Խմբագրի ընտրանի

Ինձ համար պետությունը և պետականությունը վեր է ամեն ինչից․ Ռ․ Պետրոսյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հատուկ հարցազրույց է տվել Թիվ 1-ին։

-Կցանկանայի խոսենք հանրային ակնկալիքից, Ձեր կարծիքով  ի՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը այս կառույցից և կառույցը իրենով ի՞նչ գործիքակազմ, ի՞նչ կաշկանդվածություններ և ի՞նչ առաքելություններ ունի։ 

-Պետական վերահսկողական ծառայությունը հենց իր մասին օրենքով և մի շարք այլ  իրավական ակտերով օժտված է վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման գործառույթներով, այսինքն՝ վարչապետի  ինստիտուտի հետ փոխկապակցված մարմին է, և քանի որ նաև վարչապետին ենթակա երեք պետական մարմիններից մեկն է, շատ դեպքերում հանրության մոտ սպասելիքները ինչ-որ առումով նաև չափազանցեցված են լինում, քանի որ վարչապետը՝ որպես անձ, և առհասարակ՝ վարչապետի ինստիտուտը ինքնին շատերի ենթագիտակցության մեջ նստած է որպես բոլոր հարցերը աներկբայորեն լուծող, բոլոր խնդիրներին լուծում տվող նաև հայեցողական` շատ հարցերում, ուստի ոչ իրավական, այլ հարթություններում լուծում փնտրող շրջանակներ պարզապես իրենց հարցը հասցնելով վարչապետին ակնկալում են անվերապահ և անմիջապես լուծումներ։

Այդ խնդիրը նաև պետական վերահսկողական ծառայությունն ունի․ և դրա մասին է նաև խոսում, օրինակ, վերջին շրջանում ստացված հանրագրերը (հանրագրերը դիմում-բողոքներն են, որ հասցեագրվում են պետական վերահսկողության ծառայությանը) դրանցում ներկայացվում են այնպիսի փաստեր այլ մարմիններից, այնպիսի դժգոհություններ,  որոնք առաջնային հասցեատերերը ժամանակին չեն լուծել, քաղաքացիները պետական տարբեր  մարմիններից իրենց խնդիրների լուծումը չստանալուց հետո դիմում են Պետական վերահսկողական ծառայությանը՝ վերջինիս լիազորությունների շրջանակներում պարտադրելու այդ մարմիններին՝ լուծելու տվյալ խնդիրը կամ պարզապես մեր ուշադրությունն են հրավիրում այդ խնդիրներին։

Այդպիսի հանրագրերի թիվը մոտավորապես կրկնապատկվել է վերջին ամիսներին՝ իմ կարգավիճակը ստանձնելուց հետո։ Եթե նախկինում առաջին եռամսյակում ունեինք 40-ից ավել հանրագիր, ապա ընթացիկ տարվա առաջին եռամսյակում դրանց թիվն 90-ից անցել է արդեն։ Մեծամասամբ խնդիրները վերաբերում են պետական կառավարման մարմիններում ինստիտուցիոնալ և օրենսդրական բացերին և դրանց հետևանքով առաջացած իրավիճակներին։ Դրանք ենթադրում են լուծումներ, որոնք ամրագրված չեն իրավական ակտերով և թողնված է օրինակ, տվյալ գերատեսչության ղեկավարի հայեցողությանը, հետևաբար՝ խնդրի լուծումը սյուբեկտիվ է լինելու, ուստի մեծապես պետք է բխի վերջինիս արժեհամակարգից, ընկալումներից կամ քաղաքական կշռից։

Այդպիսի իրավիճակներում, երբ քաղաքացու խնդիրը չի լուծվում, տվյալ փակուղային իրավիճակից դուրս գալու ելքեր սահմանված չեն՝ ստիպված արդեն պետական վերահսկողականն է միջամտում, երկու կողմից պարզաբանում ենք պահանջում, մեր իրավական ապահովման վարչությունը վերլուծում է իրավիճակը, հարցումներ ենք անում և փորձում դուրս գալ արդյունավետ լուծման։

Իսկ առհասարակ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների մասով կարող եմ ասել, որ այս պահին հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործառույթներ ենք իրականացնում պետական կառավարման մի շարք մարմիններում, տեղական ինքնակառավարման մի շարք մարմիններում, այդ թվում նաև 50% և ավելի պետական մասնաբաժին ունեցող ՓԲԸ-ներում․ դա իհարկե մեզ վերապահված է պետական վերահսկողական մասին օրենքով։

Այդ հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործառույթներն իրականացվում է Առողջապահության նախարարությունում և պետպատվերի ամենամեծ մասնաբաժին ունեցող շուրջ 10 բժշկական կենտրոններում․ դրանք մինչև սեպտեմբեր դեռ կշարունակվեն, արդեն նախնական մեկ-երկու բուժհաստատությունների տեղեկանքներն ամփոփման փուլում են և շուտով արդեն կներկայացվեն վարչապետին, ապա նաև հանրության դատին կհանձնենք։

Երևանի քաղաքապետարանի ուսումնասիրությունները արդեն վերջնականորեն ամփոփվել են ծառայությունում և ուղարկել ենք Երևանի քաղաքապետի կարծիքին, տասնօրյա ժամկետում կարծիք պիտի հայտնեն, որից հետո արդեն ամփոփենք վարչապետի մոտ։

Նաև մի շարք նախարարություններում ենք այս պահին ուսումնասիրություններ իրականացնում, քրեակատարողական ծառայություններում, էկոնոմիկայի նախարարությունում, արդարադատության նախարարության մի շարք ուղղություններով, և կարող եմ մատնանշել, որ հիմնականում խնդիրները ի հայտ են գալիս օրենսդրական բացերի հետևանքով, երկրորդը՝ պետական բյուջեի կառավարման արդյունավետության առումով  խնդիրներ կան տարբեր մարմիններում, այսինքն մենք նաև լիազորված ենք ոչ միայն պետական բյուջեի կառավարման օրինականությունը վերահսկել, այլ նաև արդյունավետությունը, և ահա արդյունավետության մասով կան որոշակի խնդիրներ, կան նաև խնդիրներ տարբեր մարմիններում ենթաօրենսդրական ակտերի, իրավական ակտերի բացի պատճառով լուծումների սուբյեկտիվ կայացման առումով, որը բերում է որոշակի խնդիրների, ապա նաև պետական շահի վնասների հասցման։

Մեր աշխատակազմով, աշխատելաոճ ենք որդեգրել, որ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում երբ տեղեկանքները կազմում և տալիս ենք և տվյալ մարմնին, ապա ներկայացնում ենք վարչապետին, ապա նաև վարչապետին առաջարկում ենք ոլորտի բարեփոխման կոնկրետ քայլեր, որոնք որ ուղղակիորեն կներազդեն տվյալ խնդիրների հետագա կանխարգելմանը, այսինքն այսօր պետական վերահսկողական ծառայությունը ոչ միայն վերահսկում է և պայքարում է այսպես ասած հետևանքների դեմ, այլ նաև մեր գորրծողություններում մենք այնպիսի բաղադրիչ ենք ներդրել, որ նաև պատճառները վերացնենք և տարիների ընթացքում ինստիտուտների զարգացմանը զուգընթաց  կոնկրետ ոլորտային, ենթաոլորտային բարեփոխումների, այդ թվում՝ նոր օրինագծերի, իրավական ակտերի ընդունմամբ մի շարք խնդիրներ լուծվեն, և այն երևույթները, որոնք վեր են հանվում մեր ուսումնասիրությունների արդյունքում տվյալ մարմիններում, հետագայում դրանց՝ արդեն օրենքով կարգավորման արդյունքում այդպիսի խնդիրներ չունենանք։

Նմանատիպ արդեն մի քանի փորձեր ունենք․ օրինակ, վերջին ամիսներին խոշորացված համայնքների մի շարք ղեկավարներ պետական գնումների միջոցով  ցանկանում են իրենց համար ձեռք բերել թանկարժեք, բարձրարժեք ամենագնաց ծառայողական մեքենաներ, օրենքի տեսակետից որևէ խնդիր չկա, որևէ օրենքով, այդ թվում՝ ՏԻՄ օրենքով սահմանափակում չկա համայնքի ղեկավարի մեքենայի չափորոշիչների առումով, իր ճաշակի ու բյուջեում եղած միջոցների շրջանակներում ցանկացած համայնքի ղեկավար կարող է ավագանու դատին ներկայացնել որոշումը, ավագանին հավանություն տա դրան, և պետգնումներով, հանրային գնումների միջոցով ձեռք բերի ցանկացած տեսակի մեքենա։

Բայց  խնդիրը այստեղ արժեքաբանական, մշակութային հարց է․ մեր համայնքներում որտեղ առկա  են խմելու ջրի խնդիր, ոռոգման ցանցի խնդիր, նախակրթական հաստատությունների վերանորգման կամ առահասարակ ի սպառ բացակայության խնդիր, ինչպես կարող է համայնքի ղեկավարը իրեն թույլ տալ ասենք 30-40 մլն դրամ արժողությամբ ամենագնաց ծառայողական մեքենա գնել։ Մենք վարչապետին առաջարկեցինք հանձնարարելու համապատասխան լիազոր մարմիններին մշակելու նման օրինագիծ և իրավակագավորում՝ լուծելու այդ հարցը, որ որևէ համայնքի ղեկավար իր ճաշակի ու եղած ֆինանսների տնօրինման իր պատկերացումների շրջանակներում նման գայթակղություններին չտրվի։

Կարող եմ ասել նաև, ՊՎԾ-ի վերջին շրջանի գործունեության արդյունքում հանրային գնումների սեկտորից բավականին թվով կանխարգելիչ գործողությունների իրականացման արդյունքում զգալի միջոցներ խնայվել են համայնքներում և պետական կառավարման մարմիններում, և մենք ամենօրյա մշտադիտարկման տակ ենք պահում հանրային գնումները։ Մեր գնումների վերահսկողության բաժնի՝ մեկ տասնյակից ավելի մասնագետներն ամենժամյա ռեժիմում հետևում են հանրային գնումների մրցույթների ընթացակարգերի օրինականությանը, և եթե ի հայտ են գալիս խտրական չափորոշիչներ կոնկրետ ծառայություն կամ գույք ձեռք բերելու գործընթացում, ապա մենք անմիջականորեն տվյալ մարմնի ղեկավարին առաջարկներ ենք հղում՝ դրանք ուղղելու, որպեսզի որևէ տնտեսվարողի շահեր չանտեսվեն, կամ ուղղորդված որևէ գնում չիրականացվի։

Այդ մշտադիտարկումերի արդյունքում վերջին  5 ամիսների պետական գնումների այդպիսի կանխարգելիչ միջոցառումների մի քանի հարյուր դրվագներ ունենք։

Մենք մշտադիտարկման տակ ենք պահում նաև վարչապետի հանձնարարականների իրականացման ընթացքը, քանի որ ՊՎԾ-ն հասանելիություն ունի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգին, վերահսկողության մեջ դա դրական դինամիկա է ապահովել։

Մենք նաև վարչապետի հանձնարարությամբ պետգնումների ոլորտին զուգահեռ՝ նաև ամենօրյա մշտադիտարկման տակ ենք պահում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հնարավոր փոխկապակցվածություն ունեցող սուբյեկտների մասնակցությունը պետական գնումներին, այդ թվում նաև ճանապարհաշինության, ասֆալտապատման աշխատանքների մեջ ներգրավված որոշ շրջանակների, և հավուր պատշաճի տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո ներկայացնել վարչապետին՝ եթե նմանատիպ սուբյեկտներ կան, և չափորոշիչների մեջ առկա կլինեն խտրական մոտեցումներ, կամ տվյալ անձով պայմանավորված հատուկ մոտեցում, ապա դա որևէ կերպ չի սպրդի վարչապետի ուշադրությունից, ես դա երաշխավորում եմ։

-Լիազորությունները ժամանակագրական ի՞նչ կտրվածքով են թույլ տալիս կառույցին ուսումնասիրելու գերատեսչությունների՝ նախկինում իրականացրած գործունեությունը։  

-Ի տարբերություն մի շարք այլ վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմինների, օրինակ՝ հաշվեքննիչ պալատ կամ մարզպետի ինստիտուտ, որը համայնքներում իրականացնում է մասնագիտական, իրավական և վարչական վերահսկողություն  երեք տարվա խորությամբ, պետական վերահսկողական ծառայությունը այդ ժամկետների մեջ որևէ կերպ սահմանափակված չէ․ դա հիմնականում ռեսուրսների համադրման խնդիր է, ենթադրենք որևէ մարմնում մեր նախնական վերլուծությունները, ռիսկերի գնահատումը թույլ է տալիս ենթադրելու, որ անհրաժեշտ է ուսումնասիրություն իրականացնել երեք տարի, ապա մենք վարչապետի համաձայնությամբ՝ հանձնարարականը բացում ենք երեք տարի հետհաշվարկով, բայց նաև կարող եմ ասել, որ դա որևէ կերպ մեզ չի սահմանափակում մշտադիտարկման ռեժիմում դիտարկել նաև 10 տարի վաղեմության կոնկրետ հարցեր։

Այդպիսի մի քանի հաղորդումներ արդեն մենք ունենք Երևանի քաղաքապետարանի ուսումնասիրության ընթացքում, դրվագային ներկայացրել ենք Դատախազություն և մի շարք Քրեական գործեր հարուցվել են՝ հողերի համայնքային սեփականության ընդլայնման, ոչ իրավաչափ, առերևույթ խախտումներով օտարումների, աճուրդների հետ կապված։

Այդ պարագայում արդեն քրեաիրավական գնահատականի և այդ ոլորտի օրենսդրությունն է սահմանում տվյալ հանցանքի կամ զանցանքի վաղեմության ժամկետները, պատժի չափը, վերականգնման ենթակա գումարների ծագման կամ հաշվառման մեխանիզմները, դա արդեն այլ օրենսդրական դաշտում այլ  մարմիններին է վերապահված, բայց կոնկրետ պետական վերահսկողական ծառայության ձեռամբ իրականացվող վերահսկողական գործառույթները ժամկետների որևէ սահմանափակում չունեն։

Վերջին հատկանշական ուսումնասիրություններից է «Շտապօգնություն» ՓԲԸ-ում իրականացված մի քանի 10-յակ ուսումնասիրությունները, որոնց արդյունքում մի քանի 10-յակ մլն դրամի վերականգնման գործընթաց իրականացավ, բայց այդտեղ ևս ոլորտային բարեփախման մեծ փաթեթի առաջարկ ենք արել լիազոր մարմնին, որը հիմա իրականացման փուլում է։

Ուսումնասիություններ են արվել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերում, և խոշոր հաշվով կարող ենք արձանագրել, որ բավականին լավ վիճակ ունենք այդ ոլորտում, բայց գյուղոլորտի զարգացման տենդենցների  տեմպերի ցուցանիշներն այդքան էլ գոհացուցիչ չենք գնահատում։

Ձեր ձևակերպումներում անընդհատ նշվում էր արժեհամակարգային  հավատարմությունն ու դրա կարևորությունը․ այդքանով հանդերձ՝  Ձեր քաղաքական ընդդիմախոսները գտնում են, որ ՊՎԾ-ն որպես ինստիտուտ ծառայում է իշխանությանը, և այդ իմաստով անվերապահ պետականամետ գործունեություն դիտարկել չի կարելի․ և մյուս կողմից էլ՝ Ձեզ ձայն տված և իր իշխանությանն ընտրած ժողովուրդը մտահոգություն ունի, որ պետական գերատեսչությունների, Ազգային ժողովի և առհասարակ պետական ինստիտուտներում սողացող հակահեղափոխություն կա, և այս իմաստով միակ հուսալի հենարանը վարչապետի և իշխանության համար տեսնում են հենց ՊՎԾ-ին, ի՞նչ գնահատական ունեք Դուք․ որքանո՞վ է ՊՎԾ-ն կայացած՝ որպես ինստիտուտ և ի՞նչ ճանապարհ է անցնում այժմ։

-ՊՎԾ մասին գործող օրենքում մենք որոշակի փոփոխություններ ենք նախատեսում, որը ավելի կհստակեցնի մեր լիազորությունները կոնկրետ ոլորտներում, նաև մեր գործունեության բովանդակային առումով որոշակի հստակեցում կմտցնի ու նաև պետական վերահսկողական մեր գործառույթները մեր բնորոշմամբ ավելի արդյունավետ կդարձնի, դա նաև ելնում է այս 5-6 ամիսների՝ մեր արդեն նոր կազմով ՊՎԾ գործունեության արդյունքում վեր հանված խնդիրներից։

Այն մերկապարանոց պնդումները, որ կարող են լինել, թե ՊՎԾ-ն կարող է քաղաքական գործիք դառնալ, ես Ձեզ կարող եմ 100%-ով երաշխավորել, որ առնվազն վերջին երկար շրջափուլում և մասնավորապես՝ իմ կառավարման շրջանում չկա որևէ ուսումնասիրություն, մշտադիտարկում, վերլուծություն ցանկացած ոլորտում, որը բխել է կամ բխեցրել ենք քաղաքական ուժի շահի կամ թիմի առաջնահերթություններից, դա ես բացառում եմ, դրա վառ ապացույցը նաև այն է, որ այս շրջանում մենք գրեթե, որևէ ՏԻՄ-ում որևէ վերահսկողական գործառույթ, բացի հանրային գնումների կանխարգելիչ գործընթացներից՝ չենք իրականացրել, և նաև վարչապետը ինքն էլ նման հանձնարարական բացարձակապես չի տվել։

Դա նաև ապացույցն է այն խոսքերիս, որ ՊՎԾ-ն գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ հանուն Հայաստանի Հանրապետության։

Դրա ապացույցը նաև այն փաստն է, որ վերջին շրջանում երևի նկատել եք, որ ես լիելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, գործող վարչության անդամ՝  քաղաքական իմ գործունեության այս շրջափուլում բավականին պասիվ եմ դիրքավորվել,  և մաքսիմում փորձում եմ քաղաքական չեզոքություն դրսևորել տարբեր հարցերի շուրջ դիրքորոշում հայտնելիս, ինձ նաև կաշկանդում է այս կարգավիճակը։

Իսկ առհասարակ՝ ՊՎԾ գործիքակազմերը սահմանված են օրենքով, մեր մասնագետները ընտրվում են քաղծառայության մասին օրենքի չափորոշիչներին համապատասխան, մի քանի ինստիտուցիոնալ ընտրություններից հետո նոր նշանակվում են, և որևէ նշանակում, կադրային ներգրավվում քաղաքական հետագծով պայմանավորելը անհեթեթություն է։ Այս պահին ես կարող եմ հպարտությամբ ասել, որ ՊՎԾ-ն պետական մարմինների շարքում, որպես վարչապետին ենթակա մարմին՝ լավագույնս արտացոլում է պետական շահի գերադամամբ օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականցման գործառույթներով։

Ինչ վերաբերում է սողացող հակահեղափոխությանը՝  չենք կարող այդպիսի դիտարկում անել, բայց հիշեցնեմ, վարչապետը դեռևս 2-2,5 տարի առաջ էր, երբ այսպիսի արտահայտություն արեց «Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը», ահա այդպիսի դիմադրություն մենք բազմաթիվ մարմիններում որտեղ իրականացնում ենք վերահսկողություն՝ հանդիպում ենք, ես կարող եմ պատվով ասել, որ ՊՎԾ-ն որևէ սողացող հակահեղափոխության, այդ թվում նաև քաղաքական պրոցեսների մաս կամ կանխարգելող գործիք չի հանդիսանում։ Այսինքն, եթե հեղափոխությունը, հակահեղափոխությունը դրանք քաղաքական գործընթացներ են, ապա ՊՎԾ-ն, ապաքաղաքական մարմին է։ 

Բայց այն մարմիններում, որտեղ իրականացնում ենք տարբեր բնույթի վերահսկողական գործառույթներ՝ բազմիցս հանդիպում են երևույթներ, որոնք որ բնորոշ էին մինչհեղափոխական իրականությանը։ Հանդիպում ենք այնպիսի գործոնների, որոնք որ կանխամտածված թե ակամա, բայց դեռևս արմատախիլ արված չեն հեղափոխությունից հետո, ու օրենքի և իրվունքի գերակայության, իրավահավասարության ապահովման հրամայականների հարթության մեջ չեն տեղավորվում, և մենք առանձնահատուկ բծախնդիր ենք նաև այդ երևույթների՝ հենց օրենքով շտկմանը, կանխարգելմանը, և բարեփոխումների այնպիսի առաջարկներ անելուն, ապա նաև այդ բարեփոխումների ընթացքին հետևելուն՝ վարչապետի անունից և լիազորմամբ, որ հետայսու նմանատիպ երևույթները իսպառ բացառվեն պետական կառավարման մարմիններում։

Ինձ համար որպես գործիչ՝ պետությունը, պետականությունը վեր է ամեն ինչից, և ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, իսկ այս կարգավիճակն ինձ համար լրացուցիչ հնարավորություն է պետական կառավարման ինստիտուտներն ամրացնելու՝ իմ լիազորությունների և քաղաքաական կամքի համադրմամբ՝ այնպիսի Հայաստան կառուցելու, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, որտեղ օրենքի և իրավունիք գերակայության համատեքստում խաղաղ, ստեղծարար կյանքի պայմաններ կապահովվեն ՀՀ քաղաքացիների համար։

Հարցազրույցը վարեց՝ Նվարդ Մելիքյանը

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

1 hour ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

2 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

2 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

3 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

3 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

3 hours ago