Գրականություն
29.07.2020

Ժամանակակից հայ գրող Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքը

Ժամանակակից հայ գրող Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքը

Ձեզ ենք ներկայացնում ժամանակակից հայ գրող Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքը։

Ինչու՞ են, մարդիկ օղի խմում:
Խմում են, որ աշխարհի բոլոր երեխաները լաց լինեն:
խմում են, որ թթու վարունգ ուտեն:
խմում են, որ մեռածներին ու աստծուն հիշեն:
խմում են, որ խմեն:
խմում են, որ մարդ սպանեն:
խմում են, որ սիրեն
խմում են, որ ծեծեն:
խմում են, որ մոռանան:
խմում են, որ ապրեն:

Հայրիկը խմում է, որովհետեւ չի կարողանում չխմել:
Մայրս գդալով ապուրի մեջ ճզմում է դեղահաբը: Դաստակի շարժումը սահուն է, արագ: Հիմա հայրիկը շվշվացնելով զուգարանից դուրս կգա ու սովածությունից դողդողացող ձեռքերով կհամտեսի հավով ապուրը, որի մեջ լուծվել է  իմ ու մայրիկի գաղտնիքը:  Հացը  բկիս  է կանգնել: Նա արագ վերջացնում է ապուրը, սառույցով ջուր է խմում, գնում սենյակ: Ես մտածում եմ, միգուցե նա մահանա, դեղահաբը ազդի արյան շրջանառության վրա, սիրտը պայթի: Մեղքս գալիս է: Անցնում են րոպեներ: Հայրս անհանգիստ է: Անկողնուց ելնում է, վազում բաց պատուհանի մոտ, շունչը չի հերիքում: Հեւում է: Չի հասկանում, ինչու է վատ զգում: Աչքերի մեջ վախ կա, այդ վախը ես տեսել եմ ոսկոր կրծելող շան աչքերում: Ես ու մայրս նստած ենք խոհանոցում` մարդասպանների լուռ համբերությամբ: Հայրիկը սկսում է ոռնալ: Մենք վազում ենք օգնության, պառկեցնում  մահճակալին. սավանից սպիրտի հոտ է փչում, սիրտը դուրս է թռչում կրծքավանդակից:
Հաբը ազդում  է:  Զգուշացրել են, որ հիվանդի մոտ կառաջանա, գլխապտույտ, վախ, սրտխփոց, դատարկության զգացողություն, նողկանք խմիչքի հանդեպ: Մայրս ինձ հանցակից է դարձրել, որ ապահով զգա իրեն, հեշտ կլինի, երբ հիշի, որ հաբը ապուրի մեջ ճզմելու պահին ես իր  կողքն եմ եղել: Հաջորդ օր չեմ դիմանում, խնդրում եմ մորս վերջ տալ այս ամենին. լսվում է միայն գդալի համաչափ չկչկոցը: Վերցնում եմ անխիղճ ափսեն ու խփում պատին: Հերիք է: Հերիք է:
Ամանորին մի քանի օր է մնացել: Խոզի բուդը պատրաստ է: Բնակարանի դուռը բանալիովս բաց եմ անում: Ձայն եմ տալիս, չեն պատասխանում: Տանը մարդ չկա: Մտնում եմ ծնողներիս սենյակ: Հայրիկը մեջքով կանգնած է: Չի զգում, որ ներսում եմ: Քսան լիտրանոց օղու շիշը դրել է բերանին ու խմում է: Կանգնած եմ: Երբ վերջապես շրջվում ու տեսնում է ինձ, միանգամից հարբում է: Արտասվում է: Մամայիդ չասես, խնդրում եմ: Ինչ ուզես` քեզ կառնեմ:
