«Վերցրու գլխաշորդ, մի քիչ փող և արի ճամփորդենք…». ՄԱՐԻԱՄ ԾԱՏՐՅԱՆ

Արևելքի գույների ու բույրերի շռայլությանը, կացութաձևին ծանոթանալու լավագույն և մատչելի ճանապարհը Իրանում ճանապարհորդելն է:

Մի քիչ փող, գլխաշոր, ազդրերը, պարանոցն ու թևերը փակող զուսպ հագուստ, տարածքային անձնագրային բաժին մեկանգամյա այց, բանկում ընդամենը 1000 դրամ վճար, պարսկերեն մի 50 բառ, և կարող ես մեկնել Իրան:

Հայկական անցակետում անձնագիրդ ստուգելու են ոչ միայն հայ, այլև ռուս սահմանապահները:

Պարսկական անցակետում քեզ դիմավորելու են անշուք հագնված, հաճախ հողաթափերով և չխնամված արտաքինով, խորամանկ և որոնողական հայացքներով տղամարդիկ: Պետք չէ վախենալ: Հայկական դրամը «ձեռքի վրա թուման փոխող» տղաներն են, որոնք վարժ խոսում են հայերեն, ճանաչում են հայ հայտնի առևտրականներին և քեզ գրավելու, վստահություն ներշնչելու համար իրար հերթ չտալով՝ ասում են. «Ձեր Նիկոլն էլ ա ինձ մոտ փող փոխել, արի»:

Պաշտոնական հռչակված փողը Իրանում կոչվում է ռիալ: Սակայն բոլորն առևտուր են անում թումանով: Այն Պարսկաստանում տարածված էր մինչև 1932 թվականը, երբ փոխարինվեց ռիալով։ Ներկայումս տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ նպատակ ունենալով դյուրացնել դրամական հաշվարկները: Մինչ օրս թումանը համարվում էր ոչ պաշտոնական դրամական միավոր։ Իրանի Կենտրոնական բանկի թղթադրամներում և խանութներում շրջանառվում էր ռիալը, սակայն առօրյայում իրանցիներն օգտագործում էին «թուման» բառը, ինչը որոշակի խառնաշփոթ էր առաջացնում։

Այսպես՝ եթե ձեր ձեռքում 500.000 ռիալ է, ապա մտքում կրճատում եք մեկ զրոն, դառնում է 50 հազար թուման, վերջինս էլ ՀՀ դրամի վերածելու համար բաժանում եք օրվա փոխարժեքին: Ենթադրենք՝ թումանի օրվա փոխարժեքը 27 է՝ 50.000:27=1850 ՀՀ դրամ: Հետևապես՝ 50 հազար թումանը, որքան էլ որ հնչեղ է, այդքան էլ մեծ գումար չէ:

Պատմամշակութային հայտնի վայրերը…

Հնագույն քաղաքակրթություն ունեցող բազմագույն ու բազմաշերտ երկիրը բացահայտելը այդքան էլ հեշտ գործ չէ:

Եկեք նախ ճանապարհորդենք մինչև Թավրիզ՝ Մեղրու մաքսակետից 280 կմ հեռավորություն ունեցող և 2018թ․ իսլամական աշխարհի զբոսաշրջության կենտրոն ճանաչված քաղաք:

Առաջին գյուղը, որը մեզ հանդիպում է սահմանն անցնելիս, Քյոթամն է՝ պատմական Գողթան գավառում:

Երկար ձգվող աջակողմյան տարածքը Նախիջևանն է, որտեղով ժամանակին անցել է Երևան-Օրդուբադ-Մեղրի երկաթուղին:

