Ես համաձայն չեմ Ադրբեջանի նախագահի ձևակերպման հետ, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը կատարվել են՝ բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Իլհամ Ալիևին:
«Պատանդների և այլ կալանավորների, ռազմագերիների խնդիր կա, և սա շատ կարևոր մարդասիրական խնդիր է։ Բայց այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն խնդիրները բարձրաձայնելու, այլ խոսելու և քննարկելու այն խնդիրները, որոնք կան լուծելու։ Գլխավորն այն է, որ մենք կարողացանք կոնկրետ որոշումների գալ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունացման վերաբերյալ։ Մեր պարտականությունն է խաղաղությունը, կայունությունը և մարդկանց անվտանգությունը»,- նկատեց ՀՀ վարչապետը:














