Լրահոս 24/7

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր դիրքորոշումը. հայտարարություն

Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։

Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման:

Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին:

Մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք արդար մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով և դրսևորել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից: Հասարակական կարգի պահպանության համար պատասխանատու ծառայություններից ակնկալում ենք բացառապես օրենսդրությանը խիստ համապատասխան գործելաոճ։

Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները: Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։

Ազգային մեր արժանապատվությունը, հայրենի պետության և սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը պետք չէ տեղի տան անհուսության, անհանդուրժողության և երկչոտության, թշնամանքի և ատելության առջև։

Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։

Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը և մեր ժողովրդի կյանքից ներս զորացնի սիրո, համերաշխության ու միաբանության ոգին: Ամեն:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago