Երևանի զբոսաշրջիկները Վարդավառ են խաղում: Երջանիկ պատահականությամբ այսօր Երևանում հայտնված օտարերկրացիները և՛ զարմացած են, և՛ հիացած։ Նրանք առիթը բաց չեն թողնում և տեղացիների հետ միասին ջրում են իրար ու ջրվում։ Թե ինչ է այժմ կատարվում Երևանի փողոցներում, բառերով դժվար է նկարագրել: Sputnik Արմենիայի թղթակիցը շրջել է Երևանի փողոցներում և զրուցել թաց զբոսաշրջիկների հետ:
Այսօր առավոտից Երևանի փողոցներում աշխույժ եռուզեռ է: Բոլորը իրար վրա ջուր էին լցնում՝ անտեսելով տարիքը, սեռն ու հասարակական դիրքը: Դժգոհել կամ վիրավորվել չի կարելի, քանի որ համարվում է, որ այս օրվա ջուրը մաքրագործում է:
Հանրապետության հրապարակում հավաքված զբոսաշրջիկները բարձր երաժշտության տակ պարում են՝ միմյանց վրա պարբերաբար ջուր լցնելով:
«Մենք շատ ուրախ ենք, որ Երևանում կարողանում ենք այսպես հիանալի ժամանակ անցկացնել: Հայերի սիրած տոնը՝ Վարդավառը, մեզ էլ է դուր գալիս: Մեզ արդեն նախապես զգուշացրել էին, թե ինչ է այստեղ կատարվելու, այդ պատճառով էլ հեռախոսները չենք վերցրել»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է Ուկրաինայից ժամանած զբոսաշրջիկը, որն իր երկու ընկերների հետ, լիքը դույլերով ջրոցի է խաղում:
Նրա մյուս ընկերը, որը Հայաստան է ժամանել Բելառուսից նշեց, որ իրենք Վարդավառի մասին այդքան էլ շատ բան չգիտեն .«Միայն այն գիտեմ, որ մարդիկ միմյանց ջրում են մաքուր ջրով և առողջություն մաղթում»,-նշում է զբոսաշրջիկը և խոսքը փոխանցում իրենց երրորդ ընկերոջը, որը Հայաստան է ժամանել կրկին Ուկրաինայից:
«Սա հիանալի ազգային տոն է, որը մարդկանց միավորում է: Առավոտից խաղում ենք և դեռ տուն գնալու կամ փոխվելու մտադրություն չունենք »,-նշեց երիտասարդը ու շտապեց իր ջրի պաշարը վերականգնելու:
Իրանից ժամանած երիտասարդը նախընտրեց մեզ հետ հայերեն խոսել.
«Ինձ Վարդավառը դուր է գալիս, ուրախ եմ, որ Հայաստանում այն մեծ շուքով են նշում: Այսօր այստեղ ընկերներիս հետ եմ, որոնք, ինչպես տեսնում եք, քեֆ են անում»,-ասաց իրանցի երիտասարդը` մատնանշելով Հանրապետության հրապարակում պարող իրանցի երիտասարդներին:
Ավելին՝ armeniasputnik.am

















