Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով ապացույցների հետազոտումը։ Այս մասին հայտնում է infocom.am-ը։
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց գործում առկա փաստաթղթերը, որից հետո անցավ գաղտալսումների հրապարակմանը։ Նախքան դա Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հարց հնչեցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Թովմասյանի բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստը հաստատելու մասին, գործի նյութերում առկա չէ։ Ի պատասխան՝ դատավորն ասաց, որ եթե առկա լիներ, ինքը դա կհրապարակեր։
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին չհետազոտել Թովմասյանի բնակարանի խուզարկության արձանագրությունը՝ պատճառաբանությամբ, որ այն, թեեւ ի սկզբանե դատարանի որոշման հիման վրա է իրականացվել, սակայն հետագայում դրա դեմ բողոք է ներկայացվել, եւ Վերաքննիչ դատարանը բեկանել է խուզարկության թույլտվության որոշումը՝ այն որակելով անօրինական։ Դատարանը, այնուհանդերձ, հետազոտել էր այն՝ նշելով, որ այս փուլում չի կարող գնահատական տալ ապացույցների թույլատրելիությանը եւ դրանց անդրադառնալու է խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս։
Այդ հարցը այսօր եւս քննարկման առարկա դարձավ։ Երբ դատարանը սկսեց հետազոտել Էդուարդ Այվազյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ գաղտնալսման այդ գործընթացը առնվազն գործի նյութերում առկա ապացույցներով հիմնավոր չէ, քանի որ, ըստ նրա, անձի հեռախոսի գաղտալսումը թույլ տալու համար պարտադիր պահանջ է նրա՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվելու պայմաններից մեկը․ «Մնացած դետալները չասեմ, ինքնին ձայնագրությունը սույն գործի շրջանակում ապօրինի է եւ չի կարող քննարկման առարկա դառնալ, հետեւաբար չի կարող նաեւ ուսումնասիրվել, որպեսզի դատարանի ներքին համոզման վրա ազդեցություն չթողնի»։ Պաշտպանի համոզմամբ՝ նախագահողը չպետք է թույլ տա ապօրինի որեւէ նյութի ուսումնասիրությունը դատական նիստում, եթե այդ նյութի ապօրինիությունը հնարավոր է արձանագրել առանց դրա բուն պարունակությունը ուսումնասիրելու։
Նշենք, որ Էդուարդ Այվազյանը այն անձն է, ով սկզբնական գնորդն է եղել Բաղրամյան պողոտայում գտնվող անշարժ գույքի, որի մասին խոսվում է մեղադրական եզրակացության մեջ։ Ըստ դրա՝ Թովմասյանն ու Փանոսյանը խոչընդոտել են նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Գաղտնալսումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացության մեջ մեջբերված են հիշյալ հեռախոսային խոսակցություններից երկուսը, իսկ սկավառակի մեջ առկա է վեց ձայնագրություն․ «Ուստի եթե, այնուամենայնիվ, լսում ենք, լսենք նրանք, որոնք ներառված են մեղադրական եզրակացության մեջ»,- ասաց նա։ Դատախազ Արսեն Մարգարյանը, սակայն, հակադարձեց՝ սկավառակում առկա բոլոր ձայնագրությունները գործում ապացույց են, ուրեմն՝ պետք է հետազոտվեն․ «Իսկ թե քանի խոսակցություն է մեղադրական եզրակացության մեջ քննիչը արձանագրել, չի կարող կանխորոշիչ լինել սկավառակի պարունակությունը մասամբ լսելու համար»,- ասաց դատախազը։
Դատարանը, ամեն դեպքում, շարունակեց գաղտնալսումների հետազոտումը, որոնց պարունակությունը լիարժեք լսելի չէր, այնուհանդերձ, հասկանալի եղավ, որ կողմերը խոսում են անշարժ գույքի վաճառքի, քննչական մարմնում բացատրություններ չտալու մասին, եւ մի քանի անգամ հնչում էին «հեռախոսով ի՞նչ ասեմ», «հեռախոսով չխոսենք» արտահայտություններ։
Գաղտնալսումների հետազոտումը դարձյալ ընդհատվեց, երբ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը խնդրեց՝ դատախազները բացատրեն, թե այդ հեռախոսազրույցները ինչ կապ ունեն մեղադրանքի հետ կամ մեղադրանքի կոնկրետ որ հանգամանքին են առնչվում։ Դատախազները արձագանքի անհրաժեշտություն չտեսան, եւ դատարանը ցանկացավ շարունակել գաղտալսման հետազոտումը։ Սարգսյանը, սակայն առարկեց՝ ասելով, որ իր հարցը մնաց անպատասխան․ «Ես կարող եմ բազմաթիվ հայտարարություններ անել, ծանրաբեռնել դատական նիստը, ինչպես այս գործն է ծանրաբեռնված, բայց մենք պաշտպանական իրավունք ենք իրացնում, մեկ-երկու բառով կարելի է ասել՝ մեղադրանքի այս հատվածին է վերաբերում, որ մենք էլ իմանանք՝ ինչից ենք պաշտպանվում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «սխալ» է անվանել Սումիի վրա Ռուսաստանի կողմից Ծաղկազարդին տեղի ունեցած հարձակումը,…
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ հնչող կրակոցներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա…
Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել՝…
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…
Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Համաժողովն իրականացրել…
ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար, «Իզվեստիա» - ին տված հարցազրույցում հայտարարել…