Հայ-ադրբեջանական հարաբերությունները տարիներ շարունակ մոդելավորվել և կառուցվել են որպես հայ-ռուսական հարաբերությունների ստվերային արդյունք, կամ, եթե ավելի ռեալիստական գնահատականով՝ Ռուսաստանի ուղիղ ներգործության, ավելին՝ կամակատարության հետևանք։
Հետադարձ հայացքով՝ տարածաշրջանային հարաբերություններում ընդհանրապես, և հայ-ադրբեջանական հարաբերություներում՝ մասնավորապես վճռորոշ է եղել Ռուսաստանի գործոնը, գերակա է եղել Ռուսաստանի շահը․ և այսպես՝ պատմական վաղ անցյալից մինչև մեր օրեր՝ ներառյալ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթը, որով դադարեցին ռազմական գործողություններն Արցախում։
Փաստացի՝ այդ եռակողմ փաստաթղթի միջոցով Ռուսաստանն ստացավ իրեն անհրաժեշտը, Ադրբեջանն ստացավ այն, ինչ կարողացավ պարտադրել, Հայաստանը մնաց դիտորդի դերում՝ փաստացի չհասնելով անգամ այն կենսական հարցերի լուծմանը, որոնք ներառված էին այդ փաստաթղթում։
Այսօրվա դրությամբ, երբ Արցախը որպես վարչատարածքային և էթնիկական միավոր այլևս գոյություն չունի՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն առոչինչ է։ Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ն հետ չի կանչում իր ստորագրությունն այդ փաստաթղթից։
Հարցի վերաբերյալ «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն»-ի նախագահ Արեգ Քոչինյանն իր դիրքորոշումը հայտնեց Թիվ 1-ին․
«Առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, դա կարող է որոշակի ապակայունացում մտցնել ընթացիկ պրոցեսների մեջ, հատկապես, հաշվի առնելով, որ պրոցեսը այս պահի դրությամբ բացառապես երկկողմ է, և ցանկացած ապակայունացում կարող է չափազանց լուրջ հետևանք ունենալ։ Սա ասելով հանդերձ` ես կարծում եմ, որ պետք է ճիշտ փորձել սա կոմունիկացնել ադրբեջանական կողմի հետ, և այնուամենայնիվ, նոյեմբերի 9-ի փաստաթղթից պետք է ՀՀ-ի ստորագրությունը հետ կանչել, որովհետև այս պահի դրությամբ դա միակ փաստաթուղթն է, որը որոշակի իրավական նախաբան է տալիս ամբողջ «միջանցքային» խոսակցություններին։
Բայց, ինչպես ես եմ հասկանում, կառավարության մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է անել դա խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո»,-նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով հավանական մտավախություններին, որոնց ազդեցությամբ իշխանությունը չի գնում փաստաթղթից ստորագրությունը հետ կանչելու քայլին՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը Թիվ 1-ի հետ զրույցում նշեց․
«Տպավորություն ունեմ, որ զինադադար հաստատելու պայմանավորվածությունը ևս ներառված է այդ հայտարարության մեջ, և դրան փոխարինող՝ զինադադարն ամրրապնդող ուղիղ փաստաթուղթ չկա, և դա կարող է շահարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից` եթե Հայաստանը հետ կանչի ստորագրությունը․ սա մտավախություն է, որը, կարծում եմ, լիովին հիմնազուրկ է․ և, այո՛, Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը։
Որևէ ռացիոնալ բացատրություն չեմ տեսնում, կան մտավախություններ, ինչ-որ տեղ նաև վախեր, որ հանկարծ ռուսները «չբարկանան», որովհետև սա անձամբ Պուտինի գրած փաստաթուղթն է։ Բայց անգամ որպես զինադադար սահմանած փաստաթուղթ՝ մտավախության որևէ հիմք չկա, քանի որ ռազմական գործողությունները տեղի էին ունենում Արցախում և Արցախի շուրջ, այնպես որ՝ դրանք հիմնազուրկ մտավախություններ են։ Հետևապես՝ մեզ այլևս ոչինչ չի պահում, և այն պետք է շատ արագ դենոնսացիայի ենթարկել»։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…