Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել, գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Այս դեպքի մասին տեղեկություններ է հրապարակել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Նկատի ունենալով Նարինե Հայրապետյանի առերևույթ առևանգման դեպքի վերաբերյալ տարատեսակ շահարկումները և քաղաքականացման անհարկի դրսևորումները՝ հարկ եմ համարում որոշ հանգամանքների վրա կանգ առնել՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկատվություն հրապարակել վարույթն ավարտվելուց և վերջնական իրավական գնահատականները տրվելուց հետո։
Այսպես՝
ՀՀ քննչական կոմիտեն 2024 թ․ հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացել է Նարինե Հայրապետյանի հաղորդումը մի խումբ անձանց կողմից հունվարի 15-ին իրեն առևանգելու մասին։ Ինչպես նաև ստացվել է Ոստիկանության կողմից կազմված արձանագրություն, ըստ որի՝ Ն․ Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով։
Հաղորդման և ստացված փաստաթղթերի հիման վրա մի խումբ անձանց կողմից մարդու առևանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացվող բազմակողմանի նախաքննությամբ քննության առարկա են բոլոր վարկածները, այդ թվում՝ առևանգում կատարելու։ Եվ հանգամանքները պարզելու նպատակով շարունակվում են կատարվել բոլոր անհրաժեշտ, անհետաձգելի վարութային և քննչական գործողությունները։
Հարկ է ընդգծել, որ տուժող Նարինե Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ, սահմանված կարգով տեսաձայնագրառվել են։ Բացի այդ, տուժողը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել։
Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջարկվել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը։
Վերջինս, սակայն, կրկին հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնել էինք, որ Հայրապետյանը տեսաուղերձի միջոցով տեղեկացրել էր, որ հեռացել է Հայաստանից՝ իր կյանքին սպառնացող վտանգի և իբր ոստիկանական բռնաճնշումների պատճառով և քաղաքական ապաստան էր խնդրել:
Ավելի վաղ Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Ըստ նրա՝ այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։
Նարինե Հայրապետյանի առևանգման մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման…
Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է…
ԱՄՆ վարչակազմի հետ կապ են հաստատել «50, 60, գուցեև 70 երկրներ»՝ «հայելային» մաքսատուրքեր սահմանելու շուրջ…
ԵԽԽՎ նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե…
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք…
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում…