Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ այսօր վաղ առավոտյան այցելել է Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ: Պարեկային նոր ծառայության ծառայողների ծառայության դուրս գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել շարային ստուգատեսին:
Վարչապետի պաշտոնակատարը դիմել է ներկաներին՝ նշելով.
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեծարգո պետ, Ոստիկանության պետի տեղակալներ, Պարեկային ծառայության հարգելի ծառայողներ, շնորհավորում եմ բոլորիս Պարեկային ոստիկանության ծառայության մեկնարկի առիթով: Սա մեր կառավարության կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ: Բայց իրականում մենք սա պետք է ավելի լայն համատեքստում դիտարկենք՝ իրավակարգի, պետություն-քաղաքացի, ոստիկան-քաղաքացի հարաբերությունների, բարեփոխումների տրամաբանության մեջ: Եվ այստեղ ուզում եմ երկու զուգահեռ պրոցեսներ նկարագրել. առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի պաշտպանությունն է և երկրորդը՝ իրավակարգի ու օրիանականության պաշտպանության համատեքստում Ոստիկանություն-քաղաքացի համագործակցությունը, Ոստիկանություն-քաղաքացի փոխօգնությունը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային ծառայությունն այս ձևակերպման կարևորագույն խորհրդանիշներից մեկն է: Այսօր Ոստիկանությունը ներկայանում է նոր կերպարով, տեխնիկական նոր հագեցվածությամբ, մասնագիտական նոր հմտություններով, և սրա արդյունքը պետք է լինի նոր որակի իրավակարգը Հայաստանի Հանրապետությունում, տվյալ դեպքում մայրաքաղաք Երևանում, որովհետև Պարեկային ոստիկանության ծառայությունը սկսում է մայրաքաղաք Երևանից: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կառավարությանը տվել է իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մանդատ և ՀՀ քաղաքացիները Պարեկային ոստիկանության ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգուկանոնի նոր որակ տեսնեն մայրաքաղաք Երևանի փողոցներում: Եվ ահա այս կարևորագույն առաքելությունն է, որ դուք պետք է իրականացնեք: Բայց մենք պետք է արձանագրենք, որ իրավակարգը, օրենքի և իրավունքի դիկտատուրան հաստատվում է ոչ միայն պատիժներով, ոչ միայն սանկցիաներով, այլև քաղաքացիներին ուղղորդելով, աջակցելով, օգնելով, որպեսզի նրանք տեղավորվեն և ճիշտ գործեն տվյալ իրավիճակում, օրենքի և իրավունքի տրամաբանության մեջ: Մյուս կողմից, քաղաքացին պետք է տեսնի, որ իրավունքը և օրենքն իրեն օգնության եկող, աջակցող և ոչ թե իր համար խոչընդոտներ հարուցող երևույթ է: Եվ այստեղ է, որ պետք է տեղի ունենա հանդիպումը, փոխօգնությունը, փոխշահավետությունը: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պիտի տեսնի և արձանագրի, որ օրենքը և իրավունքը, որ պետության ուժը, որ ժողովրդի իշխանության ուժը, վճռականությունը և հետևողականությունն այն հենքն են, որի վրա կանգնած է մեր պետությունը, որի վրա կանգնած է մեր իրավակարգը և որի վրա հենվում են քաղաքացիների հարաբերությունները միմյանց և պետության հետ: Պարեկային ոստիկանության հարգելի ծառայողներ, կրկին բոլորիս և ձեզ շնորհավորում եմ այս նոր ծառայության մեկնարկի առիթով: Իհարկե, առաջին օրերին ծառայությունը դեռ ի հայտ կբերի բազմաթիվ նոր մարտահրավերներ, ի հայտ կգան թերություններ, որոնք մենք հընթացս իհարկե կշտկենք, բայց ուզում եմ ընդգծել՝ շատ կարևոր է, որ Պարեկային ծառայության, Ոստիկանության անձնակազմի մեծ մասը մարդիկ են, ովքեր նախկինում Ոստիկանությունում չեն աշխատել և բավականին շոշափելի հատվածը մարդիկ, ովքեր երկար տարիներ Ոստիկանությունում ծառայության փորձ ունեն: Ահա փորձի և թարմության այս խառնուրդը պիտի նոր որակ բերի մեր Ոստիկանությանը, պիտի նոր որակ բերի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգին, պիտի նոր որակ բերի օրինականությանը, կարգուկանոնին մայրաքաղաք Երևանի փողոցներում: Մենք, իհարկե, այս գործընթացը շարունակելու ենք և Պարեկային ոստիկանությունը պիտի տարածվի Հանրապետության բոլոր մարզերով, բոլոր քաղաքներով, բոլոր գյուղերով, բոլոր բնակավայրերով և պետք է նոր որակի հարաբերություններ ստեղծվեն Ոստիկանության և քաղաքացիների միջև: Շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատեցին այս կարևորագույն բարեփոխումն իրագործելու և կյանքի կոչելու համար: Շնորհակալություն, բարի և արդյունավետ ծառայություն»:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Վահե Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել է Պարեկային ծառայության նոր ավտոմեքենաների հագեցվածությանը, որոնք համալրված են տեխնիկական ու հատուկ ժամանակակից միջոցներով: Վարչապետի պաշտոնակատարը ծաղիկներ է խոնարհել նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Ոստիկանության ծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…