Մայսիսի 25-ին կայացավ «Հայաստան» դաշինքի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի, Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը։ Բովանդակային առումով բնականաբար նորություն չկար․ բայց հատկանշական ձևակերպումները ևս մեկ անգամ առիթ են տալիս հիշելու, թե նաև ինչն է մերժել ժողովուրդը 2018-ին։
Դիցուք` հետաքրքրական դրվագներից մեկը. Լրագրողի դիտարկմանը, որ իշխող ուժն ունի հանրային վստահություն՝ ըստ սոց․ հարցումների, Քոչարյանը, առանց թաքցնելու այդ վստահությունը կրող հանրույթի նկատմամբ բացարձակ անարգանքը՝ ասաց, որ «մաշըցնելու են մինչև քոքը»։
10 տարի շարունակ երկիրը ղեկավարած նախագահը մինչ օրս չի համակերպվել իշխանություն ընտրելու՝ ժողովրդի անվիճելի իրավունքի հետ, չի ընդունել, որ հանրային վստահությունը իշխանության կարևորագույն ցուցիչն է, որն արհեստածին գործոններով «մաշըցնել» չի լինի։
Չնայած հատկանշական է, որ նախագահն անկեղծ ինքնախոստովանությամբ հայտնեց նաև «մաշըցնել» գործիքակազմը։ Նախագահն արձանագրեց, որ էական տարբերություն կա, թե այդ սոց․ հարցումները ո՞ր բնակավայրերում են իրականացվել, որովհետև «արդյունքները մեծապես կախված են, թե ինչ լրատվական միջոցներ ինչ հասանելիություն ունեն Հայաստանի տարածքում, ինչ քարոզչության ազդեցության տակ է այս կամ այն բնակավայրը»։
Գաղտնիք չէ, որ ամենամեծ քարոզչական ռեսուրսները, հատկապես` հենց մեդիագործիքների տեսքով, հենց այս շրջանակի շարքերն են սպասարկում։ Ուստի` ակնհակտորեն սա ոչ այլ ինչ է, քան ինֆոտեռորի նպատակների հստակ սահմանում։ Պրիմիտիվ թվացող, բայց միջին վիճակագրական ընտրազանգվածի վրա թեկուզ ապատեղեկատվությամբ և խտացված գույներով փաթեթավորված քարոզչությունը գործող իշխանությունների վարկանիշը «մաշըցնելու» միակ նպատակն է, որին հասնելու համար ոչնչի առջև կանգ չեն առնում։ Ժողովուրդն այս գործելակերպն արդեն ազգովի մերժել է մեկ անգամ, և դա կանի ևս մեկ անգամ` հունիսի 20-ին` այս անգամ անվերադարձ նրանց թողնելով մերժված անցյալում։














