Հայաստանի երկու ներկայացուցիչ փետրվարի 23-ից մարտի 5-ը Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում՝ Կուզբասում, մասնակցում է «Ասիայի երեխաներ» ձմեռային երկրորդ մարզական խաղերին:
Մինչև 16 տարեկան պատանիների համար նախատեսված մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հայաստանի պատվիրակության ղեկավարը ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանն է:Պաշտոնական հատվածին հաջորդել են խաղերի մասնակից 13 երկրի անվանական ներկայացումը և դրոշներով շքերթը:
Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են պատանի դահուկորդ Էդգար Բեգլարյանը և լեռնադահուկորդ Դավիթ Ներսիսյանը: Նրանց ուղեկցում են մարզիչներ Հովհաննես Սարգսյանն ու Ռոբերտ Մաղաքյանը:
2023 թվականի «Ասիայի երեխաներ» ձմեռային երկրորդ մարզական խաղերին 13 երկրի շուրջ հազար մարզիկ է մասնակցում, որոնք մրցում են 10 մարզաձևում, այդ թվում՝ դահուկավազք, արագ սահք, հոկեյ, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, գեղասահք և այլն: Մրցումների ընթացքում մեդալների 57 հավաքածու է խաղարկվում: