Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ նշելով. «Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որևէ փոփոխություն չլինի»:
Հիշեցնենք՝ Մոսկվայի հանդիպումից առաջ մայիսի 14-ին նախատեսված է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մոսկվայի հանդիպումը դրա տրամաբանական շարունակությունն է լինելու՝ փոխնախարարն ասել է՝ ինչ-որ տեղ տրամաբանական շարունակությունն է լինելու, բայց ամեն ֆորմատ ունի իր յուրահատկությունները:
Հիշեցնենք՝ ԵՄ հաղորդագրության համաձայն՝ հանդիպումները Բրյուսելում կընթանան եռակողմ ձևաչափով՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Բացի այդ, նրանց քննարկումները կուղեկցվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումով՝ 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովի շրջանակներում:














