Կրեմլը վաղաժամ է համարում գնահատական տալ ուրբաթ Բրյուսելում մեկնարկած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ։
«Մենք դեռ չգիտենք այդ հանդիպման ամբողջական օրակարգը: Թեև կան որոշակի հաղորդագրություններ այդ հարցի վերաբերյալ: Դե, սպասենք որոշ հայտարարությունների»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան կցանկանար իմանալ հայկական կողմի հայտարարած օրակարգի՝ եվրատլանտյան ինտեգրման խորացման մանրամասները:
«Մենք չենք տեսել կամ լսել, թե ինչ նկատի ունի կողմերից մեկը՝ Հայաստանը, հայտարարելով եվրատլանտյան ինտեգրման թեմայի քննարկման մասին. առայժմ մենք ելնում ենք դրանից», – հավելել է Պեսկովը։