

Ես հայ եմ․ ժամանակին լավ պատկերացում ունեի՝ դա ինչ է նշանակում ու ինչ մեծ պատասխանատվություն եմ կրում դրա համար։ Հետո կյանքի փորձն ու ապրելակերպս ստիպեցին ավելի լայն բացել աչքերս։ Ցավոտ էր։ Ավազե դղյակների պես հերթով սկսեցին փոշիանալ պատկերացումներս ազգային պատկանելիության առավելությունների ու թերությունների վերաբերյալ ու դարձան առիթ շատ ու շատ հարցերի, երբեմն անպատասխան։ Թող ինձ քարկոծեն ու հալածեն բոլոր ազգայնամոլները ու ներեն բոլոր նվիրյալները, բայց իմ կյանքում եկավ մի փուլ, երբ ես դադարեցի հայ լինել ու որոշեցի լինել Մարդ։
Թե ինչ ազգային առանձնահատկություններ ունենք մենք, հայերս, ես չէ, որ պիտի պատմեմ ձեզ։ Մեր հինավուրց ազգ լինելը, «առաջին քրիստոնյա ազգ» կոչումը, աշխարհագրական անբարենպաստ դիրքը, հալածված ու լացակումած տեսակը ուղիղ հոմանիշ են հայ լինելուն։ Լավ է թե վատ, յուրաքանչյուրիս գործն է, վերջապես մենք սուբյեկտիվ ենք որոշում, թե ինչ արժեքների վրա ձևավորենք մեր անձը։ Բայց այսօր այդքան խորը չեմ գնա։ Այսօր կխոսեմ մեր մեջի «խոզի» մասին։ Փորձենք հասկանալ, թե ինչ կապ ունի «հայ» տեսակի հետ այն աղբը, որ ամենուրեք է Հայաստանում։ Էդ աղբը հո ինքն իրեն չի հայտնվում, չէ՞։
Քայլել սիրում եմ, ու հատկապես գիշերային Երևանում։ Գիշերը մեր պատվական քաղաքացու փոխարեն փողոց են դուրս գալիս այդ փողոցի մաքրուհիները։ Տարբեր տարիքի այս կանանց մեջ ինչ որ գերմարդկային բան կա, կարծես մեր խիղճն ա գիշերով դուրս գալիս փողոց, որ մաքրի մեզ՝ մեր փնթի տեսակը, մեր մեջի «խոզին»։ Այդ կանայք չեն բողոքում ֆեյսբուքում, որ քաղաքը կեղտոտ է, այդ կանայք այդ կեղտը մոտիկից են ճանաչում։ Նրանք դուրս են գալիս մաքրելու մեր քաղաքն ու մեր տունը։ Ու դա անում են գիշերով, երբ մենք, մաքրասերներս, աղբը դեն նետած, խիղճներս հանգիստ քնած ենք մեր մաքուր տներում։
Սիրուն ա Երևանը առանց դոշ ծեծող իր սրտացավ քաղաքացու։ Դա այն նույն քաղաքացին է, որն իր տան աղբը տանից դուրս է բերում ու, գերհոգնած, շատ մտահոգ լինելով ազգանվեր գործերով, այդ աղբը աղբարկղին չի հասցնում։ Այդ քաղաքացին, իր նման շատ քաղաքացիների ու գյուղացիների նման, համարում է, որ փողոցը մաքրող կա, ուրեմն թող մաքրի, բան ու գործի անունն ի՞նչ ա։ Ու դնում է իր տան աղբը մուտքի շեմին, կանգառում, ծառի տակ։ Մի խոսքով, որտեղ պատահի, բայց ոչ աղբարկղում։ Նա մաքրում է իր դռան մուտքը այքան քրտնաջան ու սրտացավ, որ գրողին, թե ավլելով աղբը չի լցնում հարևանի շեմը։ Նա մետլախապատում է իր դռան դիմացի մեկ քառակուսի մետրը ու գրողին, թե մուտքի մնացած հատվածում սատանեն ոտքը կջարդի։ Նա վերանորոգում է իր բնակարանը, շինաղբը պատշգամբից ցած է նետում, ու գրողին, թե իրենից հետո ով պիտի էդ փոշին ու կեղտը մաքրի։ Նա իր բնական կարիքները հոգում է հասարակական զուգարանում, ու թքած, որ իրենից հետո մտնողը էսթետիկական շոկ կապրի, «100 դրամ եմ տվել, թող մաքրեն»։ Այդ սրտացավ հայը այն մայրիկն է, որը բացելով պաղպաղակը՝ երկու տարեկան երեխայի աչքի առաջ թուղթը շպրտում է փողոցում, չէ, առանց կողքերը նայելու, բացահայտ, որովհետև իր աշխարհում այդպես էլ պիտի լինի, ինքը պիտի թափի, ով ուզում է՝ մաքրի։ Դա այն վարորդն է, որը նստած իր շքեզ մետաղյա ձին, որի մեջ հենց նոր կատարյալ մաքրություն են հաստատել լվացակետում (ու ինքը երեխաներին արգելել է մեքենայում կոնֆետ ուտել, բա որ կեղտոտվի), տոպրակով աղբը պատուհանից դուրս է շպրտում, ու երբ կարմիր լույսի տակ կանգնած՝ ես իջեցնում եմ լուսամուտս ու խեթ նայում իրեն ու արդեն քամուց պարող տոպրակին, մեջտեղի մատ է ցույց տալիս ինձ, ու մտքում բնականաբար ինձ հայհոյելով, սլանում դեպի իր ու իր խեղճ երեխաների պայծառ, բայց աղբակույտ դարձած ապագան։
Ես սովորություն ունեմ, չեմ կարողանում փողոցում նետած աղբի կողքով անտարբեր անցնել, վերցնում տեղափոխում եմ աղբաման։ Կհարցնեք ինչու։ Երևի որ ամաչեն, տեսնեն, որ ես վերցրեցի գետնից իրենց նետած աղբը ու ամաչեն, հուսով եմ, որ կամաչեն։
Սիրելի քաղաքացիներ և գյուղացիներ, եթե չգիտեիք, ասեմ, մեր քաղաքը, մեր գյուղը, մեր տունը մեր հայելիներն են։ Իշխանություններից, օրենքներից, Սանիտեքից ու ևվրոյի կուրսից բողոքելուց առաջ ուղղակի կանգնեք հայելու առաջ, նայեք ձեզ ու հիշեք մի տատիկի, որը ամեն գիշեր ձեր պես ֆեյսբուքում խելոք բաներ գրելու փոխարեն, ավլում է փողոցից ձեր կեղտը, որ առավոտյան դուք չսրտնեղեք, թե քաղաքը կեղտի մեջ կորած է։
Ամանեթ
————————————————————————————
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…