Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհուրդն իր աջակցությունն է հայտնել ռեկտոր Արմեն Դարբինյանին:
Այս մասին ասվում է բուհի գիտխորհրդի տարածած հաղորդագրության մեջ: Այն ներկայացնում ենք ստորեւ.
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին կետով և 74-րդ հոդվածով, ինչպես նաև հավատարիմ մնալով «Բարձրագույն կրթության և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին, հիմք ընդունելով ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի (այսուհետ՝ Համալսարան) ներքին իրավական ակտերը, հաշվի առնելով ՀՌՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ 7-րդ վարչապետ Արմեն Դարբինյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Բաց նամակում արտահայտված մտահոգությունները երկրում առկա հասարակական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ, ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է իր անվերապահ աջակցությունը Համալսարանի ռեկտոր Արմեն Ռազմիկի Դարբինյանին:
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ստեղծման, ձևավորման և զարգացման գործում անգնահատելի է Արմեն Դարբինյանի անձնական ներդրումն ու դերակատարումը: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը ժողովուրդների բարեկամության, կայացած համագործակցության, մշակույթների և կրթական ավանդույթների, գիտական փորձի փոխադարձ հարստացման լավագույն օրինակ է, եզակի գիտակրթական միջպետական ծրագիր: Համալսարանների միջազգային վարկանիշով (QS University World Ranking EECA – 2021) երկրի լավագույն բուհ ճանաչված Համալսարանի հաջողությունը հնարավոր դարձավ հենց Արմեն Դարբինյանի՝ որպես ղեկավարի երկար տարիների նպատակասլաց, հետևողական աշխատանքի և առաջնորդական հմտությունների շնորհիվ: Արմեն Դարբինյանի կողմից իրականացվող՝ համալսարանի զարգացման ռազմավարությունը, արդյունավետ կառավարչական քաղաքականությունը և հարուստ փորձը դարձել են Համալսարանի կոլեկտիվի և ուսանողների բազմաթիվ հաղթանակների և նվաճումների գրավականը: Համալսարանի գործունեության հիմքում դրվել են կրթությանը և գիտությանը անկեղծ ծառայության և թիմային անձնուրաց աշխատանքի սկզբունքները: Համալսարանի ռեկտորը ձևավորել է յուրօրինակ համալսարանական մթնոլորտ, որը հիմնված է այնպիսի բարձր արժեքների վրա, ինչպիսիք են Սերը, Արդարությունը, Արժանապատվությունը, Ակադեմիական Ազատությունը, Ստեղծարարությունը, Համերաշխությունը, Ճանաչողությունը և Անձնական աճը:
2. Համալսարանն իր գոյության ողջ ընթացքում դրսևորել է ապաքաղաքական և անաչառ կեցվածք՝ հավատարիմ մնալով ակադեմիական ազատության, անկախության և անաչառության սկզբունքներին: Միևնույն ժամանակ վերջին արցախյան պատերազմից հետո երկրում ստեղծված աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, հասարական և քաղաքական իրավիճակը հարկադրում է արտահայտել մեր դիրքորոշումը:
Հրապարակայնորեն հայտարարում ենք՝ երկիրն այլևս չի կարող ունենալ փողոցային շարժումների արդյունքում ձևավորված իշխանություն: Այսպես կոչված «թավշյա» հեղափոխությունն ի վերջո հանգեցրեց ողբերգական հետևանքների, տարածքային և մարդկային հսկայական կորուստների և համազգային աղետի: Երկիրը նվաստացված է ու բզկտված: Իսկ իշխող ուժի որոշումը` արտահերթ ընտրություններից հրաժարվելու վերաբերյալ, ըստ էության, վերջնական դատավճիռ է պետությանը և հայ ժողովրդին:
3. Հաշվի առնելով այն ծայրաստիճան անմխիթար իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, լիակատար փլուզումից խուսափելու նպատակով, երկիրն ու պետությունը փրկելու համար, մենք հայտարարում ենք առկա խնդիրները սահմանադրաիրավական միջոցներով լուծելու անհրաժեշտության մասին:
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհուրդը պահանջում է այնպիսի կառավարության անհապաղ ձևավորում, որում կընդգրկվեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ ընտրված փոխհամաձայնության սկզբունքով և օժտված քաղաքական անձեռնմխելիությամբ: Հաջորդ քայլը պետք է լինի ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջների խիստ պահպանմամբ։
Հակառակ պարագայում` Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհուրդը գտնում է, որ ՀՀ Կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է անհապաղ հրաժարական տա:
Հիշեցնենք, Ֆեյսբուքյան իր առաջին գրառման մեջ, որը կատարել էր փետրվարի 10-ին, Արմեն Դարբինյանը նշել էր, որ հետապնդումների է ենթարկվում իշխանության կողմից, ու որ իրեն ցանկանում են ազատել բուհի ռեկտորի պաշտոնից: Նշում էր նաեւ, որ դրանց իրագործման համար ստվերային ուժեր են լծվել նաեւ ԿԳՄՍ նախարարությունից:
Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով հնչեցված մեղադրանքներին, նշեց, որ նախարարությունում չկան ստվերային ուժեր, եւ առաջարկեց բաց հայտարարել, թե ինչ ուժերի եւ առհասարակ ինչի մասին է գրառել համալսարանի ռեկտորը:
Ի պատասխան դրան՝ Արմեն Դարբինյանը կատարեց երկրորդ գրառումը՝ արդեն որոշակիորեն տալով մի քանի անուններ, այդ թվում՝ նախարարության ներկայացուցիչների՝ մասնավորապես նկատի ունենալով փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին, բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանին։
ԿԳՄՍ նախարարությունը ռեկտորի հայտարարություններն անհիմն էր որակել:
Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…
Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…
«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…