Հայաստանի պատվիրակությունն ասուլիսով ամփոփեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի արդյունքները։ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ պատվիրակության գերխնդիրը՝ հայ ռազմագերիների թեման հերթական անգամ քննարկման դնելն էր լիագումար նիստում, ինչը հաջողվեց, եվրոպացի բոլոր պատվիրակները միաբերան կարծիք արտահայտեցին առ այն, որ ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն։ Պատգամավորը հիշեցրեց՝ ընդունվեց հայտարարություն, որով կրկին կոչ արվեց Ադրբեջանին շուտափույթ վերադարձնել գերեվարված զինվորներին և Ադրբեջանում պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց։
Ռուբինյանը նշեց, որ Ադրբեջանը պահում է իրեն ծայրահեղ ապակառուցողական՝ ոտնահարելով եռակողմ հայտարարության իր պարտավորությունները և միջազգային հումանիտար իրավունքը։ Ադրբեջանի վրա միջազգային ճնշման մեծացման միջոցով միայն կարելի է հասնել խնդրի դրական հանգուցալուծման, ուստի անհրաժեշտ է օգտագործել դիվանագիտական, քաղաքական և իրավական բոլոր հարթակները՝ հարցը բարձրաձայնելու համար։
Լրագրողի այն հարցին, թե «ի՞նչ տվեց Հայաստանին ռազմագերիների հարցի բարձրաձայնումը ԵԽԽՎ-ում», պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հակադարձեց.
«Ռազմագերիների հարցը պետք է բարձրացնել բոլոր հնարավոր հարթակներում, քանզի Ժնևյան կոնվենցիաներն աշխարհում ամենամեծ վավերացում ունեցող փաստաթղթերն են, դրանց մասնակցում է ավելի շատ պետություն, քան ՄԱԿ-ին են անդամակցում։ Այդ կոնվենցիայի 1-ին հոդվածը հստակ նախատեսում է, որ պետությունները պարտավոր են կատարել այս կոնվենցիան և պարտավոր են ստիպել, որ այս կոնվենցիան կատարեն մյուս պետությունները։ Ռազմագերիների հայրենադարձումը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ պահանջ է, և այդ հարցը հարիր է քննարկել ցանկացած հարթակում, ցանկացած ձևաչափում։ Չի կարող լինել որևիցե բայց և որևիցե եթե՝ որևէ մեկը հակառակ բան չի կարող ասել։ Ռազմագերիները պետք է վերադարձվեն, հակառակը՝ ռազմական հանցագործություն է»։
Իսկ Ռուբինյանը հավելեց՝ այն շրջանակները, որոնք գտնում են, որ ԵԽԽՎ-ում քննարկումները չեն կարող արդյունավետ լինել և նպաստել խնդրի լուծմանը, պետք է կողմնորոշվեն, քանի որ մինչ այդ էլ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությանը մեղադրում էին ապաշնորհության համար, որ չկարողացան օրակարգ մտցնել հայ ռազմագերիների քննարկման հարցը։
Քրիստինե Հովսեփյան














