Պատգամավորին բացակայությունների հիմքով մանդատից զրկելու նախադեպ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ դեռ չի գրանցվել։ Նման նախաձեռնություն եղել է միայն մեկ անգամ՝ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք՝ ընդդիմադիր պայքար սկսելու մասին հայտարարած Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, սակայն ի վերջո, քաղաքականությունից առժամանակ հեռանալու «պայմանով» նրա բացակայությունները դարձան հարգելի։
8-րդ գումարման Ազգային ժողովում, հնարավոր է, մանդատներից ու խորհրդարանական պաշտոններից զրկվեն միանգամից երկուսը՝ ԱԺ փոխնախագահը և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Թեև Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը ամենաշատը բացակայածները չեն, բայց նրանք նույնպես կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել են։ Այս դեպքում, ըստ ԱԺ կանոնակարգի, ԱԺ Խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմում է Սահմանադրական դատարան (կարող են դիմել նաև պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը):
Իշխանական պատգամավորների մեկնաբանմամբ՝ նրանց ընտրությունը պայմանավորված է զբաղեցրած պաշտոնների և դրանցում պատշաճ գործունեություն չիրականացնելու, ԱԺ աշխատանքների բնականոն ընթացքը խաթարելու հանգամանքով։ Չնայած դեռ հայտնի չէ՝ Սահմանադրական դատարանն ինչ կորոշի, կամ ովքեր պետք է փոխարինեն այդ պաշտոններում, սակայն ընդդիմադիրներն արդեն մեծ աղմուկ են բարձրացրել՝ «ժողովրդից ստացած մանդատով» հիմնավորելով դրանցից զրկվելու անհնարինությունը։
Ո՞վ է ճիշտ այս դեպքում, և ո՞վ՝ սխալ։ Թերևս արդարացի կլիներ այս հարցերը դիտարկել երկու տեսանկյուններից՝ իրավական և բարոյական։ Դրանք, անշուշտ, կարող են միմյանց հակասել կամ հաստատել։ Չխորանալով իրավական եզրույթների մեջ՝ փորձենք հասկանալ, թե ի՞նչ է մանդատը. Պարզ ասած՝ աշխատանքային պայմանագիր է, որը տվյալ դեպքում կնքվել է «ձայն տված քաղաքացու» և պատգամավորի միջև։ Ընդդիմադիրների պնդմամբ՝ հենց այդ քաղաքացին էլ կարող է հետ վերցնել մանդատը (լուծել պայմանագիրը)։
Բայց շատ նուրբ կարգավորումներ կան այստեղ, որոնց մասին Իշխան Սաղաթելյանի ու Վահե Հակոբյանի կողմնակիցները դեռ չեն խոսել։ Այսպես, նույն այդ պատգամավորներն օգտվում են Աշխատանքային օրենսգրքի բոլոր արտոնություններից, համարվում են «աշխատողներ», ինչի համար նաև վարձատրվում են։
Պարտականությունների կատարումը, ինչպես նաև բացակայությունների հիմքով մանդատից զրկելը, մեծամասամբ այլ օրենքով են կանոնակարգված, բայց եթե կարելի է աշխատանքային հարաբերություններում առաջնորդվել Աշխատանքային օրենսգրքով, ուստի դրանից պետք է ստանալ այն իրավական պատասխանները, որոնք լրացնում են մանդատից զրկելու նախաձեռնության հիմքերը։
Օրինակ՝ եթե քաղաքացուն ընդդիմադիրներն իսկապես համարում են «գործատու», ուրեմն Օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիրը լուծելու հիմքերից են «… պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը, նրա նկատմամբ վստահությունը կորցնելը, երկարատև անաշխատունակությունը, ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելը»։
Իսկ եթե հասարակ քաղաքացուն կարելի է աշխատանքից հեռացնել նույնիսկ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի չներկայանալու դեպքում, ապա կես տարվա ընթացքում քվեարկության կեսից ավելիից բացակայելու դեպքում ինչո՞ւ չի կարելի, հատկապես, որ երկուսն էլ ամրագրված են օրենքներում։ Ուրեմն՝ իրավական մասում ընդդիմադիրների հիմքերը երերուն են։
Բարոյականը խիստ առնչություն ունի իրավականի հետ, բայց վերջինը մի կողմ թողնելով՝ պարզապես հիշեցնենք, որ Հայաստանի առաջ ծառացած խնդիրների, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վատ վիճակի պայմաններում որքանո՞վ է բարոյական՝ աշխատավարձ ու պարգևավճար ստանալ այլոց հաշվին՝ առանց աշխատելու։
Ընդհանրապես՝ ավելի ճիշտ կլիներ պատգամավորների գործունեության համար հստակ չափանիշներ սահմանել՝ գնահատելու նրանց արդյունավետությունն ինչպես ներքաղաքական, ներպետական հարցերում, այնպես էլ արտաքին մարտահրավերների ու հարաբերությունների համատեքստում, և ոչ թե՝ միայն բացակայությամբ, որը մեր իրականությունում հեշտությամբ կարող է դառնալ «հարգելի»։














