Հայաստան
20.12.2020

Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը․ Գարեգին Բ

Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը․ Գարեգին Բ

Դեկտեմբերի 20-ի առավոտյան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և աղոթք բարձրացնելու արցախյան պատերազմում նահատակված քաջորդյաց հոգիների խաղաղության համար։

Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եկեղեցականները այցելել են նաև զինվորականների շիրիմներին, կատարել իրենց առանձնական աղոթքը։

Այնուհետև Սուրբ Գայանե վանքում, Վեհափառ Հայրապետը ներկա է գտնվել Սուրբ Պատարագին, որի ավարտին, նախագահությամբ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի, զոհված հերոսների համար կատարվել է հոգեհանգստյան արարողություն։

Արարարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել հոգևոր դասին, ներկա բարեպաշտ հավատացյալներին և համայն հայ ժողովրդին։

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Արցախյան պատերազմում զոհված նահատակների հոգեհանգստյան արարողությանը.

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր,

Այսօր վերստին ոգեկոչում ենք լույս հիշատակը հայրենիքի համար զոհված մեր զինվորների, աշխարհազորայինների և զորահրամանատարների, ովքեր արցախյան պատերազմում խիզախաբար պայքարեցին անարգ թշնամու դեմ և իրենց թանկագին արյան հեղումով ընդունեցին նահատակության անթառամ պսակը։ Քաջարի սխրագործություններով նրանք անմահացան մարտի դաշտում և ժառանգեցին հավիտենական կյանքի պարգևը, ինչպես խոստացավ մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ ասելով. «Արդ, Ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք հավիտյան չեն կորչի» (Հովհ. 10.28):

Տերունավանդ խոստումին ապավինած՝ մեր սիրասուն զավակները իրենց կյանքն ընծայեցին հայրենիքին և անօրինակ սխրանքներով զարդարեցին հայոց ազատամարտի նորագույն էջերը։ Հայ ժողովուրդը կրկին հերոսներ ծնեց, ովքեր բարձր ու լուսաշող տեղ գրավեցին հայոց տարեգրության մեջ և երկնքում դասվեցին բոլոր ժամանակներում վասն հավատո և վասն հայրենյաց մարտնչած ու նահատակված քաջերի կողքին։ Մեր հերոսները զոհվեցին արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքի և հայրենիքի խաղաղ, ապահով և բարօր կյանքի տեսիլքով՝ պատգամելով մեզ աննկուն լինել ոգով և արիաբար պայքարել՝ հանուն մեր ազգային նպատակների իրագործման։

Սիրելիներ, վիշտն ու սուգը Աստված փարատում է Իր Սուրբ Հոգու մխիթարությամբ և սփոփիչ զորությամբ։ Նա շնորհն ու կարողությունն է պարգևում, որ վեր հառնենք նեղություններից ու դժվարություններից, Քրիստոսի նման հարություն առնենք մեր պատմության հերթական Գողգոթայից և վկայենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի ներուժը, աստվածապարգև մեր հավատն ու ամուր կամքը, նոր կյանք կառուցելու մեր եզակի վճռականությունը։

Համազգային ուժերով և միասնական ոգով ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավումը, քաղաքական և հասարակական ճգնաժամի հաղթահարումը պիտի լինեն մեր արժանի տուրքն ու խոնարհումը նահատակ հայորդիների շիրիմներին։ Ներկա բարդ իրավիճակում զգաստության և ողջախոհության պահպանումը, մեր նահատակների կորուստը արժանավայել սգալը և սուգը չքաղաքականացնելը պիտի լինեն նվիրական հարգանքի ճշմարիտ արտահայտությունը մեր հերոսների անմոռաց լույս հիշատակի առջև։ Ազգային համերաշխությամբ ու համընդհանուր շահերի վսեմ գիտակցությամբ ապրելու ու արարելու մեր ընթացքը պիտի լինի պատվաբեր շարունակությունը մեր զավակների Քրիստոսանման անձնազոհության։

Արդ, մեր նահատակ հերոսների անմար լույս հիշատակի առջև վերահաստատենք հայրենանվիրումի ու ազգանվիրումի ուխտը։ Թող ազգի ու հայրենիքի հանդեպ նրանց պարտքի գիտակցությունը, հանձնառության և զոհաբերության ոգին օրինակ դառնան պետական ու քաղաքական այրերին և համայն մեր ժողովրդին՝ անսակարկ նախանձախնդրությամբ և անձնուրաց զոհողություններով ամեն կարելին ներդնելու մեր հայրենիքի բարօր ու շեն կյանքի կերտման և մեր պետականության ամրապնդման համար։ Չվտանգենք մեր պետականությունը անխոհեմ քայլերով, չգերադասենք անձնական շահերը, այլ գործենք հանուն մեր ժողովրդի ու հայրենյաց անկորուստ պահպանության, զորացման ու առաջընթացի։ Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն