Գրականություն
07.07.2020

Սյունե Սևադա «Կախվածություն»

Սյունե Սևադա «Կախվածություն»

Ձեզ ենք ներկայացնում հատված հայ ժամանակակից արձակագիր Սյունե Սևադայի «Կախվածություն» պատմվածքից։

Արմենին բակում միայն ես եմ «Արմեն ձյաձյա» ասում. ներքին կանոն եմ մշակել՝ ում դեմքին թրաշ կա, շպար կա, կամ թրաշը փակող շպար կա, «Դուք»-ով եմ դիմում ու ձյաձյա-ծյոծյա խառնում դիմափոշիներին ու թրաշներին, իսկ Արմենը հազվադեպ էր սափրված լինում:
Քառասունն անց իմ հարևանը թունդ վեճի է բռնվում հետս, երբ արևածաղկի բոված սերմ գնելիս խնդրում եմ ինձ «անալիից» տալ: Բացատրում է, որ ճիշտը «ալանին» է՝ հատկապես արևածաղկի դեպքում: Գիտեմ, որ սխալ է, հիշում եմ, որ «ալանին» բացարձակ այլ բան է նշանակում, անգամ փոքր-ինչ այլ գրելաձև ունի, բայց մտաբերել չեմ կարողանում: Լռում եմ, որովհետև ո՛չ թրաշ ունեմ, ո՛չ էլ, առավել ևս, շպարված եմ: Իսկ մեծերը ճիշտ երևալու զզվելի բնավորություն ունեն՝ հատկապես ծայրաստիճան սխալ լինելու ժամանակ:
Մտապահում եմ, որ գամ տուն ու երկու բառերի բացատրությունը նայեմ: Գնածս պաղպաղակն ուտելուն զուգահեռ մտապահածս էլ եմ կուլ տալիս ու մոռանում:
Ամիսներն անցնում են. բացատրական բառարանի փոշու վրա իմ մատնահետքերն այդպես էլ չեն հայտնվում: Բայց մի օր մատնահետքերս մնում են դռան վրա, երբ վաղ առավոտյան բացում եմ  այն՝ անհամբեր թակոցներից վախեցած:
-Պա…պադ ո՞ւր ա,-հարցնում է մեր դիմացի հարևանը:
Ստիպված չեմ լինում պապային կանչել.
-Էդմո՞ն, ինչի՞ ես սպիտակել: Էս ի՞նչ ձեն ա պադյեզդում:
Խլացած կանացի ոռնոց եմ լսում: Վերևի հարկերից:
-Արմենը: Կախվել ա:
Նայում են ինձ: Հիշում, որ ես թրաշ չունեմ: Հասկանում են, որ հենց նոր ճիշտ դեմքով սխալ գործեցին՝ մոռանալով, որ ֆիլմերում նման դեպքերում երեխային շատ արհեստականորեն սենյակ են ուղարկում: Մոռացան անգամ ֆիլմերի բաց տեսարանները, ու ինձ գոնե խոհանոց չուղարկեցին՝ ջուր բերելու: Արագ փակում են դուռը, որ ոռնոցը չլսեմ: Իսկ ես արդեն մտովի գուշակում եմ՝ տվյալ ձայնը դաշնամուրի վրա որ օկտավաներում կարելի է վերարտադրել մաժոր ստեղներով: Ես Օֆիկ տատիկի ցավը դարձնում եմ երաժշտություն ու մտովի սկսում նվագել: Ձեռքս գրպանումս դրած՝ ստեղների մոտավոր կոմբինացիան եմ հավաքում, որ ոստիկանական մեքենայի ազդանշանի նմանվող ոռնոցը ստանամ: Դաշնամուրով կառուցեմ, որ հետո երգեմ, որովհետև ես վոկալիստ եմ: Բա Արմե՞նն ով էր: Գիտեինք, որ խաղում էր: Գիտեինք, որ շուն էր պահում, բայց սատկեց: Գիտեինք, որ մեր բակի հանդեսների բեմը միշտ ինքն էր սարքում: Ձայնը բարձրանում է: Հարևանները խառնվում են իրար: Ոտնաձայներ են լսվում, որոնք երաժշտությանս մեջ ֆալշ նոտաներ են: Լարվում եմ: Բացարձակ լսողություն ունեմ, պիտի մաքուր նվագեմ ու երգեմ՝ հատկապես ցավի մասին:

