Գլխավոր
13.07.2023

Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն. վարչապետ

Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը և այլ հարցերի:

Մասնավորապես, վարչապետը նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,

Արդարադատության միջազգային դատարանը նախորդ շաբաթ կարևոր որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա դատարանը վերահաստատել է սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով: Նման որոշմամբ դատարանը փաստորեն արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել սույն թվականի փետրվարի 22-ի որոշումը, հակառակ դեպքում այդ նախորդ որոշումը վերահաստատելու անհրաժեշտություն չէր առաջանա:

Սա կարևոր նրբություն է: Հուլիսի 6-ի որոշման 28-րդ կետում դատարանը հիշատակելով հայկական կողմից իրեն փոխանցված տեղեկատվությունը, որ այսպես կոչված բնապահպանների ակցիա այլևս տեղի չի ունենում, բայց հիմա էլ Լաչինի միջանցքով տեղաշարժն ընդհատված է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման պատճառով, արձանագրել է, որ հարցի էությունը սրանից չի փոխվում, որովհետև Լաչինի միջանցքով տեղաշարժի ընդհատման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայերի համար նույնն են, ինչ 2022թ. փետրվարին, հետևաբար, դատարանի մոտեցումը և իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը նույնպես մնում են նույնը:

Այնուամենայնիվ, դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան, որովհետև եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել և դա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա արդեն Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի բացառապես պետական կառույցների գործողությունների պատճառով: Եվ հետևաբար, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում, էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի համար:

Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունն, այնուամենայնիվ, շարունակվում է, և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով: Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն:

Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում և կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը: Ես միայն անդրադառնամ հետևյալ հանգամանքին. Եյլիի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնը հրապարակել է 2022թ. աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշային աղյուսակը: Վարկանիշային աղյուսակը չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից, հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշների և 10 կատեգորիաների վրա, որոնք շրջակա միջավայրի պահպանության հարցերին անդրադառնում են էկո համակարգի կենսունակության, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխմանը հակազդելու, բնակչության առողջական վիճակի, շրջակա միջավայրի տնտեսական գործունեության ծանրաբեռնվածության տեսանկյունից, ինչպես նաև չափում են պետական քաղաքականության արդյունավետությունը բնապահպանության ոլորտում: Եվ ահա 2022թ. վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ:

Թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերության կազմակերպման գործում Հայաստանի Հանրապետության առաջխաղացումներն ու ձեռքբերումները արտահայտված են նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության հրապարակումներում:

Վերադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի թեմային, ընդգծեմ, որ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար: Այս առումով, չափազանց կարևոր է նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցների,

Սիրելի ժողովուրդ,

Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը: Այդ մասին տարածվել է հաղորդագրություն:

Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ: Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը, հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում:

Շնորհակալություն»:

Լրահոս
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
12:16
Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
12:04
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
11:54
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
11:30
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին