Լրահոս 24/7

Թուրքիան գրոհում է նաեւ Իրաքը

«Իրաքի թուրքմենական ճակատ» կուսակցության արտահերթ համագումարում տեղի է ունեցել առաջնորդի փոփոխություն. Հասան Թուրանի հրաժարականն ընդունվել է, նրա փոխարեն ընտրվել է Մուհամեդ Սամանը: Այդ առթիվ տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի թուրքմենների ամենաազդեցիկ կուսակցության ղեկավարի փոփոխությունը գնահատվում է որպես «միասնության եւ համերաշխության դրսեւորում», որի նպատակն է «հասնել իրաքյան թուրքմենների ռազմավարական խնդրի լուծմանը»:

Թուրքմեններն Իրաքի բնակչության թվաքանակով երրորդ խումբն են՝ արաբներից եւ քրդերից հետո: Տարբեր տեղեկություններով նրանք կազմում են երկրի բնակչության 2-8 տոկոսը, բայց պատմականորեն համախմբված են: Թուրքմենների բնակության արեալը հյուսիսից սահմանակից է Իրաքի քրդական ինքնավարությանը, նրանց էթնիկ-մշակութային կենտրոնը Քիրկուկն է: Թուրքմեն բնակչությունը հարաբերական մեծամասնություն է կազմում նաեւ Մոսուլում:

Հանրապետության ստեղծման շրջանում Մուստաֆա Քեմալը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի թուրքմենաբնակ տարածքներն ընդգրկվեն Թուրքիայի կազմում, բայց Լոզանի կոնֆերանսում հաջողության չի հասել: Այդ հիշողությունը, սակայն, Թուրքիայում առկա է: Եւ ինչպես Հալեպը, Մոսուլն էլ Անկարայում դիտարկվում է որպես օսմանյան ժառանգության մաս:

«Իրաքի թուրքմենական ճակատ» կուսակցության առաջնորդի փոփոխություն տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Մերձավոր Արեւելքում ազդեցության համար իսրայելա-թուրքական մրցակցությունը բացահայտ դրսեւորումներ է ստացել, եւ Նաթանյահուն Էրդողանին բաց տեքստով մեղադրում է «հակաիսրայելական սուննի առանցք ձեւավորելու» մեջ:

Իրաքը քաղաքական եւ էթնիկ-կրոնական կազմակերպվածությամբ բարդ երկիր է, բնակչության զգալի մասը շիադավան է, իսկ թուրքմենների մեծամասնությունը սուննիական է, գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ: Թուրքմենները Սադամ Հուսեյնաի տապալումից հետո մերժել են քրդական ինքնավարության կազմում ընդգրկվելու առաջարկը եւ շարունակում են պնդել, որ Քիրկուկը պետք է լինի թուրքմենական ինքնավարության մայրաքաղաքը:

Ըստ երեւույթին, թուրքմենների «ռազմավարական նպատակը» դա է, որի ակտուալացման համար էլ տեղի է ունեցել «Իրաքի թուրքմենական ճակատ» կուսակցության առաջնորդի փոփոխություն, ինչին թուրքական մամուլը դրական է արձագանքել:

Իրաքի հետ Թուրքիայի հարաբերությունները չափազանց բարդ են: Թուրքիան այդ երկրի հյուսիսում պարբերաբար հատուկ նշանակության ռազմագործողություններ է իրականացնում՝ թիրախավորելով «Քրդական բանվորական կուսակցության» զինված կազմավորումների ճամբարները: Իրաքը Սիրիային սահմանակից է, որտեղ նույնպես զգալի թվով թուրքմեններ են բնակվում:

Եթե «Իրաքի թուրքմենական ճակատն» ակտուալացնի Քիրկուկի ինքնավարության խնդիրը, ապա կենտրոնական կառավարությունը կբախվի լրջագույն մարտահրավերի: Ընդսմին, նկատելի է, որ վերջին մեկ-երկու տարում բավական ակտիվացել են նաեւ Ադրբեջանի շփումներն Իրաքի ինչպես կենտրոնական, այնպես էլ քրդական ինքնավարության կառավարության հետ:

Էթնիկ ծագումնաբանությամբ Իրաքի թուրքմենները պատկանում են թուրքերի օղուզական խմբին, նրանց լեզուն շատ մոտ է ներկայիս Ադրբեջանի բնակչության թուրքերենին: Որոշ լեզվաբաններ նույնիսկ իրաքյան թուրքմենների խոսակցական լեզուն համարում են «ադրբեջաներենի բարբառ»: Քաղաքական ի՞նչ ազդեցություն ունի Բաքուն Իրաքի թուրքմենների նկատմամբ՝ այդ մասին հրապարակային տեղեկություններ չկան: Բայց դա չի նշանակում, թե Մերձավոր Արեւելքում թուրքմենական գործոնի ակտուալացումը Բաքվի կողմից նույնպես չի ուղղորդվում կամ Իլհամ Ալիեւն առնվազն չի աջակցում Թուրքիայի նախագահի ձեռնարկումներին:

Այսպիսով, Թուրքիան Սիրիայում հաստատվելուն զուգահեռ գրոհում է նաեւ Իրաքը՝ նպատակ ունենալով այդ երկրի թուրքմեն փոքրամասնության քաղաքական կազմակերպվածության միջոցով հասնել Քիրկուկի եւ Մոսուլի շրջանում ինքնավարության հաստատմանը: Այդ դեպքում Անկարայի ազդեցությունը ինստիտուցիոնալ բնույթ կկրի: Թուրքիան աշխարհաքաղաքական խնդիր է փորձում լուծել, նպատակն Իրանի ստեղծած «շիադավան աղեղի» խզումն է, դրա փոխարինումը «սուննի առանցքով»: Մերձավոր Արևելքում «նոր աշխարհագրություն» ստեղծելու իսրայելա-թուրքական մրցակցությունը կարող է լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ՝ շոշափելով նաեւ Հարավային Կովկասը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

7 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

7 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

13 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

14 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

14 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

14 hours ago