Տեմպս կորցնում եմ: Երաժշտությունս թաղում են խառնաշփոթի մեջ:

Իմ ներքին երգչախմբի ձեռքերը թուլանում են:

Նվագախումբս գործիքները մի կողմ է դնում:

Բեմի լույսերը մարում են: Համերգս վարի գնաց: էսօր ամեն ինչ վարի ա գնում:
Կինոման պապան հիշում է ֆիլմերը, աչքերով նշան անում, որ գնամ: Մտնում եմ սենյակ: Վերցնում բացատրական բառարանը:
Անալի-ածական, աղից զուրկ կամ աղը պակաս:
Ալանու-գոյական, կորիզը հանած դեղձաչիր՝ մեջը ծեծած շաքարախառն ընկույզ լցրած ու տափակացրած:
Արմենը կախվել ա: Կախվել ա անալի՝ անհամ, անաղ:
Դպրոց գնալուց առաջ թեյ եմ խմում՝ մեծ բաժակի մեջ խառնելով փոքրությունս, անթրաշությունս, անշպարությունս:
Արմենը կախվել ա: Ու ես հիշում եմ՝ ինչպես էր մեր ուսուցիչը պատմում, որ մարդիկ կախվելիս միզում են, դրա համար իրենց տակ միշտ «ջուր» կա: Մտածում եմ, որ բառարանի էջերը եթե ճղեին ու լցնեին գետնին, մեզալիճը կչորանար: Ափսոս, բացատրական բառարանով պարան կտրել չի լինի:
Արմենը կախվել ա, ու մի քանի օր հետո ժամը երկուսին տնից դուրս գալ չի ստացվի: Մարդիկ դուրս են գալու բակ: Իսկ Արմենին բակ են հանելու: Մարդիկ նստելու են, իսկ Արմենին դնելու են սեղանին: Մարդիկ թաղվելու են ցավի, իսկ Արմենը ՝ հողի մեջ: Ու դեռ երկար ժամանակ պատուհանին կապած պարաններին նայելիս Օֆիկ տատիկը լվացքը ներս է տանելու՝ փռելով որտեղ պատահի:
Ես դպրոց եմ գնում:

Հետո շաբլոն քայլի եմ դիմում.մեծանում եմ:

Կյանքից կախվածության մեջ եմ.երազանքներիս պարանը գցել եմ կյանքի վզից ու ճոճվում եմ: «Կախվածություն» բառը միմիայն ուղիղ իմաստով եմ հասկանում ու թքած ունեմ բոլոր բացատրական բառարանների վրա: Ես ճոճվում եմ ու երազում, ճոճքիս տեմպը չեմ կորցնում ու փորձում եմ մտովի բաս կիթառի սոլո ավելացնել: Հետո,  երբ հոգնում եմ երազանքներս տարուբերելուց,  հայտնվում եմ կյանքիս գրկում ու սկսում սեր մուրալ. ականջներն եմ կծում, ճակատին դհոլ եմ խփում, ականջի տակ երգում եմ ու փորձում գերել աչքերի խորաթափանց արտահայտությամբ: Ջանում եմ սիրուն տառապել, արտիստիկ զռռալ սենյակով մեկ՝  հերթական տխմարին անպատասխան սիրահարվելուց հետո: Հայելու առաջ եմ լացում, որ եթե առիթ ունենամ հասարակական վայրում սիրուց տոչորվելու, էսթետիկորեն տառապեմ:

Մինչև կյանքս ինձ սեր չխոստովանի, հենման կետ չեմ գտնի ու ա՛յ էսպես էլ ճոճորվող կմնամ: Կգա մի օր, ու ես կհասկանամ, որ հենման կետ չեն գտնում, հենման կետ ստեղծում են, որ պարանից կապած երազանքներդ ամրացնում են հենման կետին, որ նպատակ դառնան ու հետո իրագործվեն: Բայց այդքանը հասկանալու համար դեռ բավականաչափ չեմ մեծացել. առայժմ չի ստացվում ճիշտ դեմքի արտահայտությամբ սխալներ անել, դեռևս ապուշի դեմքով եմ սխալներ անում: Ու դեռևս երազանքներ միայն ճոճում եմ, ոչ թե իրագործում:

-Իդա՛, իսկ դու երազանք ճոճո՞ղ ես, թե՞ կյանքի կոչող,-հարցնում եմ ես՝ թեյը մատիս կաթեցնելով ու լեզվով մաքրելով:

