Հայաստանը գործով ապացուցել է, որ կառավարությունը և ժողովրդն ունեն իրական կամք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Հայաստանի կառավարությունը համոզված է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կարող է գլոբալ զգալի օգուտներ բերել։
Ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, որը վերջին չորս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափերով և տարբեր մայրաքաղաքներում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումների շարքից վերջինն է:
«Չնայած խաղաղության համաձայնագրի ուրվագծերը ձևավորվում են, այն իրականություն դարձնելու համար դեռևս էական խոչընդոտներ կան: Տասնամյա այս խոչընդոտների հաղթահարումը հնարավոր կլինի միայն գործընկերների ամուր աջակցությամբ, ովքեր իսկապես հավատում են խաղաղությանը Հարավային Կովկասում»,-նշել է Փաշինյանը:
Նրա պնդմամբ՝ այս պահին խաղաղության ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են Լեռնային Ղարաբաղի շուրջ, մասնավորապես Լաչինի միջանցքում ու նաև Հայաստանի սահմաններում։ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայությանը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի կողմից խստորեն սահմանափակվել է մուտքը միջանցք՝ բնապահպանական բողոքի կեղծ պատրվակով։
Այժմ Բաքուն ավելի հեռուն է գնացել՝ միջանցքի մուտքի մոտ սահմանային անցակետ տեղադրելով՝ ընդհուպ խոչընդոտելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Սա նշանակում է, որ սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը մեծապես խաթարված է։ Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Եվրոպական խորհրդարանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը և այլ ազդեցիկ կառույցներ նախազգուշացրել են զարգացող հումանիտար ճգնաժամի մասին:
Հայաստանը խորապես գնահատում է ԵՄ-ի միջնորդական և օժանդակող ջանքերը, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը։ Սա, ըստ Փաշինյանի, կենսական խնդիր է Ադրբեջանի հետ մեր միջազգային սահմանի մոնիտորինգի, տեղում կայունության բարձրացման և սահմանամերձ շրջաններում ապրողների հետ վստահության ամրապնդման գործում: Սրանք սկզբունքներ են, որոնք առանցքային են Հայաստանի ինքնության համար։
Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը գիտակցաբար հետամուտ են եղել քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ պաշտպանելու մարդու իրավունքները, ամրապնդելու օրենքի գերակայությունը, լրատվամիջոցների ազատությունը և պայքարելու կոռուպցիայի դեմ: Միջազգային վարկանիշային աղյուսակում Հայաստանի առաջընթացը արտացոլում է մեր ձեռքբերումներն ու վճռականությունը, և ԵՄ աջակցությունն այս գործընթացներում շատ գնահատելի է։ «Ժողովրդավարական ապագայի հանդեպ այս անսասան հանձնառությունն օգնեց հայ ժողովրդին դիմանալ դժվար ժամանակներում: Մենք կշարունակենք այդ հանձնառությունը, քանի որ ձգտում ենք կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում:
Հենց հիմա կա նման համաձայնության հասնելու հնարավորությունների պատուհան։ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է այս գործընթացին և նշանակալի քայլեր է ձեռնարկել դրան հասնելու համար։ Այժմ մեզ անհրաժեշտ է Եվրոպայի և գործընկերների աջակցությունն ամբողջ աշխարհում՝ ապահովելու համար, որ Ադրբեջանը նույնպես կատարի իր պարտավորությունները: Եթե հաջողության հասնենք, ապա կայուն խաղաղության համաձայնագիրը կարող է իսկապես գլոբալ օգուտներ բերել»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։














