Մինչ Էդմոն Մարուքյանը առաջարկում է իրավիճակից դուրս գալու իր երրորդ ճանապարհը, որը պետք է իրացվի արտահերթ ընտրություններով և իշխանություն – զինվորականություն լարվածության լիցքաթափմամբ, «Հայրենիքի փրկության շարժումը» «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի շուրթերով հայտարարում է իրենց պայքարի «վճռական փուլ» մտնելու մասին։ Վերջինս աջակիցներին հորդորում է չհուսահատվել, քանի որ սա «համբերության կռիվ է», պայքարը դժվար է, բայց շատ մոտ է հաղթանակին։
«Չենք տրտնջում, հավասարակշռությունից դուրս չենք գալիս, վճռականությունը չենք թուլացնում»,- գրել է Արսեն Բաբայանը՝ հավելելով, որ իրենք պայքարում են «հանուն հայրենիքի»։
Նկատենք, որ «հանուն իրենց հայրենիքի» համար պայքարողները վերջին հույսը չեն կորցնում և փորձում են, սահմանադրական ճանապարհը շրջանցելով, հասնել իշխանափոխության իրենց ձեռնտու ճանապարհով։ Եվ այդ գործընթացներում խտրականություն չեն դնում միջոցների կիրառման մեջ, մեկը մյուսին հաջորդելով՝ լրատվական դաշտ են նետվում տարատեսակ, իրականությանը չհամապատասխանող լուրեր, շահարկում են գերիների հարցը (Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությունը, որ գերիների հարցը 2 օրում կարող է լուծել), խոսում են Տավուշում կատարվող սահմանազատման աշխատանքներից։
Գործողությունների սրընթացությունից ակնհայտ է դառնում, որ շարժման մեջ համատեղվածները շտապողականություն են դրսևորում, քանի որ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգը շատ ավելի իրատեսական է դառնում։ Ըստ էության, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, կողմ է օր առաջ ընտրությունների անցկացմանը որոշ վերապահումներով։ Նաև, մամուլում տեղ գտած լուրերի համաձայն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռ չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նրանց միջև ընթանում են միջնորդավորված բանակցություններ։ Իսկ եթե տեղի է ունենում խոսակցություն խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների և իշխանությունների միջև, ապա մեծանում է փոխըմբռման հավանականությունը, որը կարող է ելք դառնալ ճգնաժամային իրավիճակից։
Քրիստինե Հովսեփյան