Ես հինգերորդ դասարան եմ տեղափոխվում, պապիս գրադարանից գրքեր եմ գողանում ու սպասում եմ հորս խոստումին:
Հունվարի մեկին  նա  հսկայական  երաժշտական կենտրոնը ձեռքին ներս է մտնում: Կաշառք` լռության դիմաց: Ինձ թվում է երաժշտական  կենտրոնից օղու, սխտորի ու ներսս  վառող  կեղծիքի  հոտ  է  փչում:
Ես հայրիկին ամեն օր, թաքուն, օղի եմ տալիս, դրա համար էլ տանը ամենից շատ նա ինձ է սիրում: Երախտապարտ է:
Մենք ամառանոց ունենք: Հայրիկն է կառուցել: Միակ վայրն է որտեղ ես ինձ մարդ եմ զգում, ասում է նա:  Ճանապարհին կանգնում ենք փայտե  խանութի դիմաց, վաճառողուհին առանց հարցնելու մեկնում է մեկ շիշ կոլան եւ օղին: Ես խաղում եմ այգում, վայելում եմ հյութը եւ գիտեմ, որ հայրիկը խոհանոցում տասը րոպեն մեկ թրջում է ստամոքսը: Նրան թվում է, թե ես գլխի չեմ ընկնում, բայց համոզված եմ` հոգու անկյունում ինքը գիտի, որ ես գիտեմ եւ օգտագործում է ինձ, բայց ոչինչ, թող այդպես լինի: Ես իմ տասը րոպեն պահպանում եմ, առանց վայրկյան խախտելու, մինչեւ հայրիկը խմի, վերջացնի ողջ շիշը: Տուն ենք վերադառնում  սիրահարների պես գրկախառնված` ցեխոտ ու քերծվածքներով: Մայրիկը ծեծում է հորս, ինձ անվանում է ագահ ու պիղծ`  մեկ շիշ կոլայով ծախված կենդանի: Հայրս ընկնում է անկողին: Ոչ ոք սենյակ չի մտնում: Նա մենակ է: Մայրիկը քրոջս հետ է քնում: Գիշերվա կեսին ես մտնում եմ սենյակ, թթվածին չկա, պատերը օղի են շնչում: Նա այդպես էլ մնացել է նույն դիրքով, շորերը հագին, պտղի պես կծկված:  Ուզում եմ լսել խռմփոցը` համոզվելու համար, որ չի մահացել: Ձայն չկա: Դողալով մատներս կպցնում եմ ճակատին` երակները պայթում են: Ողջ է` չի մահացել: Մի փոքր տխրում եմ, գուցե մահանար, թեթեւանար:
Ականջներիս մեջ խլանում  են  փշրվող օղու շշերի ձայները եւ հորս մշուշոտ, թախանձող աչքերը: Ես ջարդում եմ նրա օղիները, մեկը  մյուսի հետեւից: Հետո նստում եմ, ջրով լվանում աչքերս, դուրս գալիս:  Ծեծում եմ հարեւանի դուռը: Նրան ասում եմ, թե ծառի չորացած ճյուղը քերծել է ոտքս, մի բաժակ օղի տուր, մշակեմ: Հարեւանս բժշկական սպիրտ է տալիս, բամբակ. բարեհամբույր` հաջողություններ է   մաղթում ինձ:


Սպիրտը, առանց ջրով բացելու, տալիս եմ հայրիկին, օգնում խմել: Համարյա անգիտակից վիճակում փորձում է շնորհակալություն հայտնել, չի ստացվում: Ես զգում եմ:
Նարկոլոգիական հիվանդանոցի բաժանմունքի վարիչը անընդհատ ցնցում է գլուխ: Նա վառում է բերանի կարմիր ծխամորճը, որը հանգչում է: Փորձում է լսել ինձ: Ասում եմ, որ հայրս հայտնի վիրաբույժ է, ուզում եմ փրկել նրան` բուժել, ինչ-որ կերպ օգնել, բայց  չեմ ուզում, որ մարդիկ իմանան: Հասկանում է, կիսում մտահոգությունս, կրկին վառում է ծխամորճը, որը համառորեն չի կպչում: Նա ինձ պարզաբանում է, որ պալատները վճարովի են, ռեժիմը` խիստ: Բուժքույրերը անհանդուրժող են, ամեն օր հիվանդներին մեկ բաժակ օղի են տալիս, իսկ հետո լրիվ արգելք է դրվում, եթե չեն եթարկվում, զսպաշապիկներով  կապում են մահճակալին: Իսկ եթե  մահանա, ասում եմ ես: Մեզ մոտ շատ են մահանում, թաքցնելու բան չունեմ, դուք էլ եք հասկանում, որ վերջիվերջո դրանից բուժում չկա, ասում է նա: Չեմ ուզում, որ հայրիկը մահանա: Կկարոտեմ:
Պատերը կարմիր են: Հայրս ընկած է հատակին: Պատռված քունքից արյուն է ցայտում: Գեղեցիկ է: Հրապարակի շատրվանին է նման: Մայրս եւ քույրս տանն են, իրենց սենյակներում: Մատս մտցնում եմ վերքի մեջ: Արյունը տեղական հյութերի պես ջրիկ է: Մշակում եմ յոդով: Վիրակապ եմ դնում` ինքն է սովորեցրել:
Հայրիկ, հայրիկ, ատում եմ քեզ: Խաբում ես: Ծիծաղում է: Որտե՞ղ ընկար: Գնացքի գծերի մոտ: Հո մարդ չտեսա՞վ, հարցնում եմ ես: Բոլոր հարեւանները տեսան, Ար: Մի երեխա օգնեց ինձ, բերեց տուն: Կներես:
Հայրիկը տրուսիկի միջից ճմրթված հազար դրամանոց է հանում: Վերցրու Ար ջան, ընկերուհուդ հետ կոֆե կխմես: Պառկեցնում եմ մահճակալին: Քնիր: Քնիր:
Քահանայի մոտ եմ գնում: Խորհուրդ է տալիս պատարագի մասնակցել: Տերը լսում է ամեն ինչ: Նրա պատասխանը լռությունն է: Այո, նա միայն լուռ ցավակցում է: Պետք չի ինձ նրա ողորմածությունը: Ես հուզվում եմ:
Ինձ հանդերձներ են տալիս, մոմեր, խունկ: Արարողությունը երկար է ձգվում:  Պատարագից հետո քահանան մոտենում է, ձեռքը ընկերաբար հպում ուսիս: Հույսդ դիր տիրոջ վրա, նա մեծ սիրտ ունի, ճանապարհ ցույց կտա: Չգիտեմ, ինչ կզգար Հիսուսը, եթե Հայր Աստված հարբեցող լիներ:
Ես քահանային ասում եմ, որ խղճում եմ հայրիկին, ուզում եմ, որ նա մեռնի, բայց  չեմ ուզում  դժոխք  ընկնի, առանց այն էլ դժոխքի մեջ է: Ասում եմ, որ ամաչում եմ:  Պետք չի ամաչել, աշխարհում մենակ դու չես, որդիս: Նա հանգստացնում է ինձ` բարեկամաբար հրաժեշտ տալիս:
Երազներում ես թափանցիկ շշեր եմ տեսնում: Բոլոր շշերի մեջ հայրիկն է նստած` բթացած հայացքով: Նա օգնություն է կանչում: Ձայնը չի լսվում: Բերանի շարժումներից եմ հասկանում: Ես խելառի պես հարձակվում եմ շշերի վրա, բռնում եմ հորս մազերից, դուրս եմ քաշում, մկրատով կտրում եմ գլուխը: Կարագի պես փափուկ է գնում: Հետո հարձակվում եմ մյուս շշերի վրա, դուրս եմ քաշում իմ հայրիկներին, մկրատով անջատում եմ նրանց գլուխները: Ապրես, Ար ջան, շարունակիր, փրկիր ինձ:  Ես ցավակցում եմ ինձ, որ իմ հայրն ես: Ոտքերով ճզմում եմ խոսող գլուխներին: Արյուն չկա: Հայրիկը արյուն չունի: Ջուր Է:
Հեռախոսիս վրա զանգ է գալիս: Հիվանդանոց են կանչում:
Ես թողնում եմ Մաշային ու արագ գնում այնտեղ: Սիրտս ցամաքում մահացող ձկան պես թպրտում է:  Սենյակում փշրված շշերը  շնաձկան ատամների պես սուր եզրեր ունեն: Հայրիկը լրիվ մերկ է: Ներքեւի շրթունքը մի քանի տեղից պատռված է: Երեսը նման է սառնարանից կես ժամ առաջ հանած վարդագույն մսագնդի: Նա չի հասկանում, որ ես իր հետ եմ: Կտրտված մատներով բռնել է կրակայրիչը` մտցրել քթանցքը` գազ է շնչում: Մատները աքցաններ են դարձել: Չեմ կարողանում ձեռքից պոկել կրակայրիչը: Կծում եմ մատը: Ցավ  չի զգում, բայց ռեֆլեքսորեն բացում է ափը: Շպրտում եմ կրակայրիչը: Փակում եմ դուռը: Ծնոտներս բուլդոգի նման սեղմում եմ, բայց ձայնը շրթունքներիս արանքից ճանապարհ  է գտնում: Ծվվում եմ: Ուզում եմ մտքիս մեջ գոռալ: Կարծես ստացվում է: Միայն ես եմ լսում:
