Փետրվարի վերջին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամները տեսակցել են կեղծ մեղադրանքներով ձերբակալած ու Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ղեկավարներին և պաշտոնյաներին։ Այս մասին Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է ԱՊԱ-ի հարցին ի պատասխան։
Ըստ տեղեկությունների, նրանց հետ անհատական հանդիպումներ են եղել, և յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել շփվել իրենց ընտանիքների հետ։
«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, նման այցելությունների ընթացքում գնահատում է ձերբակալվածների պահման պայմանները և վերաբերմունքը: ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում անհատների համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապ պահել իրենց ընտանիքների հետ: ԿԽՄԿ-ի ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն ձերբակալող կողմի հետ»,- նշել է Հուսեյնովան։