Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, երբ այլևս ակնհայտ է, որ հունիս 20-ի ընտրություններն այլընտրանք չունեն, ընդդիմադիր հայտնի շրջանակները սկսել են աղմկել, նույնիսկ շանտաժի ենթարկել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին՝ «Լուսավոր Հայաստանին» և «Բարգավաճ Հայաստանին»։
Այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանը հաստատեց, որ, ըստ ձեռք բերված համաձայնությունների, իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու և պատրաստվելու են առաջիկա ընտրություններին, նախկին ռեժիմի սպասարկուները և 17-ում համախմբված մարդ-կուսակցություններն անմիջապես անցան ընդդիմադիր խմբակցությունների վրա ճնշումներ գործադրելուն` գրեթե վիրավորանքների և սպառնալիքների սահմանները հատող հայտարարություններով հանդես գալով։
Թեպետ հասարակությունը վաղուց վարժվել է քաղաքական դաշտում ոմանց կողմից օգտագործվող ամենատարբեր մեթոդների կիրառությանը, բայց և այնպես, աչք է զարնում այն, որ հայրենիքի փրկության համար ամիսներ շարունակ փողոցում պայքարողները և կուրծք ծեծողները դեմ են քաղաքակիրթ լուծումներից և ջանում են տապալել արդեն սկսված պրոցեսը։
«Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն առայժմ չեն հայտարարել, որ առաջադրելու են իրենց թեկնածուին։ Եթե դա չանեն, ուրեմն այդ 2-ը քաղաքական ուժ չեն, այլ օրվա իշխանությունների սպասարկու, խամաճիկ։ Ինչ վերաբերում է «Իմ քայլին», ապա վստահության քվեն ստանալու պարագայում, այս ազգադավները կբացեն Ալիևի ուզած Զանգեզուրի միջանցքը և ստորացուցիչ «խաղաղության» պայմանագիր կկնքեն նրա հետ»,- գրել է Հրանտ Բագրատյանը։
Իհարկե, հասկանալի են Բագրատյանի և մյուս լուսանցքային դեմքերի մտահոգությունները, որ հերթական անգամ դժվար թե արժանանան հասարակության վստահությանը քվեի տեսքով, սակայն պետք է նկատել՝ նրանք բարձրաձայնում են փրկության խմբակին անդամակցող բոլոր ուժերի միասնական դիրքորոշումը, որոնք ընտրություններում ձայներ հավաքելու քիչ թե շատ հնարավորություններ ունեն, բայց դեռ փայփայում են կուլիսային պայմանավորվածություններով իշխանությունը մեկընդմիշտ զավթելու և «մեջմեջ» անելու «հրաշալի մտահղացումը»։ Եվ միանգամայն հասկանալի է նրանց՝ մանրամասն մտածված, բայց այդպես էլ կյանքի չկոչված նախագծի առաջ մղման գերագույն ցանկությունը, որի իրագործման առաքելությունը իրենց վրա են վերցրել ամենահուսահատները։ Փորձը փորձանք չէ, ուստի հոգու հանգստության և վերջին շանսը բաց չթողնելու համար՝ կրկին փորձեք։
Քրիստինե Հովսեփյան














