Ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի նաև փրկարարներին: Նախագիծն արդեն շրջանառության մեջ է, ու եթե այն օրենք դառնա, մայիսից սկսած, 3 տարի, կամավոր սկզբունքով, փրկարարները կարող են դիմել, անցնել քննություններն ու ստանալ ավելի բարձր՝ գրեթե կրկնապատիկ աշխատավարձ: Ներքին գործերի նախարարությունում նկատում են՝ սա լավ հնարավորություն է ստուգելու ծառայողների պատրաստվածության աստիճանը՝ նրանց տալով ավելի բարձր սոցիալական երաշխիքներ:
Ինչպես ոստիկանությունում, այնպես էլ այս դեպքում փրկարարներին կտրվի մեկ անգամ վերապատրաստում անցնելու հնարավորություն: Կարճատև կուրսերը կսկսվեն 2024-ի հունվարի մեկից: Օգտվել դրանից թե ոչ՝ Սարգսյանն ասում է, ծառայողն ինքն է որոշելու: Բայց եթե երեք տարում ատեստացիա չանցնի, հրաժեշտ կտա համակարգին: Նախագիծն առանձին կարգավորում է նախատեսում նաև հղի կամ ֆիզարձակուրդում գտնվող փրկարար կանանց համար:
Ատեստացիան չի վերաբերի, սակայն, ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի փրկարար ծառայողներին: Փոխնախարարը բացատրում է՝ նպատակ կա միավորելու ոստիկանության կրթահամալիրն ու ԱԻՆ ակադեմիան, նախագիծն արդեն շրջանառվում է: Արփինե Սարգսյանի խոսքով՝ այդ միասնական ուսումնական հաստատությունում պետք է լինեն ավելի շատ քաղաքացիական ծառայողները, հետևաբար նրանց հարցում հետագայում կունենան առանձին կարգավորում:

















