Նարինե Աբգարյան Մարիամը

Բերդի սկեսուրները սիրում են կրկնել, որ Ազինանց Մարիամն ամենալավն է, նրա նմանը չկա: Լվացքը խնամքով է անում, տեղը-տեղին լեղակում է, տեղը-տեղին օսլայում, չափից շատ չի չորացնում: Հարթուկն անում է պեծին տվող ածխի ծանր հարթուկով, դարսում կոկիկ շարքերով, անպայման դարսերի արանքը դնում սարի նարդոսով լցված չթե ծրարները: Սպիտակեղենի սնդուկի կափարիչը բացելուդ պես մի այնպիսի նախաստեղծ մաքրություն է բուրում, որ չէ թե կողքը կանգնել, նույնիսկ վրան նայելն է անհարմար: Մարիամն այնպես է մաշված շորի ծակերը լցնում, որ կտորի կարը չես նկատի: Պատուհանները լվանալիս երեք ջուր է անում` օճառաջուր, պարզաջուր և քացախաջուր: Հատակը փայլեցնում է մեղրամոմով, որն հետո ցոլք է տալիս ինչպես ջրափոսը լուսնյակ գիշերով: Նրա բակը միշտ ավլած է, փեչի փայտը կանոնավոր դարսած շարք-շարք` ինչպես մեղրահացը մեղվի փեթակում, տնամերձի «կեծանները» սալարկած են հղկած գետաքարով: Բերդում ո՞վ է «կեծանի» սիրունության հոգսը քաշում` մենակ Մարիամը:
Նրա եփածն այնքան համով է, որ ուտես` չես կշտանա: Հացը թեթև է, ասես խմորը ոչ թե ալյուրով է հունցած, այլ արևի աննյութեղեն լույսով, գնդերը ամռան հոտն ունեն, իսկ գաթան, որը նա հանգչող վառարանում հատուկ պահում է մինչև որ կլեպը ղռթղռթան դառնա, հալվում է բերանում:
-Եթե ուզում ես իսկական տան կնիկ դառնաս` օրինակ վերցրու Ազինանց Մարիամից,-իրենց հարսներին խրատում են Բերդի սկեսուրները: Հարսները նեղանում են, բայց ձայն չեն հանում` ո՞վ կհամարձակվի Մարիամի դեմ մի բան ասել: Նա ամենալավն է, նմանը չկա, և հարսները սա հաստատ գիտեն:
Առաջ Մարիամը մեծ ընտանիք ուներ` ամուսին, տարեմեծիկ երկու որդի, հասակն առած սկեսուր և սկեսրայր, ծեր տատիկ: Առաջ նա ամեն ինչ ուներ` քարաշեն տուն, ոլոր-մոլոր «կեծաններով» տնամերձ, որը սկեսուրը պարծանքով հարևաններին էր բերում ցույց տալիս: Նա մեկ էլ դեղձի այգի ուներ հենց սահմանի բերանին` քչքչան լեռնային գետակի ափին: Այն տարի բերքը չտեսնված առատ էր, ընտանիքով գնացին հավաքելու, իսկ Մարիամը տանը մնաց, որպեսզի դեղձի ջեմի շաքարաջուրը եփի: Ո՞ւմ մտքով կանցներ, որ պատերազմը թաքուն-թաքուն, բայց և սրընթաց է գալիս, ո՞վ կարող էր իմանալ:
Սահմանի հողերը հետ գրավեցին միայն ձմռան վերջին: Հոշոտված աճյունները զինվորները հողին հանձնեցին դեղձի այգում: Մարիամը եկավ, պառկեց գերեզմանաթմբին և վեր չկացավ: Նրան գտան լուսադեմին. մինչև ոսկորները սառել էր, սառցակալել էին նույնիսկ կոպերն ու շրթունքները: Խնամում ու խնամում էին, վերջը ոտքի հանեցին: Այդ ընթացքում դեղձի այգին նորից գրավվեց և սահմանի այն կողմում մնաց ընդմիշտ:
Մարիամի ամեն մի օրը նման է մյուսին` ինչպես նրա ծեր տատի տերողորմյայի հատիկները. ավլիր բակը, ջրիր տնամերձը, կպցրու վառարանը, խմոր արա, հաց կամ գաթա թխիր: Նա ամեն բան խղճով է անում. պատուհանները երեք բերան ջրով է լվանում, սպիտակեղենը ջանասիրությամբ օսլայում ու հարթուկում է, ամենակեր ցեցի դեմն առնելու համար անպայման դարսերի արանքը նարդոսի չորացրած տերևներ է խցկում:
Ամեն ոք իր ճշմարտությունն ոնի: Մարիամինը պարզից էլ պարզ է, ավելի հասարակ չի լինում. ինչքան էլ հոգիդ ցավի ու ինչքան էլ սրտիցդ արցունք կաթի, զուլալ պահիր աշխարհի այն պատառը, որը քեզ է վստահված: Ախր նրա փրկության համար դու այլ բան չես էլ կարող անել:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago