Դանթեական Առասպել Ավետիս Հարությունյան

Կամ՝ երկիր, որ անցյալը որպես նվիրական դի կրում է շալակին

Գյուղերի, դաշտերի, ճանապարհների, մարդկանց ու անասունների շնչի վրա ծանրանում է ամռան երաշտի, աշնան անբերրիության, ձմռան անփողության եւ գարնան անհեռանկարայնության թանձրացող մաղձը։

Քաղաքների լուսաբացների ու իրիկունների սառը լույսի մեջ սարսռելիորեն ահռելի ու անտեր վեր են հառնում տարիներ առաջ մեռած մեծ երկրի մեռած գործարանների ուրվականները։ Անցյալի բետոնակուռ ու մետաղաձույլ ուրվականների, չքավորության գույն առած կվարտալների ստորոտներում՝ գժանոցի բակում մտահոգ ու աճապարանոք զբոսնող գժերի նման հածում են զրկանքի համազգեստով մարդ արարածներ։

Այդ ուրվական֊քաղաքների ուրվական֊կվարտալների բնակիչները ապրում են որպես ուրվական֊քաղաքացիները արդեն գոյություն չունեցող մի երկրի եւ չեն ուզում հավատալ այդ երկրի չգոյությանը։ Չեն հավատում, սպասում են հրաշքի եւ հավատում են, թե այդ չեղած երկրի՝ անհոսանք, անհումք, անփող, անշուկա թողած ավերակները մի օր կաշխատեն։ Եւ ամեն մի քաղաքականացված ստահակ՝ ասպարեզ գալով իր պարտքն է համարում նյարդերի կծիկ դարձած այդ մարդկանց հոգին տակնուվրա անել՝ ամեն անգամ խաբելով, թե հնարավոր է, որ այդ ուրվականները մի օր շունչ առնեն։

Մարդիկ հավատում են։ Հետո դադարում են հավատալ։ Հետո էլի հավատում են։ Հետո դադարում են հավատալ… Այսպես՝ մի կողմից մեռնում են, մի կողմից քոչում են ընտանիքներով։ Իսկ լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաներ, որ այդ երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել։ Այդ երկրի իշխողները, աճյուններ պղծելով, վերաթաղումները վերածել են ազգային֊պետական ամենամյա ծեսի։ Վերաթաղումների ծեսը այդ երկրում այնպիսի հեթանոս թափ է առել, որ վերաթաղողներին հետը զոհ մատուցելու նման, գնդակահարում եւ թաղում են հին մեռյալների նոր գերեզմանների կողքին։ Այդ երկրում իրիկունները հեռուստացույց են նայում, թքում են էկրանին, բայց չեն անջատում, որովհետեւ հաջորդ պահին դատավարություն են ցուցադրելու, բացառված չէ՝ նաեւ թարմ սպանություն։

Այդ երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել եւ անսովորությունից ճակատամարտ շահելը շփոթել է հաղթանակի հետ ու, բնականաբար, չգիտի ինչպես վարվել այդ «հաղթանակի» հետ։ Այդ երկիրը իր հաղթական բանակը զրկել է զորապետերից, գնդակահարել ու բանտարկել է եւ էլի արյուն է ուզում, որովհետեւ ծարավը շփոթել է քաղցի զգացողության հետ։ Այդ երկրի բանակը պահում է մի հողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է։ Այդ երկիրը իրեն զրկում է վաղվա բանակից, որովհետեւ ինքն իրեն զրկում է սերունդը շարունակելու ընդունակ բնակչությունից։ Այդ երկրում ոչ թե ծնողներն են պահում երեխաներին, այլ դեռահաս աղջիկներն են (մասամբ) մի կերպ պահում ծնողներին, քույրերին ու եղբայրներին, իսկ տղաները խաղաղ զորանոցներում զոհվում են նույն չափով, որքան ռազմաճակատում պատերազմի տարիներին։

Այդ երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում է իր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից, բայց ձեռ չի քաշում իր եղերական անցյալից։ Չի մոռանում այդ անցյալը, այլ որպես նվիրական դի կրում է շալակին, որպես երկանքի քար կախել է կրծքին եւ դաժանաբար շարունակում է դնել իր սերունդների, իր երեխաների վզին։

Գրապահարան

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

14 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

14 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

15 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

15 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

15 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

15 hours ago