայհոյանքներով և այլն, ու վարչության նիստի ժամանակ էդ հարցն էր քննարկվում, Վանոն առանց չարության, կես կատակ, կես լուրջ ասաց՝ դե Վազգենը նրան մարդ սարքեց, գլխներիս փորձանք դարձավ: Ասածի մեջ չարություն չկար: Վազգենը շատ անձնական ընդունեց, բռնկվեց, ասաց. «Քեզ էլ եմ ես մարդ սարքել», Վանոն շատ խիստ վիրավորվեց, ասաց. «Դու տենց մեծամիտ ես, դրա համար էլ հաջողության չես հասնի»… Ես գտնում եմ, որ դա բավականին մեծ դեր կատարեց նրա, պայմանական ասած, Լևոն Տեր-Պետրոսյանի թևն անցնելու համար: Ես ինձ շատ վատ զգացի…»: էջ 148-149:

«Վ. Դ. Ավո, որքան հիշում եմ՝ Վանոյի հետ քո շփումները շարժման տարիներին ավելի հաճախակի էին, քան այն ժամանակ, երբ նա պետական բարձրաստիճան պաշտոնյա էր: Համենայն դեպս չեմ հիշում, որ երկուսիդ նույն տեղում տեսած լինեմ: Ինչպե՞ս ես գնահատում ՆԳ նախարարությունում նրա գործունեությունը:

Ավ. Ի. Նրա այդ շրջանի աշխատանքը տարբեր մարդիկ տարբեր կերպ են գնահատում: Ոմանք ասում են, որ նա ամեն ինչ կարգի բերեց, մինչ այդ մարդիկ վախենում էին փողոց դուրս գալ և այլն: Սա ես չափազանցված եմ համարում: Ինչո՞ւ՝ որովհետև ես միշտ մեքենա չեմ վարել և միշտ ոտքով եմ ման եկել: Ես չեմ ասում, թե հստակ, կենտրոնացված իշխանություն կար, բայց համենայն դեպս Հայաստանն այն երկիրը չէր, որ բանդաները կարողանային ազատ շրջել քաղաքում: Բան չունեմ ասելու, քիչ բան չարեց այս հարցում, բայց նրա դերը, այնուամենայնիվ, չափազանցվում է, կարծում եմ:
Նրա գործունեության մեջ մի քանի դետալ եմ հիշում… Ես չեմ ասում, թե ինչ են պատմել Շարժման տղաները, որովհետև դա կարող է սուբյեկտիվ լինել: Ամենացավալին այդ ժամանակ… իհարկե, մենք չենք վստահում մեր դատաիրավական համակարգին, բայց ի վերջո մի բան պարզվեց. որ այդ տարիներին մի շարք սպանություններ կատարել էր ոստիկանությունում գրանցված խումբ: Դա հստակ է: Անմեղության կանխավարկածը չխախտելով՝ հարց է առաջանում. արդյո՞ք այդ խումբն ինքնուրույն էր գործում… Ավելին ասեմ. երբ որ բացվեց Ներքին զորքերի այն ժամանակվա հրամանատար Վահան Հարությունյանի հրամանով Ջիլավյանի դեմ մահափորձի հետ կապված երկու հոգու սպանությունը… Իմ հիշողության մեջ Վանո Սիրադեղյանի խոսքն է, երբ ասաց. «Ես քավության նոխազ չեմ դառնալու»: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չունեմ:
Ու երբ Վանո Սիրադեղյանի մասին ասվում է՝ վտարանդի, հարց է առաջանում. վտարանդի՞, թե՞ հետախուզման մեջ գտնվող: Սրանք տարբեր բաներ են: Ու որպեսզի փարատվեն այդ կասկածները, ես նույնպես կողմ եմ, որ դրանք փարատվեն դատարանում: Որ ոչ թե մենք տարբեր ենթադրություններ անենք, այլ դատարանն ապացուցի նրա մեղավորությունը կամ անմեղությունը»: Էջ 291-292:

Հ. Գ. Կարող եմ մեջբերել նաև այլ հատվածներ… Բայց այսքանը, կարծում եմ, բավարար է: Ավետիք Իշխանյանին առաջարկում եմ իր և գրքի մնացած բոլոր «հերոսների» տեսակետներին, հուշերին, մեկնաբանություններին ու խիստ արժեքավոր պատմություններին ծանոթանալ գրքից: Իսկ թե ով է հանցագործ, ով է հերոս՝ ոչ Ավոն է որոշում, ոչ ես, ոչ էլ անգամ տխրահռչակ Աղվան Հովսեփյանը, որի խոսնակի դերում հայտնվել է հարգարժան իրավապաշտպանը:

Վասակ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից․

editors

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

11 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

15 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

15 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

15 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

16 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

16 hours ago