Categories: Հայաստան

Վարչապետը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի փոխնահանգապետի և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Այցը մեկնարկել է Լոս Անջելես քաղաքից։

Հայաստանի վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։

Վարչապետի առաջին հանդիպումը Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ էր։ Տիկին Կունալակիսը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ և, կարևորելով այցի մեկնարկը Կալիֆորնիա նահանգից, նշել, որ այն կնպաստի Հայաստան-Կալիֆորնիա գործընկերության զարգացմանը։ Կալիֆորնիայի փոխնահանգապետը, օգտվելով առիթից, շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակի և Հայաստանը ժողովրդավարության ճանապարհով առաջնորդելու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ աշխարհում ժողովրդավարության այսօրվա մարտահրավերների պարագայում թավշյա հեղափոխությունը ժողովրդավարության վառ վկայություն է և օրինակ։

Շնորհակալություն հայտնելով Կալիֆորնիայի փոխնահանգապետին ջերմ ընդունելության և գնահատականների համար՝ վարչապետը նշել է, որ ուրախ է գտնվել Կալիֆորնիայում, որտեղ ապրում և արարում է հայկական սփյուռքի ամենամեծաթիվ համայնքներից մեկը։ «Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր ժողովրդավարությունը տնտեսապես, և համագործակցությունը մեր ժողովրդավար գործընկերների, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնպաստի մեր նպատակների իրականացմանը», – ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետի խոսքով՝ Կալիֆորնիան ԱՄՆ առավել նորարարական տնտեսություն ունեցող նահանգներից է, տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումների առումով համաշխարհային առաջատար դիրքեր է զբաղեցնում, և Հայաստանը՝ որպես տեխնոլոգիաների ոլորտը առաջնահերթությունը սահմանած երկիր, մեծապես կարևորում է Կալիֆորնիայի հետ համագործակցության խորացումը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Նյու Յորքում Կալիֆորնիայի նահանգապետի հետ նախատեսվող հանդիպումը, որի շրջանակում համաձայնագրի, ինչպես նաև ԱՄՆ այցի ընթացքում նախատեսվող մյուս փաստաթղթերի ստորագրումը լավ հիմք են հայ-ամերիկյան գործընկերությունը խորացնելու համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել վարչապետի՝ Սիլիկոնյան հովիտ նախատեսվող այցի, ժողովրդավարության զարգացման, Հայաստանի տնտեսական առաջընթացի, տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։ Կալիֆորնիայի փոխնահանգապետը նշել է, որ վերջերս այցելել է Հայաստան, եղել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում և տպավորված է իր այցելության արդյունքներով։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ Թումոն Հայաստանի բրենդն է, որը տարածվելու է ամբողջ աշխարհում. վերջերս Թումո կենտրոն է բացվել Փարիզում, նախատեսվում է նաև Մոսկվայում, Բեռլինում և այլ քաղաքներում։

Հայաստանի վարչապետը նաև երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, Ցեղասպանության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ ներդրվող ջանքերի համար։

* * *

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լոս Անջելես մարզի կառավարիչ Քեթրին Բարգերի, նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քեթրին Բարգերը և Էնթոնի Պորտանտինոն ողջունել են Հայաստանի վարչապետի այցը Կալիֆորնիա և Լոս Անջելես, որը լավ հնարավորություն է համագործակցության խորացնման հեռանկարները քննարկելու համար։ Նրանք ընդգծել են՝ Լոս Անջելեսի հայ համայնքը կարևոր դերակատարություն ունի տեղի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում, և քաղաքային իշխանությունները հետաքրքրված են Հայաստանի հետ գործընկերությունը սերտացնելու հարցում։

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո բռնել է ժողովրդավարությամբ առաջ շարժվելու, բարեփոխումներ իրականացնելու ուղին, և այս առումով ԱՄՆ-ի՝ որպես ժողովրդավարության առաջամարտիկ երկրներից մեկի փորձը, աջակցությունն այդ բարեփոխումներին մեծ կարևորություն ունի։

Քաղաքային խորհրդի անդամները ողջունել են Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին Լոս Անջելեսի քաղաքապետարանում և նշել, որ պատրաստակամ են կիսվել փորձով, աջակցել Հայաստանին ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։ Վարչապետը նաև շրջայց է կատարել Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքում, ծանոթացել շենքի ճարտարապետությանը և պատմությանը։

editors

Recent Posts

Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում քրդերի օբյեկտներին

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։…

7 mins ago

Կենդանիների բակային մորթն արգելված է

ՀՀ ՍԱՏՄ-ից հիշեցնում են, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» կատարելու մասին» օրենքի, ՀՀ…

19 mins ago

Շատ հիվանդանոց ունենալը դեռ չի նշանակում լավ առողջապահություն

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նկատել է, որ շատ հիվանդանոց ունենալը դեռ չի նշանակում…

39 mins ago

Աշխատանքային գրքույկ ունենալու կարիք այլևս չկա, թվայնացվում է

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսալսողական…

41 mins ago

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների՝ ՀՀ մուտքը կխստացվի

Հայաստան միգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման համար կխստացվի Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի…

53 mins ago

ՏՏ ոլորտի աջակցության մեծ փաթեթ՝ 7 տարվա համար

ՀՀ կառավարությունը պետական աջակցության ծրագիր է առաջարկում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին։ «Առաջարկում ենք պետական աջակցության…

1 hour ago