

Մայիսի 18 –ին, Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին անոնսավորված հեռախոսազրույցի նախօրեին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական X հարթակում գրառում է կատարել եւ հարգել 1944 թվականի այդ օրն սկսված եւ հունիսի 4-ին ավարտված՝ Ղրիմի թաթարների բռնատեղահանության զոհերի հիշատակը:
«Մեր եղբայր Ղրիմի թաթարներին իրենց հայրենիքից բռնատեղահանության 81-րդ տարելիցի օրը ես վշտով վերհիշում եմ նրանց տառապանքները: Բարձրյալի գթասրտությունն եմ հայցում բռնատեղահանության ժամանակ զոհված մեր հայրենակիցների համար»,- գրել է Թուրքիայի նախագահը եւ ամփոփել. «Թուրքիան այսուհետ եւս կպաշտպանի մեր ղրիմցի եղբայրների եւ քույրերի իրավունքները եւ մշտապես կանգնած կլինի նրանց կողքին»:
Ղրիմի թաթարները, ինչպես նաեւ թերկաղզու հայ եւ հույն բնակչության գերակշիռ մեծամասնությունը բռնատեղահանվել են ԽՍՀՄ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Իոսիֆ Ստալինի որոշմամբ, ընդամենը երեք շաբաթ տեւած հատուկ գործողությունն իրականացրել են ներքին գործերի նախարարության զորքերը:
Թուրքիան ամենատարբեր առիթներով եւ միջազգային հեղինակավոր հարթակներից նախագահ Էրդողանի մակարդակով հայտարարել է, որ Ղրիմի ռուսաստանապատկանությունը չի ճանաչում եւ մշտապես պնդել է, որ այդ հարցում պետք է հաշվի առնել թաթար բնակչության կամարտահայտությունը: Ռուսաստանին Ղրիմի բռնակցումից հետո թերակղզու թաթար բնակչության զգալի մասը տեղափոխվել է Ուկրաինա: Կիեւում նրանց շահերը ներկայացնում է «Ղրիմի թաթարների ազգային մաջլիսը», որի նախագահ Մուստաֆա Ջամիլեւն անցյալ տարի արժանացել է Ուկրաինայի հերոսի կոչման:
Մայիսի 16-ին Ստամաբուլում կայացած բանակցություններին Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորել է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Նա էթնիկ թաթար է եւ, ամենայն հավանականությամբ, գլխավոր բանագնաց է նշանակվել որպես Ղրիմի թաթարների իրավունքները խորհրդանշող ուկրաինացի պաշտոնյա:
Ուշագրավ է, որ Էրդողանը ղրիմցի եղբայրների եւ քույրերի իրավունքների պաշտպանության հանձնառությունը հրապարակայնացնում է Ուկրաինայի ռուս եւ ռուսախոս բնակչության իրավունքները վերականգնելու մասին Ռուսաստանի նախագահ Պուտինի հայտարարությունից հետո: Ուկրաինայի նախագահը մայիսի 15-ին այցելել է Անկարա, հանդիպել Էրդողանին: Նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը բանակցություններ է վարել ուկրաինացի պաշտոնակից Սիգիբայի հետ:
Բացառված չէ, որ Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության մասին Էրդողանի հայտարարությունը համաձայնեցված է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Ղրիմի թաթարները 1960-ական թվականներից պայքարում են հայրենադարձության իրավունքի իրացման համար, բայց ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ Ռուսաստանի կառավարությունը մշտապես խոչընդոտներ է հարուցում:
Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի նախագահը Ստամբուլի ռուս-ուկրաինական բանակցությունների սեղանին նոր խնդիր է դնում՝ ապահովել Ղրիմի թաթարների հայրենադարձությունը եւ նրանց քաղաքական իրավունքները: Ղրիմն Ուկրաինայի կազմում ունի ինքնավար հանրապետության կարգավիճակ, ֆորմալ առումով դա թաթարական իքնավարություն է:
Նման «մանրուքներ», իհարկե, Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում հազիվ թե քննարկվեն, բայց որքան էլ ԱՄՆ նախագահը պնդի, որ իր եւ Վլադիմիր Պուտինի պայմանավորվածությունը պատերազմին վերջ կդնի, իրականությունն այն է, որ ռուս-ուկրաինական համաձայնության շուրջ բանակցությունները կարող են մեկնարկել միայն ամիսներ հետո եւ տեւել, թերեւս, տարիներ: Թուրքիան Ղրիմի թաթարների իրավունքների հարցն օրակարգ է բերում, որպեսզի Սեւծովյան-Արեւելաեվրոպական տարածաշրջանում կայուն եւ ազդեցիկ ներկայության հիմնավորում ունենա: Ռուսաստանն ինչպե՞ս կընդունի ուկրաինական «ճաշասեղանի թուրքական մանանեխը»:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…