Գլխավոր
25.03.2024

«Մենք դարեր շարունակ համագործակցել ենք և եղբայրական հարաբերություններ ունեցել». Կոբախիձե

«Մենք դարեր շարունակ համագործակցել ենք և եղբայրական հարաբերություններ ունեցել». Կոբախիձե

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է.

«Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հարգելի՛ ներկաներ,

Ուրախ եմ առաջին անգամ Հայաստանում հյուրընկալել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ցանկանում եմ մեկ անգամ ևս՝ արդեն դեմ առ դեմ, սրտանց շնորհավորել գործընկերոջս՝ Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով: Վստահ եմ, որ պարոն Կոբախիձեն իր հոգատար հետևողականությամբ լուրջ ներդրում կունենա Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների խորացման գործում:

Գիտեք, որ ս/թ հունվարի 26-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, որը հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր և անհրաժեշտ քայլերը։ Ուզում եմ ընդգծել, որ այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները:

Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանում կայունություն և փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից:

Ինչպես գիտեք, նախորդ տարեվերջին Վրաստանը ձեռք բերեց ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև՝ Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետությունը սատարել և սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին:

Այսօրվա հանդիպման ընթացքում գործընկերոջս եմ ներկայացրել նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ մեր ընկալումներն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումները և ընթացիկ վիճակը: Վերահաստատել եմ, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը: Ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները:

Ընդգծել եմ, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ արդեն իսկ հայտնի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում համաձայնեցված 3 սկզբունքների հիման վրա, այն է՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացում նույն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության հարգման սկզբունքների շրջանակներում տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ ապահովելով հավասարություն և փոխադարձություն: Վերջինի կապակցությամբ կարծում ենք, որ Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պիտի դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը։ Մենք գիտենք և տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ, այլև գործուն քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին:

Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,

Ամփոփելով՝ ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել՝ ձեռք բերածով չբավարարվելու և երկու երկրների հարաբերություններում նոր հորիզոններ բացելու համար:

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ Երևանում և շնորհակալություն եմ հայտնում այսօրվա արդյունավետ քննարկումների համար»:

Իր հերթին Իրակլի Կոբախիձեն նշել է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներին:

Վարչապետի պաշտոնում իմ նշանակումից ի վեր՝ ես առաջին հերթին շատ վաղ այցելել եմ Հայաստանի Հանրապետություն: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության, բարեկամության համար: Պետք է ասեմ նաև, որ մենք դարեր շարունակ համագործակցել ենք և եղբայրական հարաբերություններ ունեցել, ստորագրել ենք Համագործակցության հռչակագիր և էլ ավելի բարձր մակարդակի ենք բարձրացրել մեր հարաբերությունները: Նպատակն է՝ խորացնել համագործակցությունը, աջակցել խաղաղությանն ու կայունությանը, և այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգերի վրա, արտահայտում է մեր աջակցությունն այդ արժեքներին: Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունը իմ գործընկեր՝ վարչապետ պարոն Փաշինյանին, ով աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն: Ես ևս առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և կիսում եմ իմ գործընկերոջ կարծիքն առ այն, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են:

Մենք, իհարկե, խոսեցինք տարբեր ոլորտներում համագործակցության մասին՝ տարբեր ձևաչափերով: Քաղաքականության մակարդակով՝ տրանսպորտ, էկոնոմիկա, զբոսաշրջություն, այս բոլոր ուղղություններով մեր գործընկերությունն էլ ավելի կխորացվի, էլ ավելի կզարգանա, դա շատ կարևոր է:

Մենք նաև խոսել ենք տարածաշրջանային զարգացումների մասին, ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանի առկա մարտահրավերների դեմ: Վրաստանն աջակցում է կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին Հարավային Կովկասում, և մենք իսկապես հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և շոշափելի համաձայնագիր կլինի: Վրաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին և նպաստել խաղաղության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում:

Պարոն վարչապետ, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար, և ուրախ եմ Ձեզ Վրաստան հրավիրելու առիթի համար: Մենք այս մասին խոսել ենք մեր հանդիպման ժամանակ:

Մենք բարձր մակարդակի երկկողմ այցեր ենք ունենում, սա շատ կարևոր է, և պետք է այս մոտեցումը, միտումը պահպանենք՝ ի նպաստ մեր գործընկերության բարձր մակարդակի ամրապնդման: Մեր նպատակն է զարգացնել և ամրապնդել մեր երկրները, մեր երկրների միջև համագործակցությունը, և այդ համագործակցությունը շատ կարևոր է: Շնորհակալություն»:

Լրահոս
Մոսկվան Ադրբեջանի կողմից իրեն հասցվող վնասը մտադիր է վերականգնել Հայաստանի քաղաքացու հաշվին
17:02
Մոսկվան Ադրբեջանի կողմից իրեն հասցվող վնասը մտադիր է վերականգնել Հայաստանի քաղաքացու հաշվին
Սա իշխանությունների պայքարն է՝ ընդդեմ ազատ խոսքի. ArmatMedia-ի գլխավոր խմբագիր
16:51
Սա իշխանությունների պայքարն է՝ ընդդեմ ազատ խոսքի. ArmatMedia-ի գլխավոր խմբագիր
Մենք կհաղթենք Իրանին կա՛մ թղթի վրա, կա՛մ ռազմական ճանապարհով․ Թրամփ
16:33
Մենք կհաղթենք Իրանին կա՛մ թղթի վրա, կա՛մ ռազմական ճանապարհով․ Թրամփ
Ռուսաստանի աջակցությամբ Ղարաբաղում ադրբեջանցի երեխաների համար մանկապարտեզ է կառուցվում. Գալուզին
16:19
Ռուսաստանի աջակցությամբ Ղարաբաղում ադրբեջանցի երեխաների համար մանկապարտեզ է կառուցվում. Գալուզին
Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի ստորաբաժանումներ է տեղակայել
16:05
Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի ստորաբաժանումներ է տեղակայել
Նիկոլի ստեղծած պրոբլեմը ես ի վիճակի եմ լուծել մեկ օրում. Ռոբերտ Քոչարյան
15:38
Նիկոլի ստեղծած պրոբլեմը ես ի վիճակի եմ լուծել մեկ օրում. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
15:18
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նիկո՛լ, դու ենթարկվելու ես պատասխանատվության. Լևոն Քոչարյան
14:46
Նիկո՛լ, դու ենթարկվելու ես պատասխանատվության. Լևոն Քոչարյան
Մենք պետք է ատելության մթնոլորտը վերացնենք այս երկրից. Սամվել Կարապետյան
14:29
Մենք պետք է ատելության մթնոլորտը վերացնենք այս երկրից. Սամվել Կարապետյան
Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ գործունեությանը. Պեսկով
14:13
Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ գործունեությանը. Պեսկով
Հայկական կապիտալը հոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության գրպանները․ Փաշինյան
14:03
Հայկական կապիտալը հոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության գրպանները․ Փաշինյան
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
13:50
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Music Through Centuries» մշակութային իրադարձությունը
13:22
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Music Through Centuries» մշակութային իրադարձությունը
Ուրեմն դու ոչ թե միության անդամ ես, այլ գերի. Բաբաջանյան
13:10
Ուրեմն դու ոչ թե միության անդամ ես, այլ գերի. Բաբաջանյան
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
12:52
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