Գլխավոր
19.06.2020

«Մենք հավատարիմ ենք հեղափոխության սկզբունքներին ու գաղափարին». Թիվ1-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

«Մենք հավատարիմ ենք հեղափոխության  սկզբունքներին ու գաղափարին». Թիվ1-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

Ներքաղաքական զարգացումների, դատական համակարգում դեռևս չիրականացված վեթթինգի և կորոնավիրուսային համաճարակի մասին Թիվ1-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Բաբաջանյանի հետ:

Պարոն Բաբաջանյան,  վերջերս, երբ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչապետին էր ներկայացնում դատական համակարգի բարեփոխումների շուրջ  արդարադատության նախարարության արված նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես վեթթինգի հետ կապված, Դուք շատ կոշտ քննադատության արժանացրիք դրանք։ Որո՞նք են այն հիմնական տարբերությունները, որ առկա են  վեթթինգի նախնական գաղափարի  և  պարոն Բադասյանի առաջարկության մեջ:

-Այո, իմ կողմից հնչեց սուր քննադատություն այն իմաստով, որ ես հիշեցրեցի՝ 2018 թվականի թավշյա հեղափոխության հիմնական հռչակումներից ու խոստումներից մեկը եղել է երկրում արդարաության վերականգնումն ու արդարադատության հաստատումը, ինչը, իմ խորին համոզմամբ, հնարավոր չէ առանց դատավորների շրջանում համատարած վեթթինգի՝ զտման։ Իմ և Ռուստամ Բադասյանի մոտեցումների տարբերությունը, ըստ էության, հայեցակարգային է։ Արդարադատության նախարարը իր այդ մոտեցումը հիմնավորել է նրանով, որ համատարած վեթթինգ հնարավոր կլինի իրականացնել միայն Սահամանդրության փոփոխումից հետո, մինչևդեռ ես վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել գործող իրավակարգավորումների ու կառուցակարգերի շրջանակներում, իսկ եթե անհրաժեշտություն լինի՝ նաև նոր, սահմանադրական փոփոխություններ չենթադրող օրենսդրական նախագծերի ընդունմամբ։ Ես վստահ եմ, որ գոյություն ունեցող կառուցակարգերն ու ինստիտուտները բավարար չափով ու բավարար արդյունավետությամբ չեն օգտագործվում դատաիրավական բարեփոխումների իրականացման համար։ Օրինակ, նույն Բարձրագույն դատական խորհուրդն այս հարցում ունի զգալի իրավասաություններ ու լիազորություններ, որոնք, սակայն, չեն օգտագործվում, չեն իրացվում, ճիշտ հակառակը՝ իր վարքագծով ու գործելաոճով ԲԴԽ–ն կարծես դարձել է կոռումպացված ու հանցավոր դատավորների պաշտպանն ու երաշխավորը։ Եվ կարծում եմ, որ մենք շատ անելինքեր ունենք նախ այս տիրույթում, պետք է կարողանանք ԲԴԽ–ին պարտավորեցնել իրացնել իր լիազորությունները, հարուցել կարգապահական վարույթներ, կիրառել այլ գործիքներ, դատավորների շրջանում գոնե մասնակի վեթթինգի՝ զտման համար։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Արդարադատության նախարարի և իմ միջև ծավալված այդ հեռական բանավեճը տվեց իր պտուղները։ Անցած շաբաթ ես հանդիպում ունեցա Ռուստամ Բադասյանի հետ, և մենք գրեթե բոլոր հարցերում հանգեցինք լիակատար փոխըմբռնման՝ սկսած դատաիրավական բարեփոխումների հարցում ԲԴԽ–ի դերակատարությունից ու նրան համապասխան գործելաոճի դրդելու հրամայականից, վերջացրած այլ կառուցակարգերի ու իրավակարգավորումների շրջանում վեթթինգի համար պարարտ հող ստեղծելու  անհրաժեշտությունից։ Բադասյանի հետ պայմանավորվել ենք, որ մեր հանդիպումները կլինեն պարբերական և ես՝ որպես ոչ միայն ԱԺ պատգամավոր, այլ նաև որպես մեր նախաձեռնած Վեթթինգի դիմադրական շարժման ներկայացուցիչ, նրան կներկայացնեմ այդ գործընթացի իրականացման մեր պատկերացումներն ու առաջարկությունները։