Բազկաթոռի տակից գտնում եմ տրուսիկը` խնամքով  հագցնում եմ, հետո մնացածը` գուլպաները, շալվարը, վերնաշապիկը: Հայրիկը պատրաստ է: Ուժ հավաքիր, խնդրում եմ: Չեմ ուզում ինձ տեսնեն, մի կերպ հասկացնում է նա: Չեն տեսնի: Ես  պինդ բռնում եմ նրա գոտկատեղը,  թեւը գցում ուսիս: Վախվորած բացում եմ դուռը, պահը որսալով` դուրս եմ բերում միջանցք: Հայրս վիրավոր զինվորի տեսք ունի, ես քարշ եմ տալիս նրան: Աստված ջան, միայն մարդ չհանդիպի, խնդրում եմ: Ռենտգենի սենյակից բուժքույր է դուրս գալիս` ուղղվում է մեր կողմ: Կարոտել ենք իրար, փորձում եմ ժպտալ նրան, բայց լաց եմ լինում: Միջանցքը չի վերջանում: Քիչ մնաց, դուրս ենք գալիս:  Ուժերս լքում են: Ընկնում ենք: Հայրիկը միանգամից քնում  է: Ես պառկել եմ նրա փափուկ մարմնի վրա: Երեսս կպել է երեսին: Արցունքներս լցվում են աչքերի, ականջների, բերանի մեջ: Սառնությունից ու աղիությունից սթափվում է: Միջանքում լռություն է: Բարձրացնում եմ  նրան, քարշ եմ տալիս:  Միջանցքը վերջ չունի, ինչպես հայրիկի կյանքը:  Սեւ  տառերով գրված է` -ԵԼՔ- :
Մեքենաս դռանը մոտ եմ կանգնացրել: Հայրիկին տեղավորում եմ կողքի նստատեղին: Պարանով կապում եմ, որ չփլվի: Տանը մեզ չեն դիմավորում: Նստում եմ բազմոցի եզրին: Քունս տանում է:
«Ես ատում եմ քեզ, ամաչում եմ, որ դու իմ հայրն ես:  Դու ինձ չես սիրում, եթե սիրեիր` կթողնեիր խմելը, քո մեջ սեր չկա, դու մենակ խմել ես սիրում, դու շշերի միջով կուլ ես տվել ինձ:  Ես ուզում եմ սպանել քեզ իմ մեջ, չեմ ուզում կրել քո տված անունը, քո ազգանունը: Բոլորի մեջ մեռած մարդիկ կան, իմ մեջ այդ մարդը դու ես, հայրիկ»:
«Շատերն ունեն խմող հայրեր, մենակ դու չես: Դաժան ես խոսում, բայց ես գիտեմ, որ դու բարի տղա ես, ինչպես ես:  Այլեւս չեմ կարող չխմել, հասկացիր: Ինձ ոչ մի բուժում չի փրկի: Համակերպվիր: Ես հիվանդ եմ, շատ հիվանդ, ցավում եմ քեզ համար, որ այդպիսին եմ: Դու չես կարող ինձ սպանել քո մեջ, ես քեզ լավ գիտեմ, հետո ես քո մեջ եմ ապրելու: Ինչ էլ որ ես անեմ, դու ինձ չես լքի»:
Դատարկ սրտով գործի եմ գնում:
Սպասում եմ հեռախոսիս զանգին:
Հիմա որտե՞ղ է հայրիկն ընկել` աշխատավայրում, սենյակում, բակում, զուգարանում, թփերի մեջ:
Հայրիկն ընկել է:
Մենակ է:
Դուռը փակել են վրան` արնահոսում է` չի կարողանում օգնություն կանչել:
Շտապել է պետք:
Ես գնում եմ նրա մոտ: Ավտոտնակում է: Շշով բենզինը, ռետինե խողովակը դրված են կողքին: Շնչել է:
Դաստակներին  ասեղներով ծակծկված տեղեր կան:
Սարսափելի է:
Ես կանգնել եմ կասկադի բետոնների վրա: Թեթեւ քամի կա: Ներքեւում` մութ է, վերեւում` աստղեր:
Տարածքի հսկիչը շնչակտուր մոտենում է: Շուտ ցած իջիր, գժվել ե՞ս:  Ձայնը օդում խլանում է:

Անցնում եմ  Բաբայան փողոցը:

Անցնում եմ  «Չայկոֆ»ը, որտեղից սիրածս աղջկա համար թեյ եմ գնում:

Ես վազում եմ տուն:

Ես վազում եմ, որովհետեւ վախենում եմ:

Ես վազում եմ, որովհետեւ չեմ ուզում տեսնել թափանցիկ շշեր:

Ես վազում եմ, որովհետեւ ինձ հետ վազում են աշխարհի բոլոր երեխաները:

Ես վազում եմ, որովհետեւ  չեմ ուզում այսպես լինի:

Ես վազում եմ, որովհետեւ հայրիկին տնեցիներից թաքուն մի բաժակ օղի պիտի տամ:

Ես վազում եմ, որովհետեւ նա սպասում է ինձ:

Լրահոս
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան
12:43
ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան
Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
12:26
Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ
12:11
ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ
76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել
11:52
76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել
Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ
11:41
Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ
Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան
11:22
Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան