Լրահոս 24/7

ՀԱՊԿ-ի արձագանքը Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ներխուժմանը ձախողում է կառույցի համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում խոսեց նաև 2021 թվականի ընթացքում կառավարության ձախողումների մասին՝ որպես այդպիսին հիշատակելով 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատվածում: 

«Ինչո՞ւ այդ ձախողումը տեղի ունեցավ: Այս հարցի պատասխանը ստանալու համար, թերևս, տեղի ունեցածը պետք է դիտարկել դրան նախորդած մի շարք կարևոր իրադարձությունների խորապատկերում:  2021 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով, և մեր երկիրը թևակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ և միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի պետական ինստիտուտները և պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական և ետընտրական քաոսի հարուցումը, ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալը: Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր  Հայաստանի ժողովրդավարության վրա:

Բայց մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացահայտ կերպով քաղաքականության մեջ ներքաշվեց, կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով: Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ, ինքը դեռ պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդի, այլ կառավարության շենքի վրա, ի վերջո հասավ իր նպատակին եւ պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ կատարվում է սահմանին, այլ այն, ինչ կատարվում է Հանրապետության Հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Զինված ուժերի քաղաքականացումը, ներքաշումը քաղաքական ինտրիգների մեջ հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը: «Մի շարք բարձրաստիճան զինվորականների բացահայտ հայտնվելը ընդդիմադիր դաշտում՝ պաշտոնանկությունից անմիջապես հետո, հաստատում են այն վարկածները, որոնց մասին խոսել եմ հայտնի իրադարձություններից առաջ: Նրանցից շատերը այսօր ընդդիմադիր ելույթներ են ունենում, մինչդեռ իրենք են եղել անձնական պատասխանատուն մի շարք ձախողումների, որոնց համար մեղադրում են կառավարությանը:

Ամեն դեպքում, հենց բանակի երկարամյա քաղաքականացումը, նրա լիարժեք ներգրավումը կոռուպցիոն շղթաներում դարձան այն համակարգային խոցերից, որոնք մեզ կանգնեցրին աղետի առաջ: Ու նկատի ունեմ ոչ միայն ուղիղ, այլեւ հարակից էֆեկտները: Վերը նկարագրված անպատասխանատվության, քաղաքականացման եւ ընդդիմադիրացման ֆոնին է, որ ինչպես բոլորովին վերջերս պարզվեց, Հայաստանի զինված ուժերում Ադրբեջանի կողմից ձեւավորված լրտեսական ցանցեր են գործել:  Սա մենք կարող ենք ասել Ազգային անվտանգության ծառայության այս պահին իրականացրած բացահայտումների վրա հիմնվելով, որոնք արդեն լրջագույն հարցեր են առաջացնում»,- մանրամասնեց Փաշինյանը:   

Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը Փաշինյանի խոսքով՝ Զինված ուժերի և կառավարության ձախողումն է:

«Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, կարծում եմ ձախողում էր նաև կազմակերպության համար: Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ-ը մինչեւ օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի, մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչև օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակում որեւէ ձեւով այս իրավիճակը չի հասցեագրել:

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոթք-Խոզնավար հատվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետևանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները, ցավոք, միակը չեն Հայաստանի Հանրապետությունում: Դեռևս 90-ականների սկզբից  շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում և ինչպես ասել եմ՝ մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի գործունեության համատեքստում»,- եզրափակեց Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել երկրի հյուսիսային տարածքներ, չորեքշաբթի հայտնել…

12 hours ago

Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի…

12 hours ago

Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների…

13 hours ago

Ֆլորիդայում մեկ օրում կտեղա այնքան անձրև, որքան Երևանում 10 ամսում

Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս…

13 hours ago

Օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է

Թուրքական ավիաուղիներ ընկերության օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է,…

13 hours ago

Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի…

13 hours ago