-Ձեր կարծիքով այսպես կոչված զգուշավոր կամ ոչ հեղափոխական տարբերակը իշխանությունների քաղաքական կամքի բացակայության հետևա՞նք է, թէ ամեն դեպքում իշխանությունները ունեն օրենսդրական կամ հանրային լարվածությունը չսրելու կաշկանդվածություն։

-Չեմ կարող միարժեքորեն պատասխանել ձեր հարցին և հստակ նշել իշխանության քայլերի իրական դրդապատճառները, այդ հարցը թերևս պետք է ուղղել իշխանության ներկայացուցիչներին։ Բայց այո, կա տպավարություն, որ իշխանությունը բավարար քաղաքական կամք չի ցուցաբերում հեղափոխության հիմնական հռչակումներից ու կարգախոսներից մեկի իրականացման համար։ Եվ փաստարկը, որ գուցե իշխանությունը չի ցանկանում օրենսդրական լարվածություն առաջացանել, թույլ է ու խոցելի։ Չմոռնանանք՝ մենք խոսում ենք հեղափոխական իշխանության, հեղափոխության միջոցով իշխանության եկած քաղաքական ուժի մասին։ Ինչպե՞ս, եթե ոչ հեղափոխական քայլերով պետք է այդ իշխանությունն իրականացնի իր խոստումները։ Իսկ մեր երկրում գրեթե բոլոր ոլորտներում ու առավել ևս դատաիրավական համակարգում անհրաժեշտ են խորքային, արմատական, համակարգային փոփոխություններ, որոնք, այո, իրենց բնույթով պետք է լինեն հեղափոխական։ Այնպես որ, այս հարցում նահանջը կամ հապաղումը որևէ արդարացում չի կարող ունենալ, քանի որ այս իշխանությունը հասարակությունից մանդատ է ստացել նաև առաջին հերթին երկրում արդարության վերականգնման ու արդարադատության հաստատման համար և պարտավոր է իրացնել ժողովրդի կողմից իրեն պատվիրակված այդ լիազորությունը։

Քաղաքական դաշտը ծայրահեղ բևեռացված է, և կա իրական ընդդիմադիր  ուժերի վակուում, որը դուրս կլինի սևերի և սպիտակների տրամաբանությունից։ Ձեր կողմից նախաձեռնած քաղաքական ուժը  ինչպիսի՞ դերակատարում կարող է ունենալ  իշխանություններին իրական հակակշիռ  հանդիսացող առողջ քաղաքական ուժերին կամ դեմքերին կոնսոլիդացնելու հարցում:

-Այո, իրավացի եք, քաղաքական դաշտում կա լուրջ վակուում, ինչի մասին ես խոսում եմ տևական ժամանակ։ Եվ այդ վակուումը առաջին հերթին առաջացել է ներկայի ու անցյալի անպտուղ հակադրությունից, որը երկրոդական պլան է մղել ապագայի օրակարգերը, ապագայի վերաբերյալ գաղափարներն ու ծրագրերը։ Իրականում մեզ անհրաժեշտ է ինստիտուցոինալ ընդդիմություն, որը որևէ կերպ կապված չի լինի անցյալի հետ, որը հավատարիմ կլինի հեղափոխության հռչակումներին ու նպատակներին, և որը իշխանությանը կպարտադրի ապագայի օրակարգեր։ Հենց այս հարթությունում ենք մենք պատկերացնում մեր հիմնադրած նախաձեռնության՝ «Հանուն Հայաստանի» միավորման գործունեությունը։ Մենք հավատարիմ ենք հեղափոխության սկզբունքներին ու գաղափարներին, համարում ենք, որ հեղափոխությունը մեզ տվել է ավելի լավ երկիր ունենալու պատմական հնարավարություն, միևնույն ժամանակ վստահ ենք, որ առանց խորը, արմատական, համակարգային բարեփոխումների հեղափոխության հռչակումներն ու նպատակները չեն կարող իրագործվել։ Եվ մենք մեր գործունեությամբ իշխանություններին պարտադրելու ենք այդ բարփոխումների իրականացումը։ Կկատարվեն այդ բարեփոխումները գործող իշխանության կողմից, շատ լավ, հակառակ դեպքում կգան նորերը, որոնք կյանքի կկոչեն դրանք։ Մեր գործունեությամբ մենք և մյուս քաղաքական ուժերը պետք է կարողնանաք ապահովել իշխանությանը փոխզսպելու ու հակակշռելու գործառույթը, որն այսօրվա ընդդիմությունը՝ ինչպես խորհրդարնական, այնպես էլ արտախորհդարանական, գործնականում տապալել է։ Եվ այո, մենք փորձելու ենք լցնել այն վակուումը, այն ազատ տարածությունը, որի մասին դուք նշեցիք, հակառակ դեպքում այն կլցվի մարգինալ, լուսնացքային ուժերով, ինչը վտանգավոր է երկրի ու հասարակության զարգացման տեսնակյունից։

