ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:Հակոբ Արշակյանի խոսքով Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի իշխանությունների և ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ. Սիրիայի վերաբերմունքը որոշիչ դերակատարություն է ունեցել Ցեղասպանությունից փրկված հայերին աջակցելու հարցում:
Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Նորա Արիսյանի ջանքերը, որոնց շնորհիվ Սիրիայի դասագրքերում ներառվել է Հայոց ցեղասպանության թեման:ԱԺ փոխխոսնակը ևս մեկ անգամ աջակցության և կարեկցանքի խոսքեր է ուղղել դեսպանին և վերջին ավերիչ երկրաշարժից հետո ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին:
Հակոբ Արշակյանը դեսպանին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրադրության մասին, խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակից ու հավելել, որ նման քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները:
«Ադրբեջանը չի դադարում մաքսիմալիստական, ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանի նախագահ Ալիևն արդեն իսկ սկսել է հնչեցնել տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Նման քաղաքականության դրսևորումն են ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գործողությունները»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալն ու մանրամասնել Սյունիքի Տեղ համայնքում Ադրբեջանի հերթական ագրեսիան:
«Պետք է փաստել, որ ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են և նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին դժվարին պահերին մշտապես Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին լինելու և օժանդակելու համար: Այս համատեքստում նա ընդգծել է վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կառավարության աջակցությունը:
Նրա գնահատմամբ անցած 30 տարիների ընթացքում հայ-սիրիական հարաբերություններն ակտիվ զարգացել են թե՛ խորհրդարանական, թե՛ միջազգային հարթակներում աշխատանքի տեսանկյունից: Հակոբ Արշակյանի խնդրանքով դեսպանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմական Սիրիայում տիրող իրավիճակի ու խնդիրների մասին:
Կողմերն ընդգծել են, որ հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջև պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով և փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է օրենսդիր մարմինների գործունեությունը, պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը: