1in.am-ը գրում է․
Շատերը փորձում են հերքել Հոկտեմբերի 27-ի ռուսական հետքը` պնդելով, թե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սերտ կապեր են ունեցել ռուսական էլիտայի հետ: Բավականին պարզունակ հնարք է, որովհետև Հայաստանում սկզբունքորեն չկա որևէ լուրջ քաղաքական գործիչ, ով տառապում է քաղաքական այնպիսի անհամարժեքությամբ, որպեսզի անտեսի հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը: Խնդիրն այդ հարաբերությունների որակն ու բովանդակությունն է: Կարեն Դեմիրճյանը դժբախտաբար չհասցրեց իր որակները դրսևորել արտաքին քաղաքական հարաբերություններում` չնայած մեր ավագ սերնդի ընթերցողներն հիշում են, որ նույնիսկ Սովետի տարիներին Կարեն Սերոբիչը, ի տարբերություն մյուս հանրապետությունների իր կոլեգաների, չէր քծնում Մոսկվային և «գենսեկի» հետ շփվում էր գործընկերային մակարդակում: Իսկ Վազգեն Սարգսյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հարաբերություններն այնքան գործընկերային և հորիզոնական են եղել, որ կարելի էր անգամ պատկերացնել, որ գործ ունենք ռեսուրսներով համարժեք երկու երկրների պետական պաշտոնյաների հարաբերությունների հետ: «Մենք որբ չենք, որ ով ուզի` գլուխներս խուզի»,- մի առիթով, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասել է Սպարապետը:
Մյուս կողմից` ելցինյան Ռուսաստանի հետ հնարավոր էր գործընկերություն անել, սակայն 90-ականների վերջից` հատկապես վարչապետի պաշտոնում Վլադիմիր Պուտինի նշանակումից հետո, կայսերական քաղաքականությունը դարձավ դոմինանտ Ռուսաստանի իշխանությունների համար:
Չմոռանանք հիշել մեկ այլ կարևոր հանգամանք, որ «մոռանում» են Վազգեն Սարգսյանին «ռուսամետ» համարողները: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից որոշ ժամանակ առաջ նա ԱՄՆ-ում արժանացել էր բարձ մակարդակով ընդունելության և իրազեկ աղբյուրների պնդմամբ` փոխնախագահ Գորը Հայաստանի վարչապետին էր փոխանցել մեր երկրի կոռումպացված և Ռուսաստանի էլիտայի հետ կապված պաշտոնյաների մի ցուցակ: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Վազգեն Սարգսյանը նոր թափ հաղորդեց կոռուպցիայի և տնտեսության ստվերի դեմ պայքարին, իսկ դա նույնն է, թե Հայաստանում արմատախիլ անել ռուսական ազդեցության արմատը:
Ավելին՝ 1in.am

