-Այս իրավիճակը զուտ նպատակահարմարության առումով կարո՞ղ է ձեռնտու լինել իշխանություններին: Ըստ ձեզ՝ իշխանությունները անում են հնարավորը, որպեսզի այս վակուումը լրացվի, թե դա, այնուամենայնիվ, իշխանությունների առաջնահերթությունների մեջ չի մտնում:

-Այս իրավիճակը իշխանություններին կարող է ձեռնտու լինել լավագույն դեպքում մարտավարական հարթությունում, երբ նախկինների հետ համամետության մեջ իրենք միշտ օբյեկտիովերն շահող են դուրս գալիս։ Սակայն ռազմավարական, հեռանկարային առումով դա չի կարող շահեկան լինել իշխանության համար, քանի որ ցանկացած իշխանության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է լուրջ, համակարգային ընդդիմություն, որն այսօր չկա։ Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք իշխանությունն անում է հնարավորը այդ վակուումը լցնելու համար, ապա, հանուն արդարության, պետք է արձանագրել, որ դա չի մտնում իշխանության գործառույթների մեջ, թեև, այո, եթե իշխանությունը մտածի երկրի երկարաժամեկտ զարգացման, քաղաքական համակարգի կայացման մասին, պետք է աջակցի նաև նման միավորների կայացմանը։ Իրականության մեջ այդ վակուումը պետք է լցնեն հին ու նոր քաղաքական միավորները, քաղաքացիական ակտիվիտսները, անհատները, թող պաթետիկ չհնչի, բայց երկրի ճակատգրով մտահոգ բոլորը։ Ակնհայտ է, որ այդ վակուումի լրացման, դրանում տեղ զբաղեցնելիք ուժերի որակից է կախված լինելու նաև Հայաստանի ապագան, որովհետև եթե իշխանությունը ներկան է, ապա ընդդիմությունը, կայացած ընդդիմությունը պետության ապագան է։ Իսկ ապագան միշտ պետք է լինի ավելի լավը, քան ներկան ու առավել ևս՝ անցյալը։

-Պարոն Բաբաջանյան,  ինչպե՞ս եք վերաբերվում վերաքննիչ դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշմանը, արդյոք այս որոշումը չի՞ կարող դրական միտումներ բերել դատական գործընթացի համար, քանի որ երկու տարի  դատարանում քննվող այս գործը վերջապես կթևակոխի փաստական դատաքննական գործընթացի փուլ:

-Այդ վճիռը, ինչպես և կարելի էր սպասել, բուռն քննարկումների առիթ է դարձել։ Բայց այդ քննարկումներում գերակշռում են Քոչարյանին ազատ արձակելու վճռի արդարացիության, գրավի չափի վերաբերյալ հարցերը՝ երկրորդ պլան մղելով շատ ավելի կարևոր ու խորքային հիմնախնդիր։ Իսկ հիմնական խնդիրն այն է, որ ինչպես մեր դատական, այնպես էլ քննչական, դատախազական մարմինները անցած երկու տարիներին ուղղակի մսխել են պետական բյուջեի միջոցները՝ դատական այս գործընթացը հասցնելով ուղղակի տապալման։ Մարտի 1–ի գործը մտել է փակուղի, դրանում որևէ տեսանելի, շոշափելի առաջընթաց չի արձանարգվում։ Ընդ որում, դա վերաբերում է նաև Հատուկ Քննչական Ծառայությունում քննվող առանձին մասով քրեական գործին՝ կապված Մարտի 1–ի բուն 10 սպանությունների անմիջական կատարողների, դրանց ճարտարապետների, հեղինակների, պատվիրատուների, ուղղակի հրաման տվողների բացահայտման հետ: Այս երկու առանցքային, կարևորագույն գործերն իրավապահ մարմինններն ու դատական համակարգը տապալել են խայտառակ կերպով, նրանք անցած երկու տարիներին ցույց են տվել աշխատանքի զրոյական արդյունավետություն, ինչի համար պետք է լինեն կոնկրետ, հասցեական պատասխանատուներ։ Ահա այս լույսի ներքո Մարտի 1–ի գործը դիտարկելիս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը դառնում է երկրորդական, երրոդական, որովհետև այնքան էլ էական չէ՝  դատավարության ընթացքում նա կգտնվի կալանավայրում, թե ազատության մեջ, կարևորը, առանցքայինը դատական գործընթացի վերջնարդյունքում հրապարակվելիք դատական ակտն է, որի՝ տեսանելի ապագայում ընդունման հեռանկար մենք ամենևին չունենք։ Իրականում, եթե անցած երկու տարիներին դատախազական ու դատավարական գործընթացներն ընթանային պատշաճ մակարդակով, և դատավարությունը մտած լիներ բուն ապացույցների, ցուցմունքների հրապարակման, վկաների հարցաքքննության փուլ, շատ հավանական է, որ Քոչարյանի խափանման միջոցի հարց ընհանրապես չրքննարկվեր՝ արդեն դատարանում ներակայցված իրողությունների ու փաստերի համատեքստում։ Բայց դատակավարական գործընացը, ինչպես վերը նշեցի, ամբողջությամբ տապալվել է, ինչը հնարավորություն է տալիս Քոչարյանի պաշտպանական խմբին ամենատարբեր իրավական, ընթացակարգային մանիպուլյացիներով ձգձգել դատավարությունը։ Այդ մարտավարությունն ակնհայտորեն կառուցված է ոչ թե իրավական, այլ քաղաքական, այդ թվում՝ աշխարհաքաղաքական հաշվարկների վրա, ինչը ընթացող դատավարությունը տեղափոխում է միանգամայն, ամենևին ոչ իրավական հարթություն։  Այսինքն՝ մենք կրկին գործ ունենք համակարգային հիմնախնդրի հետ, դատական համակարգի խայտառակ իրավիճակի հետ, որը չի կարող հանգուցալուծվել առանց արմատական բարեփոխումների, որոնց մասին ես խոսեցի հարցազրույցի սկզբում։ Ինչ վերաբերում է հարցին, թե կնպաստի արդյոք այս  վճիռը, որպեսզի դատավարությունը մտնի փաստական դատաքննական փուլ, ապա, անկեղծ ասած, այդ հարցում լավատես չեմ։ Գրեթե վստահ եմ, որ Քոչարյանի պաշտպանական թիմը շարունակելու է դատավարությունը արհեստականորեն ձգձգելու մարտավարությունը, որի հիմքում, ինչպես նշեցի, ընկած են ոչ միայն ու ոչ այնքան իրավական, որքան քաղաքական ու աշխարհաքաղաքական հաշվարկներ։ Ակնհայտ է, որ Քոչարյանի շահերից չի բխում, որպեսզի դատավարությունը մտնի առարկայական ապացույցների, վկաների հարցաքննությունների փուլ, հետևաբար նրա պաշտպանական թիմը կանի առավելագույնը դա հնարավորինս երկարաձգելու համար, ըստ ամենայնի հույսով, որ այդ ընթացքում կա՛մ ներքաղաքական կյանքում իրավիճակ կփոխվի, կա՛մ կլինեն ինչ–ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ։ Այդ առումով, ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշելու, Քոչարյանի մասնակցությամբ դատական գործը շոշափում է ոչ միայն իրավական ու ներքին հարցեր, այլ նաև աշխարհաքաղաքական շահերին ու հետաքրքրություններն առնչվող ասպեկտներ, ինչն այս գործը ինչ–որ իմաստով նաև վտանգավոր է դարձնում մեր անկախության ու ինքնիշխանության տեսնակյունից։

-Կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայի շրջանակներում Հայաստանի՝ բավականին հուսադրող և կայուն արդյունքներին հաջորդեց բավականին լարված շրջան, և այսօր մենք ականատեսն ենք առողջապահական համակարգի կրիտիկական վիճակի, որը բայց և այնպես շարունակում է դիմադրել և բազմաթիվ կյանքեր փրկել։ Ըստ ձեզ որո՞նք են  այն կարևորագույն բացթողումները, որ նպաստեցին այսօրվա պատկերն ունենալուն:

-Բացթողումներ, վստահաբար եղել են, եղել են բազմաթիվ ու բազմաբնույթ՝ սկսած կիրառված սահմանափակումների արդյունավետությունից ու հաշվարկվածությունից, մինչև դրանց կիրառման կամ վերացման ժամկետներ։ Բայց կարծում եմ, որ հիմա դրանց մասին խոսելու լավագույն ժամանակը չէ։ Այսօր մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, և բոլորիս գերխնդիրն է համավարակի՝ օր առաջ հաղթահարումը։ Դրանից հետո բացթողումների ու թերացումների մասին, բնականաբար, քննարկումներ կծավալվեն, դրանք անխուսափելի են: Վստահ եմ, եթե հաստատվի, որ այդ բաթողումները լուրջ ազդեցություն են ունեցել համավարակի դեմ պայքարի արդյունավետության վրա, կլինեն նաև կոնկրետ, հասցեական պատասխանատվության ենթրակվողներ։ Լիահույս եմ, որ դա կանի իշխանությունը, եթե ոչ, նման քննարկումներ կծավալվեն ընդդիմության կողմից։ Բայց կրկնում եմ, հիմա այդ դիսկուրսի պատեհ ժամանակը չէ, դրան կանդրադառնանք այն ժամանակ, երբ բոլորիս հավաքական ջանքերի շնորհիվ վերջնականորեն կհաղթենք համաճարակին։ Ուզում եմ հավատալ, որ դա կլինի տեսանելի ապագայում։

Հարցազրույցը՝ Էդգար Բաբայանի:

 

Լրահոս
Գյումրիի 102-րդ ռազմաբազան պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակում․  Փաշինյան
16:58
Գյումրիի 102-րդ ռազմաբազան պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակում․ Փաշինյան
SMS-ը հաղորդակցության ձև է. վարչապետ
16:11
SMS-ը հաղորդակցության ձև է. վարչապետ
Ով ես դու, որ ուզում ես վախի մեջ պահել մեր ժողովրդին. Թաթոյան
15:22
Ով ես դու, որ ուզում ես վախի մեջ պահել մեր ժողովրդին. Թաթոյան
Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին
15:05
Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին
Սահմանադրական մեծամասնություն ունենալն իրատեսական է․ վարչապետ
14:59
Սահմանադրական մեծամասնություն ունենալն իրատեսական է․ վարչապետ
Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը վերահաստատում է խաղաղության մեր ձգտումը. Հաջիև
14:58
Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը վերահաստատում է խաղաղության մեր ձգտումը. Հաջիև
Ընտրությունները աշխարհաքաղաքական համատեքստ չունեն․ Նիկոլ Փաշինյան
14:44
Ընտրությունները աշխարհաքաղաքական համատեքստ չունեն․ Նիկոլ Փաշինյան
Մարտի 1-ը Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է. Նիկոլ Փաշինյան
14:22
Մարտի 1-ը Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է. Նիկոլ Փաշինյան
Մեր երկիրը կամաց-կամաց հայաթափվում է. Սամվել Կարապետյան
14:12
Մեր երկիրը կամաց-կամաց հայաթափվում է. Սամվել Կարապետյան
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան
13:42
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան
Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում
13:22
Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում
Պետական աջակցությամբ հնարավոր կլինի ձեռք բերել մինչև 1000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի
13:19
Պետական աջակցությամբ հնարավոր կլինի ձեռք բերել մինչև 1000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի
Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է
12:40
Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է
Գծերում 600-ից ավել ավտոբուսից կա. քաղաքապետ
12:38
Գծերում 600-ից ավել ավտոբուսից կա. քաղաքապետ
Իրանը սպառնում է ԱՄԷ-ին՝ Իսրայելի հետ «դավադրության» համար
12:09
Իրանը սպառնում է ԱՄԷ-ին՝ Իսրայելի հետ «դավադրության» համար