Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը ցավով արձանագրեց, որ 106 տարի անց հայերը կրկին բախվում են ծայրահեղականության, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարման արհավիրքին, ինչի ծայրահեղ դրսևորումներ դարձան սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Արցախի հայության դեմ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան, իրականացված ռազմական վայրագություններն ու հանցագործությունները և դրանց հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը։
«Մինչ օրս լիարժեք լուծում չեն ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր և, առաջին հերթին, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը»,- շեշտեց Այվազյանը։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանն, անշուշտ, իր եղբայրների ու քույրերի կողքին է՝ Արցախում առաջացած հումանիտար աղետի հասցեագրման հարցում, սակայն այստեղ զգում է միջազգային հանրության աջակցության կարիքը։
«Լիահույս եմ, որ մեր միջազգային գործընկերները կարձագանքեն մարդասիրական կոչին, ինչը նաև կարևոր ներդրում կլինի՝ մեղմելու 44-օրյա պատերազմի հետևանքները։ Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել հայ-լիտվական հարաբերությունների կարևոր ներուժը և այն լիարժեք կյանքի կոչելու մեր պատրաստակամությունը»,- ամփոփեց արտաքին գերատեսչության ղեկավարը։