-Չգիտեմ, եթե հաշվենք, որ վերջապես կարողացա ուզածս տարածքում տուն գտնել, երևի  կատարող եմ:

-Ուզածդ համալսարանում էլ բացարձակ սթափ վիճակով ֆակուլտետ ընտրեցիր: Տեսանք՝ ինչ եղավ:

-Հա՛, տեսանք, ուսանողական ֆորումներից մեկում հետդ ծանոթացա, պարզվեց՝ դիմացի շենքում ես սովորում:

-Ինչպես տեսնում ես՝ հաստատ այլ իրավիճակներում էլ հնարավորություն ունեինք ծանոթանալու:

-Հա՛, բայց էդպես ավելի երկար կտևեր: Իսկ հիմա ընդամենը երկու ամիս ա անցել, ու ես արդեն հետդ թեյում եմ ու պարզում, որ բաժակների մեջ թեյ լցնել չգիտես:

– Լավատե՞ս ես, թե՞ ձև ես բռնել:

-Չէ՛, սխալ ընտրած մասնագիտությանս արդարացումներ եմ փնտրում ու կառչում փրփուրներից:

-Փաստորեն, ես փրփուր եմ: Նարեներից ես կախվում:

Ծիծաղում ենք:

-Նա՛ր, համոզվա՞ծ ես, որ կստացվի վարագույրներս կարճացնել: Վերջին անգամ եմ առաջարկում դերձակի դիմել:

-Չէ, խնդիր չի, հազար տարվա կարող եմ, դպրոցում էլ խմբակ եմ գնացել, դասատուիս պիտի չէ՞ մի ձև պարզերես անեմ: Խմենք ու գնանք քո տուն, վերցնեմ: Կիրակի կբերեմ, կկախենք:

-Հա, շտապ չի:

-Դե, հա, վերևի հարկերում ես, վարագույրի կարիք չկա, քեզ ոչ մեկը մերկ չի տեսնի:

-… ափսոս:

Մթության մեջ խարխափելուց վատ բան չկա, որովհետև անընդհատ ընկնելու վտանգի առջև ես: Ու ինքն իրենով ոչ թե հենց ընկնելն է բացասական կողմը, այլ վատին անընդհատ սպասելը, նույնիսկ եթե այդ «անընդհատը» մուտքի առաջինից երրորդ հարկ ընկած տարածությունն է:

Իսկ այ նոր բնակարան տեղափոխվելու մեջ լավ բան կա: Առհասարակ սիրում ենք նոր տուն գնալով հին տանը հին մտքերն էլ թողնել, մազերը կտրելով նոր կյանք սկսել, երկուշաբթի նիհարել, գարնանն էլ սիրահարվել: Հետո պարզվում է, որ նիհարելու համար լավագույն օրը չորեքշաբթին է, սիրելու համար՝ շաբաթ առավոտը, մազերը կտրելուց հետո ընդամենը մազերն են կարճանում, նոր տուն տեղափոխվելուց հետո էլ՝ ավելանում գործերդ:

Կապույտ վարագույրները զգուշությամբ ծալում եմ՝ քայլելով դեպի դուռը.

-Վաղն առավոտյան իջիր, սրճենք:

-Չէ՛, պիտի թեյենք, որ ձեռքերիդ թափես:

-Հարց չկա: Թե ինչի մոռացա դրսի լույսը վառեմ, հեսա գլորվելով կիջնեմ, ինձ էդ էլ ա քիչ:

-Հա, բա պետք ա հեռատես լինել:

-Ես կարճատես եմ, աչքերս մինուս երկուս ա:

– Նոր բնակիչներին տենց եք, էլի, դիմավորում:

-Գիտես, Իդ, ժամանակին էս տանը մի տղամարդ ա ապրել՝ Արմեն անունով: Տունը քեզ վարձով տվածի եղբայրն էր: Բայց ինքն ավելի շուտ ա  գնացել էս տնից: Անգամ մորից էլ շուտ:

-Ինչի՞ ա գնացել:

-Չսովորեց երազանքները ճոճելուց բացի դրանք նաև իրագործել:

-Իսկ որտե՞ղ ա հիմա…

Լրահոս
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան
12:43
ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան
Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
12:26
Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ
12:11
ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ
76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել
11:52
76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել
Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ
11:41
Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ
Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան
11:22
Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան