ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023 թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից, թե արդյոք առևտրային կցորդները ներկայացնում են հաշվետվություն, թե ինչ են արել տարվա կտրվածքով, ինչ կազմակերպությունների հետ են հանդիպումներ կազմակերպել։
Հարցին ի պատասխան՝ Քերոբյանը նշեց, որ դեսպանատներից չեն ստանում հաշվետվություններ, սակայն առևտրային կցորդներից ստանում են։
«Իրանի կցորդը ամեն ամիս է ներկայացնում, Չինաստանինը՝ երեք ամիսը մեկ, ԱՀԿ-ի ներկայացուցիչը ևս երեք ամիսը մեկ։ Ես անձամբ երեքի հետ էլ ինտենսիվ աշխատում եմ, սակայն քանի որ ցանկություն կա այս ամենը ինստիտուցիոնալ անել, մենք հատուկ կառույց ենք ստեղծել ավելի ինտենսիվ աշխատելու համար։ Դեսպանատների հետ այդ համակարգը դեռ դրված չէ, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք»,- նշել է Քերոբյանը։
«Էներգետիկ ճգնաժամի պատճառով Եվրոպայի շատ երկրների արտադրություններ այսօր մրցունակ չեն եւ ունեն երկու նպատակ՝ այլ երկրներում նոր հարթակներ ստեղծել կամ սարքավորումները վաճառել այնպիսի երկրների, որտեղ էներգետիկ ճգնաժամ չկա։ Ձեզ մոտ կա՞ նման ցանկ, դեսպաններն ու առեւտրային կցորդներն աշխատո՞ւմ են»,- փորձել է ճշտել Սուքիասյանը։ Քերոբյանը նշել է, որ հանդիպել է ՀՀ-ում համարյա բոլոր եվրոպական դեսպանների հետ եւ խնդիրը դրել նրանց առաջ, որ մենք հնարավորություններ ունենք։
«Բայց այսօր մեր հաջողությունների մեծ մասը ՌԴ-ից դուրս եկած ընկերությունների առումով է։ Եվրոպական որոշ ընկերություններ եւս ՌԴ-ից պետք է դուրս գային, եւ եկել են ՀՀ։ Ինչ վերաբերում է եվրոպական ընկերություններին, մենք ի սկզբանե դեսպաններին և նախարարներին, ում հետ որ կարողացել ենք հանդիպել, նշել ենք, որ կարող ենք դառնալ նոր հարթակ, որտեղ կարող են տեղափոխվել արդյունաբերական ընկերությունները։
Այսօր ամենամեծ խոսակցությունը Գերմանիայի հետ է, ավելին չեմ կարող ասել։ Մի քանի ցուցահանդեսի ենք մասնակցել։ Փորձում ենք ձեւավորել միջավայր, որում գերմանական արդյունաբերական ընկերությունները կկարողանան ՀՀ-ում արդյունաբերական համալիրներ ստեղծել։ Նաեւ կանաչ ջրածնի արտադրության նախագիծ ունենք, որով արեւային էներգիան փոխակերպվում է ջրածնի, այժմ որոշում ենք՝ որտեղ, ինչ բարձրության, ինչ ծավալի»,- պատասխանել է Քերոբյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ունի էներգետիկ մեծ ներուժ, եւ իրացման աշխատանքները սկսված են․ «Ունենք լավ թիմ, դրսում աշխատած հայ գիտնականներ, որոնք այդ ոլորտում ունեն բարձր կարողություններ։ Այդ նախագծով ընթանում ենք առաջ»։
Սուքիասյանը հարց է ուղղել նաև Ղրիմի կամրջի պայթյունից հետո Լարսում սքաների պակասի մասին։ «Ղրիմի կամրջի պայթյունից հետո ՌԴ-ն որոշեց սքաներ տեղադրել սահմանում, որի միջով անցնում են մեքենաները։ Լավ գիտեք, որ Լարսում այդ սարքերի քանակը քիչ է եղել եւ խնդիրներ են առաջացել։ Ի՞նչ խոստումներ կան, որ սքաներները կավելանան, որ խնդիրներ չլինեն եւ բեռնափոխադրումների հոսքն ավելանա»։ Սրան ի պատասխան՝ Քերոբյանը նշել է, որ խնդրի մասին տեղեկացրել է ՀՀ-ում գտնվող ՌԴ տնտեսական զարգացման նախարարին՝ խնդրելով այդ հարցով արագ զբաղվել, սակայն ժամկետ չի նշվել։ Քերոբյանը շեշտել է, որ այս հարցը բխում է նաև Ռուսաստանի շահերից։
Սուքիասյանը նշել է, որ Ազգային ժողովը ևս այս հարցի վերաբերյալ նամակ է ուղարկել Ռուսաստան։ Սուքիասյանը անդրադարձել է Վանաձորում գնվող «Վանաձոր քիմպրոմ»-ին, նշելով, որ այն կարելի է ուսումնասիրել և օգտագործել, որին ի պատասխան՝ Քերոբյանը նշել է, որ քիմական արդյունաբերությունը մտցվել է գերակա ոլորտների ցանկի մեջ։
Նա նշել է, որ այժմ կան մի քանի պոտենցիալ ներդրումային ծրագրեր՝ կապված «Քիմպրոմի» և «Նաիրիտի» հետ։ Նա շեշտել է, որ այս ոլորտը կարևոր է, որովհետև արդյունաբերական ամենաբարձր արտադրական ճյուղն է։
«Եղած արդյունաբերությունը, որը 30 տարի թալանվել է, մի մասն էլ պիտանի չի էլ, ի՞նչ ներուժ ու գին ունի։ Հենց «Նաիրիտից» սկսած»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Վահան Քերոբյանը պատասխանեց, որ «Նաիրիտի» վերաբերյալ ունեն մի քանի բիզնես նախագիծ․ «100-150 միլիոն եվրոյի ներդրում են դրանք պահանջում եւ պարտքի զրոյացում։ Այսինքն, եթե կա ներդրող, եւ պետությունը համաձայնի եղած պարտքերը զրոյացնել, ապա հնարավոր է վերագործարկել եւ դա կլինի եկամտաբեր բիզնես»։
Սուքիասյանը հակադարձեց․ «Ես ուրիշ հարց տվեցի։ Մեր պոտենցիալն ի՞նչ արժեք ունի։ Եթե 150 միլիոն դնում են, ինչի՞ վրա են դնում, 20 միլիոն դոլարի՞, թե՞ 500-ի»։ «Նաիրիտի» վրա»,- պատասխանեց Վահան Քերոբյանը։
«Մենք ունենք այնպիսի մի ցանկ, որում նշված են գործարանները, որոնք 90-ականներին սեփականաշնորհվել են, բայց ոչինչ այնտեղ չի արվել։ Արդյոք բանակցություններ կան նրանց սեփականատերերի հետ, քանի որ այս կառույցները լավ ենթակառացվածքներով են․ կա մոտ 100 ենթակառուցվածքով, որ ոչինչ արված չէ։ Միգուցե դառնաք մարմին, որ այս հարցը կլուծի»,- հետաքրքրվել է Սուքիասյանը։
Հարցին ի պատասխան՝ Քերոբյանը նշել է. «Մենք ունենք մոտ 510 գործարանի տվյալներ, և այժմ վեր ենք հանում բոլոր մասնավորեցման պայմանները, ինչ պարտավորություններ են ստանձնել։ Մի գյուղում կա մեծ կոնյակի և գինու գործարան, որը չի աշխատում, սեփականատերերը շահագրգռված են, ակնհայտորեն որոշակի պարտավորություններ են եղել, մենք բոլոր ուղղություններով այդպիսի աշխատանք տանում ենք»։














