«Ով մտածում է, որ վարչապետի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը չի կարող պաշտոնավարել, ես այդ հարցի պատասխանն ունեմ՝ կարող է»:
Այսօր ԱԺ-ում հայտարարեց Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հայտարարությանը, որում Փաշինյանը նշում է, որ իրավաբանների պնդմամբ վարչապետի հրաժարականի դեպքում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը նույն մարդը, Վարդանյանն ասաց.
«Ես չգիտեմ, թե 2018-ին ինչ իրավաբանների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը: Բացի դրանից 2018-ին իրավիճակը մի փոքր այլ էր, նաև պետք է հաշվի առնենք, որ վարչապետի հրաժարականը սոսկ հրաժարական չէ, այն անհրաժեշտ է, որ ԱԺ-ն իրավական ուժով արձակվի»:
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ ընդդիմությունը իր վարչապետի թեկնածուին կառաջադրի, պատգամավորն ասաց.
«Երբ դեռ ուղղակի իրավաբան էի, կարծում էի, որ ամենախորամանկ մարդիկ իրավաբաններն են: Քաղաքականության մեջ մտնելով հասկացա, որ իրավաբաններն ամենամիամիտն են: Այնպես որ, ես ոչինչ չեմ կարող բացառել, բայց կան որոշակի պայմանավորվածություններ, կա որոշակի բարոյականության սահմաններ, հուսամ, որ կան, և հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենա: Դա կնշանակի, որ քաղաքական ուժերը չեն ցանկանում երկրում կայունություն լինի»,-նշեց Վարդանյանը:














