Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը դիմել է միջազգային հանրությանը՝ հորդորելով շարունակել ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ»,- այս մասին գրել է Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել որևէ մեկի հետ։ Ես կրկին հիշեցնում եմ, որ ոչ մի ներքին հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ պետություններ չեն զբաղվել։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան տասնամյակներ շարունակ բանակցել են այդ հարցի շուրջ: Այժմ ԵՄ-ն նույնպես զբաղվում է այդ գործով։
Ուստի Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ»,-շեշտել է նա:
Մարուքյանը հիշեցրել է, որ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները 70 տարուց ավելի ներքին խնդիր չէին համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, քանի որ միջազգային հանրությունը դասեր է քաղել ավերիչ համաշխարհային պատերազմից, և որ որևէ բռնապետի կամ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի չի կարելի թույլ տալ մարդու իրավունքների զանգվածային խախտումներ իրականացնել:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է էթնիկ զտումների վտանգի առաջ:
Այսպիսով, միջազգային հանրությունը պետք է շարունակի ջանքեր գործադրել հարցի խաղաղ կարգավորման համար, ինչպես նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների միջև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ»,-եզրափակել է Էդմոն Մարուքյանը: