Տարածաշրջան
28.09.2020

Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. Արմեն Սարգսյան

Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր բացման խոսքով հանդես է եկել առցանց անցկացվող կիբերանվտանգության միջազգային խոշոր CYBERSEC 2020 համաժողովին, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ:

Համաժողովի մասնակիցների թվում են նաև Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչեա Ջոանան, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դիտա Չարանզովան, տարբեր երկրների պաշտպանական գերատեսչությունների, գլոբալ ընկերությունների ղեկավարներ:

CYBERSEC-ը համարվում է կիբերանվտանգության խնդիրներին նվիրված եվրոպական ամենախոշոր համաժողովներից մեկը, որի նպատակն է քննարկել նոր տեխնոլոգիաների հետևանքով առաջացած մարտահրավերներն ու վտանգներն, ինչպես նաև թվային լուծումներն ու տեխնոլոգիաներն ի շահ հանրությունների օգտագործելու հնարավորությունները:

Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ներկայիս գերփոխկապակցված աշխարհում կիբերանվտանգության ոլորտի խնդիրներին ու սպառնալիքներին, դրանց հաղթահարման հնարավորություններին: Հայաստանի նախագահը հատկապես ընդգծել է երկխոսության կարևորությունը ժամանակակից աշխարհում:

«Երկխոսությունը կարևոր է: Երկխոսությունն է լուծումը, ոչ թե տեխնոլոգիաները: Յուրաքանչյուր տեխնոլոգիայի դեմ կհայտնվի մի նոր տեխնոլոգիա, և եթե փորձես ինքդ քեզ պաշտպանել միայն տեխնոլոգիաներ օգտագործելով, ապա շատ հավանական է՝ ձախողվես»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Ընդգծելով, որ մարդկային երկխոսությունն ամենակարևորն է, Հայաստանի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին. «Հայաստանի նման երկիրն ամեն օր դիմակայում է կիբերսպառնալիքներին, որոնք գալիս են ոչ միայն մեր հարևան Ադրբեջանից, այլև Թուրքիայից, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Ցավոք սրտի, այս վիրտուալ սպառնալիքն ավելի և ավելի նյութական է դառնում:

Թերևս լսել եք, որ Ադրբեջանը կիրակի օրը հակամարտություն է սկսել Լեռնային Ղարաբաղի սահմաններին: Պետք է հայտարարեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին իր էլեկտրոնային դրոնների՝ կիբերհարձակումների, ինչպես նաև անձնակազմի՝ խորհրդատուների, վարձկանների և անգամ F-16 կործանիչների միջոցով:

Սա ողջ աշխարհում բնակվող ցանկացած հայի համար ինչ-որ առումով ուրվականի վերադարձ է: Եվ եթե այդ ուրվականը ի սկզբանե վիրտուալ էր, ապա այն այժմ դարձել է նյութական: Ինչու եմ ասում ուրվական. դա Օսմանյան կայսրության ուրվականն է, որը 105 տարի առաջ ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Ոչ մի դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ցեղասպանությունը կրկնվի:

Որտե՞ղ է լուծումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում լուծումը նույնպես երկխոսությունն է, երկխոսությունը կողմերի միջև: Գոյություն ունի հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ունի երեք համանախագահ երկրներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Մենք պետք է վերադառնանք երկխոսության: Թե՛ նյութական, թե՛ կիբերհակամարտությունների պարագայում կա լուծման միայն մեկ ճանապարհ՝ երկխոսություն»:

Արձագանքելով նախագահ Սարգսյանի խոսքին՝ գագաթնաժողովի մոդերատորը մասնավորապես ասել է. «Մենք համաձայն ենք Ձեզ հետ, պարոն նախագահ, որ երկխոսությունը կարևոր է: Խոսելով երկխոսության և այս դժվարին ժամանակների մասին՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեր մտքերը ներկայացնելու համար: Ահա թե ինչպես է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը մեկնաբանել իրավիճակը. «ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին տեղեկությունների առնչությամբ: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ հասնելու խաղաղ կարգավորման: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»:

Լրահոս
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
19:50
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
19:33
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
19:17
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
18:52
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
18:42
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
18:21
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
18:02
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
17:43
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
17:31
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
17:14
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
16:44
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
16:33
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
16:18
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
16:08
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել
15:49
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել