Categories: Լրահոս 24/7

Վաճառվել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքի դղյակը

Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը վաճառվել է, այն ունի նոր սեփականատեր։ Գործարքը կատարվել է մարտի 1-ին։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է այս գործարքը։

Սիվիլնեթի փոխանցմամբ, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը Երևանի Ազատության պողոտայում ուներ երկու առանձնատուն։ Դրանցից մեկը պատկանում էր նրա որդուն՝ Արգամ Աբրահամյանին, մյուսը՝ կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին։ Վաճառված առանձնատունը Արգամ Աբրահամյանինն էր, կառուցվել էր խորհրդարանի շենքի նմանությամբ։ Ըստ կադաստրային փաստաթղթերի՝ առանձնատան տարածքը 2 580 քառակուսի մետր է։ Տարածքի սեփականատերը նախ Հովիկ Աբրահամյանի վարորդ, մրգավետցի Գրիգոր Գևորգյանն էր, որը 2013-ին նվիրատվությամբ այն փոխանցել է Արգամ Աբրահամյանին։ Նվիրատվության պայմանագրին հաջորդել էր Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքին հասցեի տրամադրումը, ապա շինարարությունը և այլն։

Առանձնատան նկուղային հատվածը բաղկացած է երկու սաունաներից, երեք սանհանգույցներից, մարզման սրահից, մերսման սրահից, կինոդահլիճից, տան սպասավորների համար նախատեսված ննջասենյակից, մառանից։ Առաջին հարկն ունի երեք սանհանգույց, հյուրասենյակ, ճաշասենյակ, բուխարիի համար նախատեսված տարածք, հանդերձարաններ։ Երկրորդ հարկում տեղակայված են չորս ննջարան, չորս սանհանգույց, չորս հանդերձարան, կա բացօթյա պատշգամբ։ Բակում կա երկու զրուցարան, երկու պահակակետ, կաթսայատուն, ջրավազան։ Գույքի կադաստրային արժեքը ավելի քան 310 միլիոն դրամ է։
Աբրահամյանների առանձնատները պարբերաբար գործող իշխանությունների կողմից վկայակոչվում էին որպես կոռուպցիայի ցցուն օրինակ։ Իրենց ելույթներում այդ մասին էին հայտարարում գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ։ Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2017-ին հայտարարել էր. «Հաղթանակ զբոսայգին ու նրա մերձակա տարածքները կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ։ Բացառված է, որ այնտեղ լինի հողակտոր, որևէ գործողություն, որ կոռուպցիայի հետ կապ չունենա»։ Փաշինյանը նաև գաղափար էր առաջ քաշել, որ կոռուպցիայի թանգարանում որպես գիդ կարող է աշխատել Հովիկ Աբրահամյանը։

Հանրային հեռուստաընկերությունը 2020-ի փետրվարին անդրադարձել էր, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը փորձում էր օրինականացնել իրենց տան հարևանությամբ գտնվող 450 քառակուսի մետր մակերեսով ապօրինի շինությունը։ Մոնումենտում առկա ապօրինի շինությունների օրինականացմանը Փաշինյանն անդրադարձել էր, Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքներից այլ տեղեկություններ չկան։

«Գոլդեն փելիս»-ի սեփականատերը ձեռք է բերում Աբրահամյանի առանձնատունը

Հովիկ Աբրահամյանի ընտանիքից առանձնատունն անցել է նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքին։ Մարտի 1-ին Արգամ Աբրահամյանը առանձնատան առքուվաճառքի պայմանագիր է կնքել Նալբանդյանի կնոջ՝ Լիլիթ Պետրոսյանի հետ։ Առանձնատան գինը կազմել է 2,5 միլիարդ դրամ (ավելի քան 5,1 միլիոն դոլար)։ Դրանից 48 միլիոն դրամը գնորդ Լիլիթ Պետրոսյանն արդեն վճարել է, մնացած 2,452 միլիարդ դրամը վճարվելու է մինչև օգոստոսի 1-ը։ Այդ ժամանակ է նախատեսված առանձնատան հանձնումը Պետրոսյանին։

Նարեկ Նալբանդյանին լայն հանրությունը ծանոթացավ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրի օտարման ժամանակ։ Փետրվարի 11-ին պետությունը վաճառեց «Գոլդեն փելիս»-ը, գնորդը Նարեկ Նալբանդյանն էր՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության միջոցով։ Գործարքը կազմել էր 5 միլիարդ դրամ։ ՍիվիլՆեթն անդրադարձել էր Նալբանդյանի գործունեությանը։ Նշել էինք, որ վերջինս «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատերն է, ընկերության բաժնետեր է դարձել 2019-ից։

Նալբանդյանի բիզնեսների էական ընդլայնումը տեղի է ունեցել 2018-ից հետո։ Նա հիմնել է «Նալբանդյան» ապրանքանիշի ալյուրի արտադրություն,երկու ալրաղացներ, ունի բեռնափոխադրմամբ զբաղվող 200 մեքենայից բաղկացած ավտոպարկ, բեռնատար մեքենաների ավտոտեխսպասարկման խոշոր կենտրոն։ Նալբանդյանին է պատկանում Շիրակի թռչնաբուծական ֆաբրիկան, որը հավկիթի շուկայում, ըստ ոլորտի խաղացողների, ինքնարժեքից ցածր գնով հավկիթ է հանել վաճառքի։ Նարեկ Նալբանդյանը զբաղվում է նաև ցեմենտի դիստրիբուցիայով, ունի 40 հեկտար պտղատու այգիներ, խոշոր սառնարանային տնտեսություն, վերջերս հիմնել է համակցված կերերի գործարան։ Անցյալ տարի Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ին հանձնվեցին Սևանա լճի հանրային լողափերի սպասարկման իրավունքները։ Նրա կինը՝ Լիլիթ Պետրոսյանը, բաժնետեր է «Ման եղբայրներ» ՍՊԸ-ում, որը, ըստ հարկ վճարողների փնտրման համակարգի, զբաղվում է հացի արտադրությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

1 hour ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

4 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

4 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

6 hours ago