ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատապարտել է այսօր նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպը:
«Բռնությունն արդարացում չունի և անընդունելի է: Ազգային ժողովն այն տեղը չէ, որտեղ բռնություն պետք է կիրառվի»,- ասաց Սիմոնյանը:
Նա խոսեց նաև լրագրողների հետ տեղի ունեցածի մասին:
«Շատ տարբեր իրավիճակներ, որոնց մենք ականատես ենք եղել, հիմա քննարկման առարկա են դարձել: Որոշակի լուծումներ ենք գտնելու այդ իրավիճակներից խուսափելու համար: Օրինակ՝ ես համարում եմ, որ անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հրավիրելը: Եվ ես քննարկել եմ գործընկերներիս հետ, և ամենայն հավանականությամբ, Աստված մի արասցե, եթե նման իրավիճակ կրկին լինի, մենք որևիցե ձևով լրագրողներին այնտեղից պետք է չհանենք: Չնայած բնական է, կա մտավախություն, որ կարող է անվտանգության ինչ-որ բան սպառնա: Հետո կա կարծիք, որ ճիշտ չէ, որ պատգամավորների կամ որևէ մեկի լուսանկարը կամ տեսանյութը մի վիճակում, որտեղ իրեն հարվածում են, կամ ինքը գետնին է ընկնում, դուրս գա եթեր»,- ասաց Սիմոնյանը: