Լրահոս 24/7

Հակառակ ՀՀ ջանքերին՝ շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով  հանդես է եկել հայտարարությամբ:

«Հարգելի՛  պարոն նախարար, 

Հարգելի՛ գործընկերներ, 

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Զբիգնև Ռաուին ջերմ հյուրընկալության համար։ 

Ուրախ եմ լինել Լեհաստանում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում։ Այս երեք տասնամյակներն առաջընթացի, փոխադարձ վստահության և փոխըմբռնման տարիներ էին, որոնք ամուր հիմք են ապահովել միջպետական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացման ու ամրապնդման համար։

Հայ-լեհական հարաբերությունները խարսխված են մեր երկու ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության, ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացին:

Այսօր գործընկերոջս հետ ունեցած քննարկումների ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի և Լեհաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

Մենք պատրաստակամություն ենք հայտնել` քայլեր ձեռնարկելու հայ-լեհական տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ, ինչի համար ունենք շուրջ 30 փաստաթղթից կազմված ամուր իրավապայմանագրային դաշտ և աշխատանքային արդյունավետ հարթակ՝ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 7-րդ նիստը առաջիկայում նախատեսվում է անցկացնել  Երևանում: 

Իհարկե, Հայաստանի ու Լեհաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն գոհունակությամբ կարող ենք նշել, որ այդ ուղղությամբ մենք հետզհետե աճ ենք գրանցում: Հայ-լեհական տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար հեռանկարային ոլորտներ ենք համարում տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, ագրոբիզնեսը և վերականգնվող էներգետիկան: 

Մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ ենք կատարել Հայաստան-Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը և Արևելյան գործընկերության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված քայլերին։ Այս առումով Լեհաստանը՝ որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից մեկը, կարևոր դերակատար է մեզ համար, և մենք ակնկալում ենք այս ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնում:

Բնականաբար, այսօրվա մեր քննարկումների առանցքում էին տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցեր: Իհարկե, անդրադարձել ենք ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցությանը, որտեղ այժմ նախագահում է Լեհաստանը։ Պարոն Ռաուին հանգամանալից ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։

Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: 

Հարգելի՛ ներկաներ,

Ցավով պետք է արձանագրեմ, որ հակառակ Հայաստանի կողմից գործադրվող  ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական  հայտարարություններին, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունության և խաղաղության խաթարմանը։ 

Ավելին, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես քաղաքական շահարկումների գործիք։ Այս կապակցությամբ կարևոր է  մարդու իրավունքներին և մարդասիրության սկզբունքներին հավատարիմ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահության շարունակական աջակցությունը՝ այս խնդրի լուծման համար:

Անընդունելի է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, պղծմանը և ինքնության խեղաթյուրմանն ուղղված Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականությունը։ Այս առումով մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական և շարունակական արձագանքը և ընդգծում Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը մեր սկզբունքն ու ռազմավարությունն է, և հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն՝ ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի հետ միասին, կօգտագործի իր գործիքակազմում առկա մեխանիզմները` կառուցողական մթնոլորտի ապահովման ու համապարփակ խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար:

Այսքանով կեզրափակեմ խոսքս։ Հարգելի՛ պարոն Ռաու, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

13 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

31 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

46 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

1 hour ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

1 hour ago