«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նորից ամենակարևորի մասին։
Արևելյան մշակույթում, որի կրող ենք նաև մենք, ընտանիքի ազդեցությունը անհատի վրա բավականին մեծ է։ Մարդիկ ապրում են կոլեկտիվ բյուջեով ու ցանկացած ծախս ու ներդրում համաձայնեցնում են ընտանիքի հետ, որովհետև անձնական սխալը կոլեկտիվ պատասխանատվության բեռ է դնում ընտանիքի ուսերին։ Հետևաբար երիտասարդը, որ հակված է նորարարության, բաց չունի սեփական փող՝ զբաղվում է նրանով, ինչը ծանոթ է իր ընտանիքին, ոչ թե նրանով, ինչ ապագան է պահանջում։
Այսինքն Թուրքիայից ու Չինաստանից տրիկոտաժ բերող ու վաճառող մարդու որդին մեծ հավանականությամբ հորից փող կստանա բոթաս բերելու, ավելի լավ դեպքում սեփական բոթասի արտադրություն դնելու կամ ծայրահեղ դեպքում կարի մեքենաներ ներկրելու համար, բայց երբեք փող չի ստանա ներկանյութեր արտադրող ավտոմատացված սարքավորումների նախագծման ու հավաքման բիզնես դնելու համար։ Էս խնդիրը մեզ չի յուրահատուկ, էս խնդիրը կա ողջ արևելքում, ընդհուպ տեխնոլոգիական հսկա Ճապոնիայում։ Սեփական ժողովրդիդ պիտի լավ ճանաչես, որ իմանաս թե ինչը փոխես առաջ նայելու համար։ Էդ ճանաչելն ինքնին գիտության խնդիր է, բայց դե քանի դա չկա, մենք՝ ամեն ինչի մասնագետ չհանդիսացող քաղգործիչներս պիտի հենվենք հիպոթեզերի վրա։ Բայց ինչևէ. գրառումը դրա մասին չի։
Հիմա երիտասարդը, որ շատ համառ է ու ուզում է այնուամենայնիվ մտնել էդ բիզնեսի մեջ՝ պիտի մի տեղից փող ճարի։ Ի՞նչ է անում նա. գտնում է իր ուզած բիզնեսով զբաղվող արտասահմանյան ընկերություն, նրան առաջարկում էժան աշխատուժ, ստանում աշխատավարձ, միտքը ծախում արտասահմանցուն, չի տեսնում իր մտքի վերջնական արտադրանքը ու հետևաբար չի ունենում մի էտապ առաջ անցնելու ազատություն, որովհետև հանձնարարությունն էլ, փողն էլ գալիս են դրսից, իսկ ապրանքը ու լաբորատոր ամբողջական փորձառությունը մնում է դրսում։
Հիմա ո՞նց վարվես էս վիճակի հետ։ Հայաստանը համակերպվել է սրա հետ ու արձանագրել, որ ի՞նչ վատ է՝ թող ամերիկացիքի վրա ծրագիր ծախեն ու կյանքում չտեսնեն թե ինչ պլատայի վրա է այն նստեցվում, փոխարենը թող «մենյու էյեմից» սնունդ պատվիրեն ու Դիլիջանում հանգստանան, որ փողը երկրի ներսում պտտվի, որ կով պահողի որդին մոտիվացված լինի կով պահել ու ծախել ռեստորանին, որի սնունդը ուտում է ծրագրավորողը։
Բայց կա նաև չհամակերպվելու տարբերակ։ Ստեղծում ես պետական ներդրումային ֆոնդ, տարեկան 50 միլիոն դոլար դնում է պետությունը, 50 միլիոն էլ մասնավորից ես հավաքում։ Լավ գաղափար ունեցող 100 երիտասարդի տալիս ես 1-ական միլիոն, պարտադիր գիտահետազոտական, արտադրական ու ապրանքի իրացման բաղադրիչներով։ Հիմնվում է ընկերություն՝ երեք բաժնետերով՝ պետություն, մասնավոր ներդրող, գաղափարի հեղինակ, կառավարվում գաղափարի հեղինակի կողմից։
Էս տարեկան ստեղծված 100 ընկերություններից 70-ը կսննկանան, 15-ը կմնան գաճաճ կազմակերպություններ, 10-ը կդառնան 10-50 միլիոն դոլարանոց ընկերություններ, իսկ 5-ը Հայաստանի մասշտաբներով լուրջ հսկաներ, որոնք կկլանեն էն առաջին 70 ձախողվածներին ու կինտեգրեն էն 15 գաճաճ ընկերություններին։ Պետության համար 50 միլիոնը փող չի, 100 մասնավորի համար էլ 500.000-ական դոլար տալը բացառված չի, եթե չնչին հույս ունենա, որ վաղը «Բայրաքթարի» նման կազմակերպության 1/3-ի բաժնետեր կարող է դառնալ։
Սա համ գիտություն կֆինանսավորի, համ կրթություն կպատվիրի, համ տնտեսական էֆֆեկտ ու ռազմարդյունաբերություն կտա։ Ընդամենը 5 տարի համակարգված ու առանց հուսահատվելու աշխատանք է պետք ու մենք կլինենք այն՝ ինչ երազում ենք։
Բայց սա անելու համար ահագին բան պիտի փոխվի՝ քաղաքական խոսակցության որակից մինչև շատ կոնկրետ պաշտոնյաներ ու մոտեցումներ։ Դա կխոսենք հաղթանակից հետո։ Մենք պարտավորված ենք խոսել սրա մասին, մենք դատապարտված ենք խոսել սրա մասին։ Ու վայ մեզ, եթե էլի արյունով նվաճած հաղթանակը մսխենք խաղաղության մեջ դատարկախոսելով։ Իսկ մինչև էդ մենք արյունով պիտի պահենք այն՝ ինչը խելքով պահել չենք կարողացել։ Չվհատվեք, որովհետև հաղթելու ենք։
#Գիտություն
#ՀաղթելուԵնք

















