Լրահոս 24/7

Թուրքիան աշխարհարհաքաղաքական դերակատարի հայտ է ներկայացնում

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը մեկնել է Բրազիլիա, որտեղ գումարվում է G 20-ի գագաթաժողովը: Այդ կարեւոր միջոցառմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի: Ավելի վաղ նա հայտարարել է, որ իր ներկայությունը կարող է խնդիրներ հարուցել:

Միջազգային քրեական դատարանն, ինչպես հայտնի է, Պուտինին մեղադրում է Ուկրաինայում «ռազմական հանցագործությունների» մեջ եւ նրա ձերբակալության օրդեր է տվել: Պուտինի փոխարեն Մեծ քսանյակի գագաթաժողովում Ռուսաստանը կներկայացնի արտաքին գործերի նախարար Լավրովը:

Բրազիլիայի ուղեւորությունից առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել է Միավորված ազգերի կազմակերպությանը, որ չունի հակամարտությունների կարգավորման անհրաժեշտ գործիքակազմ: Հայտնի է դարձել, որ Արաբական լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության երկների գագաթաժողովում Թուրքիայի նախագահն առաջարկել է Իսրայելին ՄԱԿ-ի անդամությունից զրկելու միջազգային գործընթաց սկսել:

Ուշագրավ է, որ Մեծ քսանյակի գագաթաժողովին Թուրքիայի նախագահի ելույթի հիմնական թեզիսների մասին տեղեկություն է տարածել Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով թուրք մի քանի պաշտոնյաների, որ հանդես են եկել ինքնությունը չբացահայտելու պայմանով:

Ըստ տեղեկությունների, Թուրքիայի նախագահը խոսելու է իսրայելա-պաղեստինյան կարգավորման, ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու եւ ՄԱԿ-ի բարեփոխման թեմաներով:

Ուշագրավ է, որ Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ Ռուսաստանի նախագահ Պուտինի հեռախոսազրույցից հետո ռուսաստանցի փորձագետները կարծիք են հայտնել, որ Մոսկվան կարող է Կիեւի հետ բանակցություններ սկսել այսպես կոչված «ստամբուլյան պայմանավորվածությունների» հիմքով:

Խոսքը դեռեւս 2022թ. ապրիլին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մասին է, որոնց մանրամասնությունները մնում են գաղտնի: Թուրքիայի նախագահի գրասենյակի աղբյուրները ՏԱՍՍ-ի թղթակցին ասել են, որ Մեծ քսանյակի գագաթաժողովում Էրդողանը ներկայացնելու է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու իր առաջարկությունները:

Ընդհանուր առմամբ դրանք հանգում են հետեւյալին. շփման ներկայիս գծով հաստատել հրադադար, ստեղծել բուֆերային գոտի, որտեղ կտեղաբաշխվեն միջազգային ուժեր:

Էրդողանի ծրագրի համաձայն Ուկրաինան պետք է պարտավորվի, որ առաջիկա տասը տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցելու քայլ չի անի: Որքանո՞վ է իրատեսական այդ ծրագիրը:

Ըստ էության, Թուրքիայի նախագահը գրեթե կրկնում է այն, ինչ ամերիկյան մամուլն արտահոսքի ձեւով ներկայացրել է որպես ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման «Դոնալդ Թրամփի պլան»:

Այդ գաղափարը, սակայն, Շոլց-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահի կողմից մերժվել է: Վլադիմիր Պուտինը շարունակում է պնդել, որ տարածքային ձեռքբերումները պետք է ամրագրվեն որպես իրավական իրողություն: Այդ մոտեցումը բարդացնում է Ուկրաինայի նախագահ Զելենսկիի քաղաքական դրությունը:

Ի՞նչ նկատառումներից ելնելով է Թուրքիայի նախագահը Մեծ քսանյակի առաջնորդներին ներկայացնում ռուս-ուկրաինական կարգավորման իր առաջարկությունները:

Ակնհայտ է, որ Էրդողանը նպատակ ունի հասնել աշխարհաքաղաքական նշանակության դերակատարության, որ Թուրքիայի համար ոչ միայն անվտանգության, այլեւ տնտեսական զարգացման եւ հարեւան տարածաշրջաններում ազդեցության տարածման երաշխիքներ կապահովի:

Խնդիրն այն է, թե Մեծ քսանյակի երկրները որքանով են ընդունում Էրդողանի նախաձեռնությունը եւ նկրտումները: Եւ եթե նրա մոտ դարձյալ չստացվի, ապա Թուրքիան ի՞նչ քայլերի է դիմելու: Դա շատ կարեւոր է նաեւ Հայաստանի համար:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

28 minutes ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

47 minutes ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

1 hour ago

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

2 hours ago

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

2 hours ago