

Հայաստանում ով չի ծուլանում՝ հիշում է Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Ալիեւին: Նրան է վերագրվում ղարաբաղյան առաջին պատերազմում «պարտության» պատասխանատվությունը: Իրականում Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ տարածքներից վեցը Բաքուն կորցրել է Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո՝ 1993 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին:
Բայց ո՞վ է Աբուլֆազ Ալիեւ-Էլչիբեյը: Պաշտոնական կենսագրությունից հայտնի է, որ նա 1975 թվականին կալանավորվել է եւ դատվել որպես ազգայնական-պանթուրքիստ: Պատիժը կրել է Ադրբեջանում, վաղաժամկետ ազատվել եւ վերստին աշխատանքի անցել ԳԱ Պատմության ինստիտուտում: ԽՍՀՄ-ում ոչ մի ազգայնական կամ քաղաքական այլախոհ նման արտոնության չի արժանացել: Քաղբանտարկյալները պատիժը կրելուց հետո նույնիսկ հնոցապանի կամ գիշերային պահակի աշխատանք չէին ստանում: Ադրբեջանական բազմաթիվ բաց աղբյուրներ վկայում են, որ Էլչիբեյի քաղաքական կնքահայրը Հեյդար Ալիեւն է: Նրա մերձավոր շրջապատն է Ադրբեջանի ժողովրդական ճակատ շարժման առաջնորդ կարգել Էլչիբեյին:
Ալիեւի մրցակիցը Այազ Մութալիբովն էր, որ օրենքում նախագահի պաշտոնի հավակնորդի տարիքային շեմ էր սահմանել. 65 տարին լրացած անձը չէր կարող նախագահի թեկնածու առաջադրվել: 1991 թ. Հեյդար Ալիեւը 68 տարեկան էր: Այս իրավիճակում է, որ Մութալիբովի պաշտոնանկությունից հետո 1992 թ. հունիսին նախագահի թեկնածու է առաջադրվել Աբուլֆազ Ալիեւ-Էլչիբեյը: Ադրբեջանի նախկին պետական քարտուղար Լալա Շեւքեթ-Հաջիեւան վկայում է, որ Հեյդար Ալիեւի հանձնարարությամբ հանդիպել է Էլչիբեյին, եւ նա խոստացել է հարմար պահի հրաժարական տալ, իշխանությունը փոխանցել «ազգի նահապետին»: 1993 թ. հունիսի 15-ին գումարվել է Ադրբեջանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան, որն ընդունել է ԳԽ նախագահ Իսա Գամբարովի հրաժարականը եւ հենց նույն նիստում էլ նրա փոխարեն ընտրել Հեյդար Ալիեւին: Մի քանի օր անց Էլչիբեյը հրաժարական է տվել Ադրբեջանի նախագահի պաշտոնից, օրենքի համաձայն` նրա լիազորություններն անցել են Հեյդար Ալիեւին:
Պաշտոնաթող Էլչիբեյը Բաքվից հեռացել եւ հաստատվել է Նախիջեւանի Քելեքի գյուղում, որը նրա ծննդավայրն է: Ըստ էության, Էլչիբեյը կատարել է սեւ գործը. Ադրբեջանի ժողովրդական ճակատի ճնշման տակ Գերագույն խորհուրդը 1991 թ. օգոստոսի 31-ին ընդունել է ԱԴՀ իրավահաջորդություն, հոկտեմբերի 18-ին՝ «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտ, իսկ նոյեմբերի 25-ին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու մասին օրենք, հռչակել թուրքական կողմնորոշում: Ադրբեջանի սահմանադրական գործող կարգն այն է, ինչը ձեւակերպվել է այդ իրավական ակտերով: Իլհամ Ալիեւն այդ գաղափարա-քաղաքական արժեքների կրողն է: Էլչիբեյի եւ Ադրբեջանում իշխող ընտանիքի միջեւ խզում չի եղել եւ չկա: Պարզապես նրան չեն հիշում, որպեսզի «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի կերպարը չնսեմանա:
Խնդիրն այն է, թե որքա՞ն է տեւելու այդ քարոզչությունը: Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւին հաջողվելու է վերջնականապես «սրբադասել» իշխող ընտանիքին: Ադրբեջանի երկու քիչ թե շատ ազդեցիկ կուսակցությունները՝ «Մուսավաթը» եւ Ժողովրդական ճակատը, նույնպես Հեյդար Ալիեւի ստեղծածն են: Այս դիտարկումներն ի՞նչ իմաստ ունեն: Հակառակորդ երկրի հետ հարաբերություններում չպետք է լինի «զրոյական կետ»: Ադրբեջանի պետական ինքնությունն սկիզբ է առնում անցյալ դարի 50-60-ական թվականներից եւ հաջորդայնությունը խստորեն պահպանվել է: Էլչիբեյն այդ շղթայում պատահականություն չէր: 1990-ականների սկզբներին պետք էր ունենալ մի «էքսցենտրիկ» դեմք, որը Ելցինի հետ հանդիպմանը խոսեր թուրքերեն: Նա այդ դերը լավագույնս է կատարել: Նրա ուլտրա-ազգայնական «շիզոֆրենիայի» ֆոնին Մոսկվայի համար Հեյդար Ալիեւը գտածո էր: Սա է Էլչիբեյի իրական ֆենոմենը:
Վահրամ Աթանեսյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…