Ճանապարհին երկար ժամանակ քեզ ուղեկցում է հեռվում անսասան կանգնած գեղեցկատես Օձասարը, որի մի հատվածը երևում է նաև հարավային Ագարակ քաղաքից: Այս լեռան վրա է գտնվում պատմական Երջնակ բերդը: Այստեղ՝ բերդին հարակից տարածքում, Սյունյաց նախարարները 10-րդ դարում կառուցել են նույնանուն բերդաքաղաք. (Հենց այստեղ են տեղի ունեցել պատմական զարգացումները, երբ 909 թվականին Ատրպատականի սաջյան ամիրա Յուսուֆի զորքերը, երկրի բազմաթիվ շրջաններ ավերելուց հետո, պաշարել են Երնջակը: Բերդի պաշտպանները հաջողությամբ կասեցրել են թշնամու գրոհները: Ապարդյուն են անցել Յուսուֆի՝ բերդը դավադրությամբ գրավելու ուղղությամբ թափած ջանքերը: Նա խաբեությամբ նախ գերել է Սմբատ Ա-ին, ապա փորձել համոզել, որ հայ ռազմիկներին անձնատվության կոչ անի, սակայն հայոց շղթայակապ թագավորը բերդապահ զինվորներին հորդորել է շարունակել դիմադրությունը: Յուսուֆին մեծ դժվարությամբ է հաջողվել գրավել Երնջակը: Հայոց արքան նրա հրամանով սպանվել է…

Ի դեպ, 2012 թվականի ապրիլի 28-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքում հայտնվել է Երնջակաբերդ այցելած զբոսաշրջիկների մի տեսագրություն, որտեղ պարզ երևում են ամրոցի մնացորդները)։

Ի տարբերություն Հայաստանի՝ այստեղ ճանապարհները հոգնեցուցիչ չեն, և որակյալ ասֆալտը հնարավորություն է տալիս սահուն կտրել-անցնել ողջ Արևելյան Ատրպատականը:

Մինչև Ջուլֆա հասնելը Իրան մեկնող տուրիստների համար առաջին կանգառը Ավերակ-ջաղաց վայրն է:

Բնությունն ինքն է կերտել այս խորհրդավոր բնաշխարհը՝ մամուռով պատված բարձրաբերձ հողաթմբեր և շիթերով ցած թափվող պաղ ջրեր, կարելի է իջնել ոտաբոբիկ, զովանալ, լուսանկարվել:

Հաջորդ կանգառը Խոջա Նազարի քարավանատունն է:

Այն հայազգի առևտրականների համար 16-18-րդ դարերում ծառայել է որպես իջևանատուն, հանգստի կետ՝ Թավրիզից դեպի Սև ծով տանող ճանապարհին: Այն նաև «Մետաքսի ճանապարհի» հյուսիսային ուղղությունն է: Մեր օրերում այն ծառայում է որպես թեյատուն (չայխանա), որտեղ նաև պատրաստում, ցուցադրում և վաճառում են իրանցի վարպետների ձեռագործ-նկարազարդ աշխատանքներ: Գները մատչելի են: Որպեսզի պատկերացում կազմեք, կասեմ՝ միջին չափ ունեցող կավե նկարազարդ, սափորի տեսք ունեցող ծաղկամանը արժե 3000 դրամ:

Հաջորդ պատմամշակութային վայրը Հովվի մատուռն է:

Այն թվագրվում է 13-րդ դարով: 2008թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում: Այն կառուցել են հայ երկու հովիվ եղբայրներ Արաքսի հանդիպակաց ափերին: Մյուսը Նախիջևանի տարածքում է եղել, որը ավերված է: Այստեղից կարելի է տեսնել Հին Ջուղայի գերեզմանատուն-խաչքարադաշտը, որը 2003-2004 թթ. ոչնչացրել են ադրբեջանցիները: Ավելի քան 2500 արվեստի գլուխգործոց բարբարոսաբար վերածվել է խճաքարի և լցվել Արաքս գետը: Ի դեպ, այժմ փորձում են վերականգնել խաչքարերի 3D ձևաչափով վիրտուալ տարբերակները՝ Ավստրալիայի կաթոլիկ համալսարանի նախաձեռնությամբ:

Նույն տարածքում և ընդամենը հաշված կիլոմետրերի վրա է գտնվում մեկ այլ չքնաղ կոթող՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցական համալիրը, որը հայտնի է նաև Մաղարդավանք կամ Դարաշամբի եկեղեցի անունով:

Այն Իրանում գտնվող հայկական վանական երեք համալիրներից մեկն է:

Վերջինս նույնպես 2008 թ․ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այժմ ներառված է Ատրպատականի հայոց թեմի մեջ: Եկեղեցու որմնանկարները հայկական հայտնի նկարչական տոհմի՝ Հովնաթանյանների վրձնին են պատկանում՝ նման Մեղրու եկեղեցիներին: Կիսաշրջանաձև բուրգերով, ուժեղացված պարիսպներով շրջապատված Սբ. Ստեփանոս եկեղեցին վանական համալիր լինելուց բացի ունեցել է պաշտպանական նշանակություն և շրջակայքի բնակչության համար ծառայել է որպես պաշտպանական ամրոց:

Այստեղ ապրել և ստեղծագործել, կրթություն են ստացել հոգևորականները, և այժմ Սբ. Ստեփանոս եկեղեցուն կից պահպանվում են վանական խցերը: Եկեղեցին ունի թանգարան, որտեղ պահվում են զարդանմուշներ, ջուղայեցի կանանց հանդերձանքը, կացութաձևը խորհրդանշող նմուշներ:

Եկեղեցու բակում սառնորակ ջուր է հոսում՝ ամրացված վահանակին պարսկերենին կից հայառատ վերտառությամբ՝ «Խմելու ջուր»:

Վանքին կից՝ թթենիների շուքի տակ, փայտե սեղաններով շրջապատված թեյարան կա, որտեղ կարելի է կանգ առնել և սնվել: Այստեղ շաքարով համեղ թեյ, քաղցրավենիք և պաղպաղակ են հյուրասիրում:

Այս տարածքում, հատկապես հանգստյան օրերին, կարելի է տեսնել քաղաքաբնակների: Նրանք անմիջապես տարբերվում են իրենց գերխնամված տեսքով, առավել նուրբ ու քիչ ծածկված հագուստով ու գլխաշորով, արդուզարդով: Մինչդեռ տեղաբնակները և առավել պահպանողական հատվածը կրում են սև և ոտքերը ծածկող հեջաբ։

Հաջորդ կանգառը եզակի, ամենահրաշագեղ պատմական Քանդովան գյուղն է:

Այս գյուղը ժայռափոր քարանձավներով հայտնի գյուղ է, որը աշխարհի երեք հնագույն քարանձավային գյուղերից մեկն է (երկուսը ԱՄՆ-ում է): Գյուղը գտնվում է Իրանի հինգ հրաբխային լեռներից մեկի՝ Սահանդի լանջին՝ Օսկու քաղաքի մոտ: Պատմական ու ավանդական տները ունեն ճարտարապետական եզակի ոճ, և մի խումբ հետազոտողների կարծիքով այդ տները կառուցվել են հիջրայի 7-րդ դարում, մոնղոլների արշավանքի հետ միաժամանակ:

Ճարտարապետությունը և հին հյուսվածքով ժողովրդի կյանքը, նիստուկացը ուղղակի եզակի երևույթ են ողջ աշխարհում: Բնակարանները կոնաձև են, մեղվի փեթակների նման, փորվել են լեռան մեջ, և հետաքրքիրն այն է, որ մեղրը համարվում է գյուղի արտադրանքներից մեկը:

Ասում են՝ գյուղն անվանել են Քանդովան՝ մեղվի փեթակներին ունեցած նմանության համար («քանդու» թարգմանաբար նշանակում է փեթակ):

Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ:

Ժայռաբեկորների մեջ տեղադրված ջրի խողովակները և էլեկտրալարերը արտահայտիչն են շրջակա միջավայրի և բնության հետ մարդու խաղաղ գոյակցության: Գյուղը նման տեսք է ստացել հազարավոր տարիների ընթացքում. լավաների զանգվածները քամու, անձրևի և ձյան միջոցով նման տեսք են ստացել: Այս կացարաններում, որոնք կոչվում են քյարաններ, ձմռանը տաք է, ամռանը՝ զով: Կոնաձև տեսքի բերումով քյարանների մեծ մասը ունի տարբեր հարկեր, որոնք ներսից հաճախ միմյանց հետ կապ չունեն:

Գյուղն ունի մզկիթ, ջրաղաց, դպրոց: Տարեկան ավելի քան 300 հազար զբոսաշրջիկ է այցելում այստեղ:

thearmenians.am

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

5 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

7 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

8 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

9 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

10 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

11 hours ago