

Ադրբեջանի թալիշների Հանրային խորհրդի վարչության անդամ Խիլալ Մամեդովը «Թուրան» գործակալությանը հայտնել է, որ հունվարի 22-ին Պետական անվտանգության ծառայության Բաքու քաղաքի Նիզամիի շրջանի աշխատակիցներն իրեն ծանուցագիր են փոխանցել, որ հունվարի 23-ի ժամը 09:30-ին պարտավոր է ներկայանալ նշված գերատեսչության Քննչական գլխավոր վարչություն:
Ըստ ծանուցագրի՝ Մամեդովը հարցաքննությանն է հրավիրվում «մի քրեական գործի շրջանակներում՝ որպես վկա»: Խոսքն ի՞նչ քրեական գործի մասին է՝ ծանուցագրում նշված չէ: Մամեդովը ենթադրել է, որ իրեն հարցաքննության են կանչում թալիշ գիտնական Իգբալ Աբիլովի գործով:
Վերջինս, թեեւ հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացի, բայց ավելի քան տասը տարի բնակվել է Մինսկում, որտեղ ավարտել է համալսարանը եւ ստացել արեւելագետի մասնագիտություն: Աբիլովը Մինսկի համալսարանի ասպիրանտուրայում պատրաստվում էր թեկնածուական թեզի պաշտպանության:
Անցյալ տարվա ամռանը նա այցելել է Լենքորանի շրջանում ապրող ծնողներին եւ հարազատներին, մասնակցել հորեղբոր որդու հարսանյաց հանդեսին: Աբիլովը Բաքվի «Հեյդար Ալիեւ» միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Մինսկի ՝վերթի օդանավի թռիչքից րոպեներ առաջ, երբ անցել էր սահմանային եւ մաքսային ստուգումները: Նույն օրը դատարանը նրան կալանավորել է:
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը նրան երկու մեղադրանք է առաջադրել՝ պետական դավաճանություն եւ ազգամիջյան թշնամանքի ու անջատողականության հրահրում: Ըստ Աբիլովի պաշտպանների՝ որպես պետական դավաճանության ապացույց վկայակոչվում են նրա հեռավար կապը Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ: Աբիլովը Ոսկանյանի հետ քննարկել է թալիշներ պատմությանը, լեզվին, մշակույթին վերաբերող հարցեր:
Ինչ վերաբերում է ազգամիջյան թշնամանքի եւ անջատողականության հրահրմանը, ապա հետաքննության մարմինը վկայակոչում է բելառուսական, ռուսաստանյան եւ արեւմտյան մամուլում նրա հոդվածները, որոնցում հեղինակը թալիշներին ներկայացրել է որպես իրանական ծագման, հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող առանձին էթնիկ ինքնության կրողներ:
Պետական անվտանգության ծառայության կողմից վկայի կարգավիճակով հարցաքննության կանչված Խիլալ Մամեդովը տեղյակ է, որ նույն օրը «հրավիրված է» նաեւ Իգբալ Աբիլովի հորեղբայրը: Դա նրան հիմք է տալիս պնդելու, որ ինքը նույնպես հարցաքննվելու է Աբիլովի «պետական դավաճանության» գործի շրջանակներում:
Մամեդովն Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերությունների դառը փորձ ունի: Ժամանակին նա խմբագրել է «Թալիշական ձայն» թերթը եւ դատապարտվել հինգ տարվա ազատազրկման: Նրան ներկայացվել է նույն՝ «ազգամիջյան թշնամանք եւ անջատողականություն հրահրելու» մեղադրանքը: Երեք տարի Մամեդովը կրել է պատիժը, ապա արժանացել ներման եւ ազատ արձակվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը ճանաչել է ապօրինի:
Խիլալ Մամեդովը հանդիսանում է կալանավորված թալիշ երիտասարդ գիտնական Իգբալ մամեդովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավարը: Ի պաշտպանություն Աբիլովի նա սոցցանցային ստորագրահավաք է կազմակերպել, հեղինակել միջազգային իրավապաշտպան կառույցներին հղված հանրագրեր:
Ակնհայտ է, որ Պետական անվտանգության ծառայությունը նրան ոչ թե գործով հանգամանքներ պարզելու համար է «հրավիրում», այլ՝ ճնշում գործադրելու, որպեսզի հրաժարվի Աբիլովի հանրային պաշտպանության շարժման ղեկավարությունից: Հակառակ դեպքում նրան կառաջադրեն «պետական դավաճանին աջակցելու» մեղադրանք եւ կկալանավորեն:
Ի՞նչ տարբերակ կընտրի Խիլալ Մամեդովը՝ իր անձնական որոշումն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները, իսկ թալիշները՝ հատկապես, ենթարկվում է խտրական վերաբերմունքի, իսկ ով այդ մասին բարձրաձայնում է, անմիջապես ենթարկվում է բռնությունների եւ քրեական հետապնդումների:
Անկախությունից ի վեր Ադրբեջանի իշխանություններին, սակայն, հաջողվել է գործի դնել քարոզչական եւ կոռուպցիոն կապեր եւ որոշակի տպավորություն ստեղծել, թե այդ երկրում տարբեր դավանանքի, մշակույթի, լեզվի կրողները համերաշխ ապրում են: Այդ նպատակի համար հատկապես Իլհամ Ալիեւի նախագահության տարիներին հսկայական միջոցներ են ծախսվել, ներգրավվել են նաեւ կրոնական եւ մշակութային հեղինակավոր հաստատություններ:
Իրականությունը, սակայն, այն է, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչն «իրավահավասար քաղաքացի է» այնքան, քանի դեռ չի հիշեցնում իր էթնիկական ծագումը, չի պայքարում մայրենի լեզվով կրթություն ստանալու, թերթ եւ գիրք հրատարակելու իրավունքի համար: Նման առաջին իսկ փորձը պատժվում է: Եւ հաճախ այդ պատիժն իրականացնելու գործում Ալիեւին աջակցում են այլ պետությունների առաջնորդներ: Ամենացայտուն օրինակը թալիշ հանրային գործիչ Աբասզադեի արտահանձնումն էր, որ տեղի ունեցավ Ռուսաստանի իշխանությունների համաձայնությամբ: Բաքվում նա դատվեց եւ սպանվեց բանտում:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…