ՌԴ հայտնի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, բլոգեր Ալեքսանդր Նավալնիին թունավորել են «Новичок» կոչվող թույնով: Գերմանացի բժիշկների պնդմամբ՝ նրա օրգանիզմում հայտնաբերվել է վերոնշյալ նյութը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ: Վերջինս Ռուսաստանի Դաշնության իշխանություններից բացատրություն է պահանջել այս կապակցությամբ: Կանցլերը Ռուսաստանին զգուշացրել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի համատեղ արձագանքի և հնարավոր պատժամիջոցների մասին:
Մերկելը մասնավորապես ասել է. «Ընդդիմության առաջնորդի նկատմամբ սպանության փորձ է կատարվել «Новичок» խմբի նյարդապարալիզացնող թույնով: Գերմանական լաբորատորիայի մասնագետների ստացած անալիզների պատասխանները հստակ են. Նավալնիի օրգանիզմում այդ թույնի առկայությունը կասկածի տակ դրվել անգամ չի կարող, դա «Новичок» է: Նրան փորձել են լռեցնել, իսկ ես՝ գերմանական ամբողջ կառավարության անունից խստորեն դատապարտում եմ այս քայլը: Լրջագույն հարցեր են առաջացել, որոնց կարող է պատասխանել միմիայն ռուսական իշխանությունը: Ամբողջ աշխարհն է սպասում պատասխանների»: